Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլիի քարոզարշավը կենտրոնանում է «Թույլ չտանք նախկին իշխանությունների վերադարձը» թեզի շուրջ


Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մի քանի շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզարշավը սկսում է կենտրոնանալ մեկ հիմնական թեզի շուրջ` «Թույլ չտանք նախկին իշխանությունների վերադարձը»:

Երեկ Թբիլիսիի կենտրոնում հավաքված հարյուրավոր մարդիկ թեև ֆորմալ առումով կապ չունեին Զուրաբիշվիլիի ընտրարշավի հետ, այդուհանդերձ, ակնհայտ էր, որ գործողությունն առավելապես նախընտրական բնույթ ուներ:

Ակցիայի մասնակիցները որոշել էին հիշել Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիների թերևս ամենադրամատիկ իրադարձություններից մեկը` 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերը:

11 տարի առաջ այդ օրը վրացական ոստիկանությունը հատուկ միջոցների` արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ ցրեց Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք մի քանի օր շարունակ պահանջում էին նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը:

Նույն օրը երեկոյան ոստիկանության հատուկ ջոկատայինները մուտք գործեցին բախումներն ուղիղ եթերում հեռարձակող «Իմեդի» հեռուստաընկերության տարածք` կոտրելով սարքավորումները, իսկ լրագրողներին ու տեխնիկական անձնակազմին դուրս վռնդեցին խմբագրության տարածքից:

Վրացական աղբյուրների պնդմամբ, 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների հետևանքով առնվազն 300 խաղաղ ցուցարար էր տուժել:

«Ես ցավում եմ, որ մենք այսօր մի իրավիճակում ենք հայտնվել, երբ Ազգային միացյալ շարժման ղեկավարները ոչ թե բանտում են, այլ մեզ ռևանշով և նոր «Նոյեմբերի 7»-ով են սպառնում: Դա գործող իշխանությունների մեղքն է: Ես հստակ համոզմունք ու որոշում ունեմ` ձեզ հետ միասին թույլ չտալ Ազգային միացյալ շարժման վերադարձն իշխանության», - հայտարարում էր նոյեմբերի 7-ի իրադարձությունների հետևանքով վնասվածքներ ստացած նախկին պատգամավոր Կոբա Դավիթաշվիլին` դիմելով Թբիլիսիի կենտրոնում հավաքված ակցիայի մասնակիցներին:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները ևս չշրջանցեցին նոյեմբերի 7-ի իրադարձությունների հերթական տարելիցի թեման` խոստանալով, որ իրենց իշխանության օրոք նման բան երբեք չի լինի:

«Նոյեմբերի 7-ի իրադարձությունները նախկին վարչակազմի վերջի սկիզբն ազդարարեցին: Մեր նպատակն է կանխել ավտորիտար համակարգի վերադարձը և թույլ չտալ, որպեսզի Վրաստանի քաղաքացիները պառակտվեն քաղաքական դրդապատճառներից ելնելով», - հայտարարում էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Սաակաշվիլիի կողմնակիցների իշխանության հնարավոր վերադարձի թեման հրատապ դարձավ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո: Դրա ընթացքում «Վրացական երազանք»-ի կողմնակիցների աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն գրեթե հավասար թվով քվեներ ստացան` անցնելով երկրորդ փուլ:

Ընդդիմության թեկնածուն երեկ ամեն կերպ փորձում էր չեզոքացնել նախընտրական քարոզարշավում Սաակաշվիլիի իշխանության տարիների ամենավիճահարույց դրվագներից մեկի օգտագործումը իր դեմ:

«Նոյեմբերի 7»-ը նախկին իշխանությունների թույլ տված ամենալուրջ սխալներից մեկն էր և դաս էր բոլոր հաջորդ կառավարությունների համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգոլ Վաշաձեն` հավելելով. - «Կառավարությունը պարտավոր է հարգել ցանկացած քաղաքացու տեսակետ` անկախ նրա քաղաքական հայացքներից և տածած համակրանքից: «Իմեդի» հեռուստաընկերություն [ոստիկանության] մուտքն ու հեռարձակումների դադարեցումը խիստ ցավալի էր և որևէ կերպ չի կարող արդարացվել»:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրը դեռ պաշտոնապես չի նշանակել: Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ն պետք է մինչև նոյեմբերի 17-ն ամփոփի ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները: Երկրորդ փուլը կայանալու է այդ ամփոփումից ուղիղ երկու շաբաթ անց: Վրացական մամուլում որպես ընտրությունների ամենահավանական օր նշվում է դեկտեմբերի 2-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG