News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պահանջո՛ւմ ենք 2018-ին բարձրացնել ՀՆԱ-ում կրթության ֆինանսավորման տոկոսը եւ կատարել ողջամիտ ներդրումներ կրթական ոլորտում: Այս մասին հանրային պահանջ-հայտարարություն է տարածել Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որն ուղղել է ՀՀ կառավարությանը եւ ԱԺ բոլոր խմբակցություններին:

Հայտարարությունում ասվում է.

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որը 2017թ․ ապրիլին ձեւավորված ընդհանուր հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար, դիմում է ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին՝ առաջիկա ԱԺ բյուջետային քննարկումներին առնչվող անհետաձգելի հանրային պահանջով: Այն ձեւակերպվել է, հենվելով բազմաթիվ տեղական եւ միջազգային անկախ հեսազոտությունների, անցած ամիսների մի շարք քաղաքացիական ժողովների եւ փորձագիտական քննարկումների, ինչպես նաեւ մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա։ ԿՔՆ-ն պահանջում է ՀՀ պետական բյուջեի առաջիկա քննարկումների ընթացքում բարձրացնել ՀՆԱ նկատմամբ կրթության ֆինանսավորման չափաբաժինը եւ կատարել կրթական ոլորտի համար պետական ծախսերի հետեւյալ անհետաձգելի վերադասավորումները․

Պահանջում ենք բարձրացնել 2018 թ. ՀՀ պետական բյուջեում ՀՆԱ նկատմամբ կրթության ոլորտի ֆինանսավորման մասնաբաժինը՝ հետեւյալ հիմնավորմամբ։

Տնտեսական հիմնավորում

ՀՀ կառավարության 2018-2020թթ. կարճաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է ՀՆԱ նկատմամբ կրթության ֆինանսավորման չափը 2017-2020թթ. տարեցտարի նվազեցնել՝ այն ներկայիս 2.34%-ից հասնցնելով 1.85%-ի: Արդյունքում, Հայաստանը աշխարհի 158 երկրների շարքում այժմ զբաղեցրած 136-րդ տեղից կհայտնվի ստորին տասնյակում՝ անդառնալիորեն կորցնելով զարգացման իր գլխավոր ռեսուրսը։ Տնտեսական քաղաքականության տեսանկյունից առկա ժողովրդագրական անկման պայմաններում անհրաժեշտ է ոչ թե իջեցնել, այլ բարձրացնել առանձին քաղաքացու արտադրողականության աճ ապահովող գլխավոր ներդրումը՝ կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված պետական ծախսերը։ 2000-ականների տնտեսական աճի տարիներին ՀՀ կառավարությունն արդեն իսկ բաց է թողել կրթական ծախսերն ու կրթության որակն էապես բարելավելու հնարավորությունը։ Այժմ կարեւոր է, խուսափել անգամ ներկայիս տնտեսական մոդելն ավելի վատթարացնող քայլերից: Ուստի պահանջում ենք փոխել միջնաժամակետ ծրագիրը եւ կրթության ֆինասնավորման թիրախ սահմանել ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչպես նաեւ երկարաժամկետ թիրախ սահմանել 4.5 տոկոսը: Առաջարկում ենք կրթության ավելացված ծախսը ուղղել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, միջոցներ հատկացնել ՀՀ-ում մանկապարտեզների անվճար ապահովմանը, ինչպես նաեւ որակական չափանիշներ ներառել ֆինանսական նոր հոսքերի համար:

Սոցիալական եւ իրավական հիմնավորում 

Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38): Կրթության իրավունքի լիարժեք իրացումը այն կարեւոր մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատին, երեխային ոչ միայն կրթվել եւ զարգանալ, այլ նաեւ խուսափել մի շարք շահագործումներից, մանկական աշխատանքից եւ ամենակարեւորը զգալիորեն նվազեցնել արդեն հասուն տարիքում աղքատության մեջ հայտվելու ռիսկերը, իսկ այն երեխաների համար, ովքեր արդեն իսկ ապրում են աղքատ ընտանիքներում՝ հաղթահարել աղքատությունը եւ կոնտրել այսպես կոչված «աղքատության շղթան»:

Աղքատության հաղթահարումը եւ խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը ՀՀ կառավարության կողմից հռչակված է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հիմնարար գործոն: Հայաստանում բնակչության 30%-ն աղքատ է, իսկ մանկական աղքատությունը կազմում է 34%, ընդ որում ծայրահեղ աղքատության մեջ ապրում են մինչեւ 18 տարեկան երեխաների 2.5%-ը: Այսպիսով, պետության կողմից աղքատության եւ հատկապես մանկական աղքատության հաղթահարումը չի կարող իրականացվել առանց յուրաքանչյուր անհատի եւ երեխայի՝ կրթության իրավունքի լիարժեք իրացման, յուրաքանչյուրի համար մատչելի եւ որակյալ կրթության ապահովման:

Աղքատության մակարդակի վրա կրթության ունեցած ազդեցությունն ապացուցվում է ՀՀ վիճակագրությամբ։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, տարրական եւ ցածր կրթություն ունեցողներից 2015թ.-ին 61%-ն աղքատ է եղել, եւ այս թիվը աճել է 2010թ.-ի 45%-ի նկատմամբ։ Իսկ, օրինակ, միջնակարգ կրթություն ստացածների ցուցանիշը 2010թ.-ի 44%-ից 2015թ.-ին նվազել է՝ դառնալով 35%: Ակնհայտ է, որ կթրության բարձր մակարդակը դրականորեն ազդում է անհատի աղքատության մակարդակը հաղթահարելու վրա։

Այս պարագայում, պետության կողմից՝ աղքատության կրճատումն իբրեւ ազգային անվտանգության հարց սահմանելն ու մյուս կողմից՝ այդ աղքատությունը չեզոքացնող գլխովոր գործոնը՝ կրթական բյուջեն կրճատելու մոտեցում որդեգրելը համարում ենք խիստ խնդրահարույց եւ ռեգրեսիվ քայլ: Համոզված ենք, որ կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատման արդյունքում Հայաստանը անդառնալիորեն կկորցնի աղքատության հաղթահարման եւ սոցիալական արդարության սկզբունքի վրա հենվող պետություն լինելու հնարավորությունից՝ վտանգելով հանրային համերաշխությունը:

2. Կրթության ոլորտի ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ, պահանջում ենք ֆինանսական ներդումներ կատարել՝ ուղղված հետեւյալ խնդիրների հաղթահարմանը

Շենքային պայմանների հետ առընչվող խնդիրներ

Դպրոցներն ու նախակրթարանները կարեւորագույն սոցիալական հաստատություններ են եւ դրանք բոլոր համայնքներում պետք է ունենան ամենաբարվոք շենքային պայմանները։  Ներկայումս չափազանց մտահոգիչ են դպրոցների եւ հատկապես մարզերում գտնվող, գյուղական համայնքների դպրոցների շենքային պայմանները: Հասարակական կազմակերպությունների կողմից արված ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք դպրոցներում անգամ բացակայում են հիգիենայի ապահովմանն ուղղված տարրական պայմաններ, բարվող վիճակում սանհանգույցներ, ճաշարաններ, մարզադահլիճներ եւ այլն:

Ուստի պահանջում ենք իրականացնել կապիտալ ներդրումներ ՀՀ դպրոցներում եւ մանկապարտեզներում՝ դրանց նորոգման/հիմնանորոգման եւ արդիականացման նպատակով։

Կրթության մատչելիության եւ որակի հետ առընչվող խոչընդոտներ

Կրթությունը ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքն է, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Այսպիսով, պետությունը պարտավոր է ապահովել կրթության լիարժեք մատչելիությունը յուրաքանչյուրի համար:

Ներկայումս Հայաստանում առկա են կրթության մատչելիության հետ առընչվող բազում խնդիրներ՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների համար լիարժեք մատչելի շենքային պայմանների բացակայությունը (այլ ոչ միայն թեքահարթակները), սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար առկա՝ կրթություն ստանալու ֆինանսական արգելքները (ներառյալ դասագրքերի եւ դասանյութերի գնման հետ կապված խդիրները), հեռավոր համայնքներում բնակվող երեխաների որակյալ կրթության խնդիրները, մանկական աշխատանքի արդյունքում կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդիրը եւ այլն:

Ուստի պահանջում ենք․

Համապատասխան ֆինանսական ներդրումների իրականացման արդյունքում շտկել կրթության մատչելիությանը խոչընդոտող շենքային բոլոր խնդիրները հանրակրթական հասատություններում,

Նյութական աջակցություն ապահովել սոցիալապես անապահով ընտանինքերում, որպիսի լիարժեք կերպով իրացվի այդ ընտանիքներում ապրող երեխաների՝ կրթության իրավունքը,

Համապատասխան պետական քաղաքականություն որդեգրում՝ մանկական աշխատանքի հիմնախնդրի կարգավորման եւ մանկական աշխատանքի արդյունքում կրթությունից դուրս մնացած երեխաների վերաինտեգրման նպատակով, որը նաեւ պահանջում է մանկական աշխատանքով զբաղվող ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը, որի շնորհիվ այդ ընտանիքում ապրող երեխաները ստիպված չեն լինի գումար վաստակել՝ ի վնաս իրենց կրթությանն ու առողջությանը,

Դասավանդման եւ ուսումնառության բոլոր նյութերի՝ այդ թվում դասագրքերի անվճար տրամադրում հանրակրթության շահառուներին՝ ինչը բխում է անվճար կրթություն ստանալու Սահմանադրական իրավունքից եւ յուրաքանչյուրի համար կրթության մատչելիության ապահովման հրամայականից:

3․ Ապահովել անվճար մանկապարտեզների հասանելիությունը ամբողջ երկրի տարածքում՝ հաղթահարելով Երեւան/մարզեր սոցիալական խզումը եւ ստեղծելով կանանց հատկապես մարզերում աշխատաշուկա վերադառնալու հնարավորություն

Մարզերում անվճար մանկապարտեզների ապահովումը պետական բյուջեի տեսանկյունից լիովին իրատեսական նպատակադրում է։ Այն նաեւ կլինի ակտիվ եւ ոչ միայն պասիվ սոցիալական քաղաքականության դրսեւորում՝ բարելավելով երեխաների կրթական գործընթացի շարունակականությունն ու միաժամանակ նպաստելով կանանց եւ գյուղական ընտանիքների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։

Ուստի պահանջում ենք ՀՀ ամբողջ տարածքում անվճար մանկապարտեզների ապահովում պետական ֆինանսավորման համապատասխան ձեւաչափի ընտրության միջոցով՝ մարզերի եւ Երեւանի ծայրահեղ սոցիալական խզումը հաղթահարելու եւ տնտեսական լրացուցիչ խթան ստեղծելու նպատակով։

ԿՔՆ-ն կարեւորում է, որպիսի նշված պահանջները համապատասխանաբար ներառվեն նաեւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրում, Լիազոր մարմնի ֆինանսավորման որակական ինդիկատորներին վերաբերվող փաստաթղթերում եւ համապատասխանաբար ներդաշնակեցվեն։

Հանդիսանալով անկախ եւ ինքնակազմակերպման հիմունքներով գործող հարթակ, հարկ ենք համարում ընգծել, որ նշված փոփոխություններն ու վերադասավորումները կարող են հաջողություն ունենալ որոշումների կայացման բոլոր մակարդակներում մասնակցային խորհուրդների եւ գլխավոր շահառուի՝ Հայաստանի հասարակության ակտիվ ներգրավման պայմաներում:

Տպել
Ամենաշատ