Նախօրեին հայտնի դարձավ, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը Եղիշե Չարենցի տուն-թանգարանից հետո չեղարկել է նաև «Նոյյան տապան» գրախանութը՝ չնայած նախապես ձեռք բերված համաձայնությանը:
Գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղծված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:
Ինքը՝ Սաակաշվիլին, արձագանքելով իր հեղինակած գրքի շուրջ երևանյան զարգացումներին, նշել է, որ դրանցում տեսնում է Մոսկվայի միջամտությունը. «Ցավոք սրտի, այստեղ ևս առանց Մոսկվայի միջամտության գործը գլուխ չի եկել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին։
Այսօր Վրաստանի նախկին նախագահը ակտիվ քաղաքականության մեջ է մեկ այլ նշանակալի հետխորհրդային երկրում՝ Ուկրաինայում։ Պաշտոնը թողնելուց հետո Սաակաշվիլին մշտապես շարունակել է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Թեման «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկելու ենք կինոռեժիսոր, «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ։