Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մարտի 25-31-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում: «Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգված է այս բարդի հարցի լուծման փնտրտուքով: Սակայն մեր խորը համոզմունքն է, որ կողմերից մեկի՝ Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումը այն հիմնական խոչընդոտն է, որը չենք կարողանում հաղթահարել, լուրջ համաձայնությունների հասնելու համար»,- ասել է Արցախի նախագահը:

Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով: Կատարվածի առնչությամբ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է. «Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը»։

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: Նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:  Ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:  «HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է Արցախի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները: Նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի  քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որն անցկացվել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ, հայկական կողմի առաջարկով որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին:

ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով։ Հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

Հայոց ցեղասպանության դատապարտում   

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժան-Նա գրառում կատարեց Հայոց  ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի: Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը»,- գրել է նա:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա): Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Հայաստանում արդեն 10 տարի գործող ֆրանսիական միջազգային դպրոցն այսուհետև կրում է ֆրանսիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսի անունը: Հայկական հարցի մեծ ջատագով և ֆրանս-հայկական բարեկամության խորհրդանիշ Անատոլ Ֆրանսի անունը կրող վահանակի բացումը կատարեցին Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան- Բատիստ Լըմուանը եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական հարաբերությունների ավանդական հենասյուներից է դարձել նաև հայ-հունական պաշտպանական ոլորտի համագործակցությունը: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու հնարավորություններ և ներուժ  է տեսնում: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ընդգծեց, որ «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են ռազմաարդյունաբերական ոլորտի հայկական և հունական ընկերությունների հանդիպումներ, որոնք կարող են փոխգործակցության եզրեր գտնել: «Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում կողմերի միջև ծավալուն երկխոսության համար»,-  ասաց Կամենոսը:

Հայաստանը սատարում է Հունաստանին վատ եղանակի պատճառով Թուրքիայի տարածքում հայտնված և լրտեսության մեջ մեղադրվելու համար կալանավորված 2 հույն զինծառայողներին շուտափույթ ազատ արձակելու հարցում: Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Պանայոտիս Կամենոսն արտերկրի առաջին պաշտպանության նախարարն է, որ այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին:  Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը: Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ժան Ասելբորնի հետ։ Նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ մաղթել հաջողություններ: Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը  Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։ Երևանում հանդիսավորությամբ բացվեց Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը:

 Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ փորձելով մեր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորմանը: Եվ սրա վկայությունը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է խաղաղապահ գործունեությանը, իհարկե, նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար:

Իսրայելական Arkia ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: 

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Սերժ Սարգսյանն ասաց, որ  Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է նկատում: «Նախկինում` հատկապես 2008-2009 թվականներին, բոլոր ելույթները հանգում էին ընդամենը մի խնդրի` ֆինանսների բացակայություն: Իսկ այսօր մենք ականատես եղանք, որ ակադեմիան իրականացրեց ինքնագնահատում, և շատ ուրախ եմ, որ այդ պրոցեսը բերեց այն կարծիքին, որին մենք կայինք 6-7 տարի առաջ: Այո, պետք է օպտիմալացնել, եղած միջոցներն արդյունավետ օգտագործել: Սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,- նշեց Նախագահ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել  է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին։ Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Հյուրանոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պետական, հասարակական, գործարար հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները նպատակահարմար են համարում վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Լրագրողների հետ զրույցում իր կարծիքը  հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝  ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեիկողմից:  Կառավարության ընդունած որոշմամբ՝ 2018 թվականի 1-ին եռամսյակում Ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի 70 մլն 458 հազար դրամ՝ սակավաջրության մեղմմանն ուղղված միջոցառումների առաջին փուլի իրականացման համար: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ: «Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները»,- ասաց նախարարի տեղակալը: 

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2017 թվականին 29.6 տոկոսով աճ է գրանցվել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը նշեց, որ նախորդ տարի ստեղծվել է 281 ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից:

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային երկրորդ ցուցահանդես

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել մարտի 29-ից 31-ը անցկացված՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել և Զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում»,- նշեց նախարար Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցել է արտասահմանյան և հայկական վեց տասնյակից ավելի ընկերություն, տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Նրա խոսքով` տաղավարային հարթակներում ներկայացվել են 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ 14 երկրներից, այդ թվում` Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Սերբիա և այլն: Նախատեսվում է տասը երկրից պետական բարձր մակարդակով պատվիրակությունների ներկայություն:

«ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին ցուցադրության են դրվել հայկական նոր բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նա հրապարակել է ցուցադրվող անօդաչու թռչող սարքերի լուսանկարները և գրել, որ «ArmHiTec 2018»-ին ցուցադրվում են UAV s BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 and HREESH բազմաֆունկցիոնալ հայկական նոր ԱԹՍ -ները, որոնք բոլորն էլ անցել են փորձարկումներ: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է նաև ցուցադրության դրված հակաօդային պաշտպանության Автобаза М ռադիոլոկացիոն համակարգի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Ադրբեջանական օդուժի մահը»: Հայկական արտադրության «Հրեշ» (HREESH) հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե) անօդաչու թռչող սարքը կարողանում է խոցել հակառակորդի` 20 կմ հեռավորության վրա գտնող թաքնված օբյեկտները: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ-ն «Pro MAQ» ընկերությունների խմբի միակ արտադրանքը չէ: Նորաստեղծ ընկերությունը հանդես է եկել նաև «Բիբ» հարվածային, ինչպես նաև հետախուզության և հրետանու կրակի կարգավորման «S1» անօդաչուներով: Ցուցահանդեսին մասնակցել են նաեւ մեկ կոնցեռնի ներքո գործող KBX եւ «UAV lab» ընկերությունները: KBX ընկերության ինժեներ Արգիշտի  Ավետիքյանն ասաց, որ ընկերությունները ներկայացնում են ավտոմատիզացման բազմաթիվ համակարգեր եւ անօդաչու սարքեր՝ կամիկաձե, հետախուզական եւ բեռնափոխադրման նշանակության սարքեր, դրոններ, լազերային նշանառության համակարգեր: Ներկայացված են, օրինակ, այնպիսի սարքեր, որոնք օգտագործվում են հարձակողական նպատակի համար, այսինքն՝  շարժվում են տանկի ուղղությամբ եւ պայթեցնում են  հակատանկային ականը: «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ցուցադրել է տարբեր տեսակի ականների մոդելներ, ինչպես նաեւ այն   բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ականազերծման համար՝ բժշկական պայուսակներ, փրկարարական համազգեստ եւ այլն: Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է: Քամու և թույլ անձրևի պայմաններում աշխատող հայկական արտադրության քվադրիկոպտերը, ստեղծողների վստահեցմամբ, մոտ տասն անգամ մատչելի է նմանատիպ սարքերի արտասահմանյան առաջարկներից: Անօդաչու թռչող սարքը ներկայացված է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսին, որը գործում է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: «Բոլոր սարքավորումները` կաղապարը, պլատաները, դետալները, գրեթե 100 տոկոսով մշակվում և ծրագրավորվում են մեր կողմից: Դրա առավելությունը նրանում է, որ ծրագիրն անընդհատ վերահսկողության ներքո է և ամիսը մեկ թարմացվում է, սխալները շտկվում են»,- ասաց անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող «КБ-X» ընկերության ինժեներ-ծրագրավորող Վարդան Ալոյանը:

Սփյուռք

Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:

Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալները՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) բարձրագույն պարգեւը, ՌԳԱ-ի Ընդհանուր ժողովի՝ մարտի 30-ին Մոսկվայում կայացած նիստում հայնձնվել են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին եւ շվեդ պրոֆեսոր Բյոռն Յոնսոնին։

Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել:

Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի դրսևորումները տեղափոխվել են փողոցներ: «Ակոս»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ: Դրանց վրա նա պատկերված է սև փակված աչքերով:

Միջազգային խճանկար

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը 64-ն է: Հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում և 3 երեխա, 53-ը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում: Որոշ աղբյուրներ մարտի 26-ին հայտնել էին 16 անհետ կորածի մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնել և գրառում կատարել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։ 

Մոսկվան անհանգստացած Է Էթ-Թանֆի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործունեությունից, ուր ծանր տեխնիկա Է փոխադրվում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Առաջվա պես տագնապեցնում են հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն ամրապնդում են իրենց անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայի սուվերեն տարածքում, մասնավորապես, ծանր տեխնիկա Է փոխադրվում երկրի հարավ-արեւմուտքի Էթ-Թանֆ բնակավայրի շուրջն ամերիկացիների կողմից կամայականորեն սահմանված գոտի»,-ասել Է Զախարովան: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար: Այդ մասին գրել Է Parisien թերթը՝ վկայակոչելով Փարիզում «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF, արաբա-քրդական ջոկատներ) պատվիրակության ներկայացուցչին: SDF-ի պատվիրակությունը հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր Է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Նշվում Է, որ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ի զինվորականների հետ համակարգմամբ:  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կարող Է Սիրիայից հեռանալ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո: «Մենք սատկացնում ենք ԻՊ-ին, մենք շատ շուտով կհեռանանք Սիրիայից: Թող այժմ ուրիշներն այդ մասին հոգան»,- ասել Է նա:

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են  ենթարկվել Ֆրանսիայում: Հարձակման հետևանքով Ռահիմ Նամազովը հրազենային ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա կինը՝ սպանվել: Կոլոմիերս քաղաքի քաղաքապետը չի բացառել լրագրողի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հավանականությունը:

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին: Կատալոնիայում ոստիկանության եւ ցուցարարների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել Է 92-ի: Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ Է ընդունել, որը ճանաչում Է ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ ինքնավար հանրակցության կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնելու իրավունքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների եւ փակել Սիեթլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը: Այս միջոցները ձեռնարկվել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Միջադեպի կապակցությամբ աշխարհի արդեն 28 երկրներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին: Ընդհանուր առմամբ արտաքսվելու են արտերկրում ՌԴ-ի 152 ներկայացուցիչներ: Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանն արտաքսում Է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների: Այսպես, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Էստոնիայի եւ Ֆինլանդիայի դիվանագիտական աշխատողները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ՌԴ-ի տարածքը:

Թուրքիան իրականացրել է սեփական մշակման առաջին՝ «Գյոկդողան» և «Բոզդողան» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում։ Այդ մասին մարտի 25-ին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։

Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: 

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:  Մրցանակաբաշխությունն անցկացվեց Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: « «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար:  «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և  Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունն ի մի բերեց և հանրությանը ներկայացրեց հայ երաժշտարվեստի տարվա ընթացքում ստեղծված լավագույն նմուշները և լավագույն կատարողներին: Մրցանակներ հանձնվեցին դասական, ժողովրդական և փոփ ժանրերում: Մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հայաստանի ամենագլխավոր խորհրդանիշերից մեկի` Երևանի բարձունքում խոյացող «Մայր Հայաստան»-ի հեղինակ Արա Հարությունյանի 90-ամյակին նվիրված «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է արվեստագետի շուրջ 60 աշխատանք քանդակագործի ընտանիքի հավաքածուից: Ցուցանմուշներում արտահայտված են վարպետի բազմակողմանի մոտեցումները և ստեղծագործական երևակայությունը:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Թոմաս Անդերսի և «Մոդերն Թոքինգ» բենդի կենդանի համերգը, որը մեծ իրադարձություն էր ոչ միայն երգերի, այլեւ շոուի առումով: Համերգն անցել է բարձր տրամադրությամբ։ Հանդիսատեսը ծափողջյունով դիմավորեց խմբի անդամներին։ «Ողջույն Երեւան։ Սա անհավատալի է։ Շնորհակալ եմ ձեզ՝ այս երեկո այստեղ գտնվելու համար։ 28 տարի առաջ եմ այստեղ եղել։ Պատկերացնում եք, ավելին քան քառորդ դար։ Ուրախ եմ, որ հետ եմ վերադարձել»,- ասաց Թոմաս Անդերսը։

Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին փոքր ֆիլմ է ներկայացրել  «Copa90»-ը: Ֆիլմը կրում է «Ֆուտբոլիստ՝ ավելի հայտնի, քան Քարդաշյանները» վերնագիրը: Մխիթարյանը ֆիլմում պատմում է մինչև «Արսենալ» տանող իր ճանապարհի, նախկին ակումբների մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]