Դա վանդալիզմ է. Ալեն Սիմոնյանը՝ Շահեն Հարությունյանի արարքի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստը։
«Այդ մարդը չգիտի՝ ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել և ինչի համար են իրեն սպանել։ Վանդալիզմ է, որը որևէ աղերս չունի իր նշած նպատակի հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Շահեն Հարությունյանի այդ քայլն ընդամենն աչքի ընկնելու անհաջող փորձ է, որն, ի ուրախություն իրեն, հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ բացասական արձագանք է ստացել։
Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ այդ հարցով միանշանակ պետք է զբաղվեն իրավապահները:
Հիշեցնենք, որ որ դեկտեմբերի 2-ին Երևանում ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկ էր լցրել Գրիբոյեդովի արձանի վրա՝ ի պատասխան ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման։
Հարակից հրապարակումներ`
- Արձանների և հուշատախտակների դեմ պայքարն անընդունելի է. Շավարշ Քոչարյանը
- Շահեն Հարությունյան. Ներկել եմ Գրիբոյեդովի արձանը