News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2017թ.-ին Վայոց ձորում արձանագրվել է հանցագործության 240 դեպք, նախորդ տարվա 177 դեպքի դիմաց: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Վայոց ձորի դատախազ Նաիրի Ավագյանը՝ ամփոփելով նախորդ տարին:

2017թ. նախորդ տարվա համեմատ հանցագործությունների ընդհանուր դինամիկան ինչպես կգնահատեք:

2017 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրվել է հանցագործության 240 դեպք` նախորդ տարվա 177 դեպքի դիմաց: Բացահայտումը կազմել է 94.2 %, նախորդ տարվա 95.5%-ի դիմաց. բացահայտման համեմատաբար ցածր ցուցանիշը պայմանավորված է բացահայտման տոկոսում հաշվվող ընդամենը մի քանի  դեպքերի /կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու 2 դեպքի,  թմրամիջոցի իրացման 1 դեպքի, շինություն ապօրինի մուտք գործելով կատարված անձնական գույքի գողության 3 դեպքերի/ չբացահայտմամբ: Նկատի ունենալով մարզում հանցավորության ցածր մակարդակը, թեկուզեւ 1-2 դեպքերի /օրինակ, 2016 թվականին կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու դեպք չէր գրանցվել/ արձանագրումն ու չբացահայտումն էական ազդեցություն է ունենում բացահայտման տոկոսի վրա:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների բացարձակ թիվն աճել է 63-ով կամ 35.6 %-ով:

2017թ. ընթացքում մարզի տարածքում 51 դեպքով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված, 24 դեպքով` սեփականության, 7 դեպքով` պետական իշխանության, իսկ 2 դեպքով` հասարակական կարգի, հասարակական անվտանգության եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:

Չնայած այդ բնույթի հանցագործությունների դեպքերի աճին` 17 դեպքով, նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները:

Թեեւ արձանագրվել է վերը նշված հանցագործությունների դեպքերի աճ, սակայն դա չի կարող վկայել մարզում քրեածին վիճակի վատթարացման մասին: Բանն այն է, որ 2017 թվականի ընթացքում քննված եւ դատարան ուղարկված հիմնականում կոռուպցիոն բնույթի գործերով քննությամբ բացահայտվել են նախորդ տարիներին կատարված տնտեսական բնույթի մի շարք համասեռ հանցագործությունների դեպքեր /փաստաթղթերի կեղծում, առեւտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում/, ինչն ազդել է հանցավորության շարժընթացի աճի վրա: Դինամիկայի աճին նպաստող մյուս գործոնը պայմանավորված է եղել հաշվետու տարվա դեկտեմբերին նույն անձի կողմից ավտոմեքենաներից կատարված մարտկոցների 17 դրվագ գողություններով:

Կցանկանայի ավելացնել նաեւ, որ 2017 թվականի ընթացքում լուծվեց մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն ունեցող մի կարեւոր խնդիր. 2017թ. դեկտեմբերի 1-ից, ի վերջո, մարզում համալրվեց ախտաբան-անատոմի՝ երկար տարիներ թափուր մնացած հաստիքը, եւ արդեն իրականացվում են ախտաբանաանատոմիական հերձումներ: Սա մեծապես նպաստելու է հատկապես բռնի մահվան դեպքերն ի հայտ բերելուն, դրանք թաքցնելու հավանականության բացառմանը կամ նվազմանը:

Պետք է նշեմ նաեւ, որ պայմանավորված աշխարհագրական դիրքով` մարզի տարածքով միջպետական ճանապարհի առկայությամբ, մարզի դատախազության կողմից առանձին ուշադրության են արժանանում ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող պատճառները, պարբերաբար վեր են հանվում վթարայնության տեսանկյունից առավել վտանգավոր հատվածները, կատարված դեպքերի ժամանակը, վթարների հանգեցրած ՃԵԿ-ի հիմնական խախտումները:

Այդ կապակցությամբ հաղորդումներ են ուղարկվում Ճանապարհային ոստիկանության` մարզի տարածքը սպասարկող ստորաբաժանում եւ խնդիր է դրվում ծառայությունը կազմակերպելիս ու իրականացնելիս հաշվի առնել վեր հանված ընդհանրություններն ու օրինաչափությունները:

Այդ ուղղությամբ հետեւողականորեն տարվող աշխատանքները հանգեցրել են մարզի տարածքում մահվան ելքով վթարների էական նվազմանը /եթե 2014-2015 թվականներին արձանագրվել է նման 7-6, ապա 2016 թվականին արձանագրվել էր 4, իսկ 2017 թվականին` արդեն 3 դեպք/:

Ինչպիսին է դինամիկան ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների առումով: Ինչպիսին է բացահայտման մակարդակը:

Հաշվի առնելով մարզի  ազգաբնակչության մենթալիտետը, օրինապահ վարքագիծը եւ տարածքային առանձնահատկությունները` գոհունակությամբ պետք է նշել, որ ոչ միայն 2017 թվականին, այլ տարիներ շարունակ մարզի տարածքում կամ չեն արձանագրվում, կամ արձանագրվում է առանձնապես ծանր հանցագործության 1, առավելագույնը` 2 դեպք: 2017 թվականի ընթացքում նախորդ տարվա պես  արձանագրվել է այդպիսի 1 դեպք:

Խոսքը վերաբերվում է մարզում մեծ հնչեղություն ստացած Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու վերաբերյալ դեպքի առթիվ քննվող քրեական գործին: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված սպանությունը կատարելու համար Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել տուժողի` նախկինում սպանության փորձ կատարելու համար դատապարտված, «անձի օրգանական խանգարում» հոգեկան հիվանդությամբ տառապող հարեւանին: Քրեական գործի նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է, ձեռնարկվում են միջոցառումներ հանցանքն ամբողջությամբ բացահայտելու, մեղավոր անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է ծանր հանցագործություններին, ապա ասեմ, որ մարզում դրանք նույնպես մեծ տեսակարար կշիռ չունեն, ավելին, 2017թ.-ին այդ բնույթի հանցագործությունների թիվն էականորեն նվազել է` նախորդ տարվա 16 դեպքից հասնելով 10-ի:

2017 թվականին քանի՞ քրեական գործով է նախաքննության ավարտ հայտարարվել եւ ուղարկվել դատարան` մեղադրական եզրակացությամբ: Շատ են արդյոք դրանք նորից նախաքննության ուղարկելու դեպքերը, եւ ինչով են սովորաբար դրանք բացատրվում:

2017 թվականի ընթացքում վարույթում քննված 155 քրեական գործերից 23 գործ` 32 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւս 1 գործ` 1 անձի վերաբերյալ, բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ է ուղարկվել դատարան:

Նշված քրեական գործերով մեղադրական եզրակացություն չհաստատելու եւ նախաքննական մարմնին վերադարձնելու դեպք նախորդ տարվա ընթացքում չի արձանագրվել:

Սովորաբար մեղադրական եզրակացություն չհաստատելու եւ նախաքննական մարմնին վերադարձնելու դեպքեր հաճախակի չեն լինում: Օրինակ, 2016 թվականին արձանագրվել էր այդպիսի 2 դեպք, որոնք պայմանավորված էին նախաքննական մարմնի կողմից քրեադատավարական էական խախտումներ թույլ տրված լինելու հանգամանքով: Մի դեպքում մեղադրանքի հիմքում դրվել եւ որպես ապացույց էր օգտագործվել անչափահաս տուժողի` քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ իրականացված հարցաքննության արձանագրությունը. նրա հարցաքաննությանը որպես օրինական ներկայացուցիչ ներգրավվել եւ մասնակցել էր այդպիսին լինելու իրավունք չունեցող անձը: Մյուս դեպքում, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազություն էր ուղարկվել` առանց անձի մեղքը հիմնավորող բավարար եւ օբյեկտիվ փաստական տվյալներ ձեռք բերելու. մեղադրանքի հիմքում դրվել էր միայն  կասկածյալի կարգավիճակով անձի արած հայտարարությունն իր մեղավորության վերաբերյալ:

Մեղադրական եզրակացությունը չհաստատված երկու քրեական գործերով էլ նախաքննական մարմնի կողմից առանց որեւէ առարկության կատարվել է լրացուցիչ նախաքննություն, եւ խախտումները վերացնելուց հետո լուծվել են գործերի ընթացքը:

Դեռ անցած տարեվերջին Գլխավոր դատախազությունը մտահոգություն հայտնեց բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշների առթիվ: Ինչպիսի՞ն է պատկերը մարզում եւ ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ:

2016 թվականի արդյունքների վերլուծությամբ ի հայտ բերված իրողություններն իրոք մտահոգիչ էին: Սակայն այս առումով Վայոց ձորի մարզն առանձնապես աչքի չի ընկել: Թե 2016, եւ թե 2017 թվականին մարզի տարածքում արձանագրվել է 2-ական բնակարանային գողության դեպք: Հաշվի առնելով մարզի ազգաբնակչության օրինապահ լինելը, հանցավոր խմբավորումների բացակայությունը` նման բնույթի դեպքերը միշտ էլ նվազ քանակ են կազմում:

Սակայն, եթե 2016 թվականին դրանցից որեւէ մեկը չէր բացահայտվել, ապա 2017 թվականին արձանագրված 2 դեպքերն էլ բացահայտվեցին:

Պետք է ասեմ, որ նախորդ տարվա բացահայտման բացասական ցուցանիշի արդյունքում մեր կողմից կատարվեց գողությունների, այդ թվում` բնակարանային, դեպքերի աճին նպաստող  պատճառների ուսումնասիրություն: Վեր հանվեցին այդ բնույթի հանցագործությունների նախականխման, բացահայտման եւ դրանց նպաստող պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներում էական նշանակություն ունեցող մի շարք օրինաչափություններ եւ ընդհանրություններ: Այսպես, պարզվեց, որ բնակարանային 2 գողություններ էլ կատարվել էին միեւնույն ձեռագրով /հանցանք կատարած անձինք բնակարան մուտք էին գործել պատուհանով/, նույն ժամանակահատվածում` ժամը 18.00-ից մինչեւ  առավոտյան 09.00-ը, 2 բնակարաններն էլ գտնվում էին Վայք քաղաքի միեւնույն` ոչ բանուկ թաղամասում: Ուսումնասիրության արդյունքներով 2016-2017թթ. ընթացքում հաղորդումներ ներկայացվեցին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն, դրա ենթակա ստորաբաժանումներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին: Հաղորդումների նպատակը հատկապես քաղաքային բնակավայրերի` առանձնատների տարածքում օպերատիվ ծառայության ուժեղացումն էր եւ ըստ վեր հանված օրինաչափությունների` համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը:

Ձեռնարկված միջոցառումները տվեցին իրենց դրական արդյունքը. վերը նշված խոցելի թաղամասում  այլեւս գողության դեպք չարձանագրվեց, իսկ 2017 թվականին մարզի տարածքում արձանագրված բնակարանային 2 դեպքերն էլ բացահայտվեցին:

Նշեցիք մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: Ի՞նչ բնույթի են դրանք հիմնականում եւ առավելապես ո՞ր ոլորտներում են արձանագրվել:

Ինչպես արդեն հանցավորության դինամիկայի վերլուծության ժամանակ նշեցի, 2017թ.-ի ընթացքում մարզում արձանագրվել է կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների էական աճ:

2017թ. ընթացքում քննություն է կատարվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման  եղանակով հափշտակության 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, պաշտոնեական լիազորություններն անցնելու 1, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը կանխարգելելու ուղղությամբ օրենքով նախատեսված միջոցներ չձեռնարկելու  1 դեպքերի վերաբերյալ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի աճը պետք է համարել դրական ցուցանիշ, քանի որ դրանք, որպես կանոն, լատենտային հանցագործություններ են, եւ դրանց բացահայտումն այդ առումով իրենից առանձնակի դժվարություն է ներկայացնում:

Չնայած դրան` մարզի դատախազության եւ մյուս իրավապահ մարմինների, նաեւ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում 2017 թվականին բացահայտվեցին նշված եւ նախորդ տարիներին հատկապես պաշտոնատար անձանց կողմից /համայնքի ղեկավարներ, «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք/ կատարված մի շարք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր, որոնք եղել են հիմնականում պետական կամ համայնքային միջոցների յուրացումներ:  Բերենք 1-2  օրինակ.

2017 թվականին քննված քրեական գործով պարզվեց, որ Խնձորուտ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը,  2016 թվականի ընթացքում յուրացման եւ վատնման եղանակով հափշտակել էր համայնքի սեփականություն հանդիսացող` շուրջ 900 մետր մետաղական խողովակները՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի` 1.777.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի հաշվապահը 2015-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, օգտվելով այդ ժամանակահատվածում աշխատած տնօրենների անփութությունից, կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերը ցույց էր տվել հավելագրմամբ, ու ավել ստացված 2.982.399 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել էր:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հատկանիշներով քննված 9 քրեական գործերից 5-ը` 8 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մարզում կարելի է ասել իրավիճակը լարված է: Դրա ապացույցը Նոր տարվա օրերին տեղի ունեցած վիճաբանությունն էր Շատին և Քարագլուխ համայնքների բնակիչների միջև և դրան հաջորդած դանակահարությունը: Արդյոք այդ հանցագործությունը բացահայտվել է ամբողջ ծավալով:

Իսկապես, նախորդ տարվա նոյեմբերին  թվով 12 գյուղական բնակավայրեր ընդգրկող Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններից հետո, պայմանավորված համայնքի նորընտիր ղեկավարի նստավայրի շուրջ առաջացած տարաձայնություններով, տիրում էր բավականին լարված իրավիճակ, ինչն էլ հանգեցրեց 2018 թվականի հունվարի 7-ին Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում կատարված դանակահարության ելքով վիճաբանությանը և ծեծկռտուքին: Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով անմիջապես հարուցվեց քրեական գործ, և ձեռնարկված անհետաձգելի քննչական ու օպերատիվ հետախուզական միջացառումների արդյունքում կարճ ժամանակում բացահայտվեց միջադեպին մասնակից բոլոր անձանց շրջանակը: Արդյունքում 2 անձի մեղադրանք առաջադրվեց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, իսկ 4 անձի` խմբի կազմում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Կատարված դեպքին ճիշտ և ժամանակին արձագանքելու, դրան համարժեք իրավական գնահատական տալու արդյունքում եղած լարվածությունը ներկայումս անհամեմատ նվազել է, իսկ թեկնածուների կողմնակիցների միջև կայացած հաշտության հետևանքով իրավիճակը դարձել է կառավարելի: Հուսանք, որ առաջիկայում Եղեգիս համայնքում այլևս նման միջադեպեր չեն կրկնվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ