News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ հունիսի 28-ից հուլիսի 2-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը եւ Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ-ում մեկնարկել է հունիսի 29-ին՝ «Սերվիս Թայթն» ընկերություն այցելությամբ, որտեղ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության հիմնադիրների, ինչպես նաեւ Սիլիկոնային հովտում ազդեցիկ «Թիմըբըլ» եւ «Այռոբոթիքս» ընկերությունների հիմնադիրների հետ:

Քննարկվել են Հայաստանում ինժեներական կրթությանը, գիտահետազոտությանը, ստարտափների զարգացմանը, վերազգային կազմակերպություններին Հայաստան ներգրավելուն առնչվող հարցերը, այդ ոլորտներում կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրները եւ սփյուռքի մասնակցությունը ոլորտի զարգացմանը: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երեւանում:

Այնուհետեւ պատվիրակության անդամները Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում հանդիպել են ամերիկյան շուրջ երկու տասնյակ գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում հայաստանյան ընկերությունների ու ասոցիացիաների հետ համագործակցելու ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկվել է ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպումը:

Պատվիրակությունը մասնակցել է նաեւ ամերիկահայ խոշոր գործարարների հետ մեծ ընդունելության, որի ժամանակ փոխվարչապետ Ավինյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձեւաչափերը ու ՀՀ կառավարության գերակայությունները: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում փորձի եւ գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մի խումբ գործարարներ պլանավորում են մոտ ապագայում այցելել Հայաստան՝ ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Հունիսի 30-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մի քանի տասնյակ հայ գործարարների հետ եւ հարց ու պատասխանի ձեւաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը: Ներկայացվել են Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման եւ Ազգային ստարտափ սամիթի  անցկացման հեռանկարները, եւ դահլիճում գտնվող գործարարների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական ներդրում ունենալ հիմնադրամում: Ներկայացվել է «Սփյուռքի պարտատոմսեր» գաղափարը՝ որպես զանգվածային ներդրումների խրախուսման մեխանիզմ՝ նպաստելու պետության կայուն տնտեսական զարգացմանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը առանձնազրույցներ է ունեցել մեկ տասնյակ գործարարների հետ, որոնց հետ քննարկվել են առողջապահության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ռազմական արդյունաբերության, ֆիլմարտադրության ոլորտներում առկա կոնկրետ ներդրումային ծրագրեր: Միաժամանակ «Բիզնես Արմենիա»-ի եւ «Crystal Lake Holdings LLC»-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարելու Սեւանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար:

Գործարար Դրո Դարբիդյանի հետ քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ «St. Jude Medical Inc»-ի Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին: «Eco Panel Group Inc.» ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ խաչիկյանի, ցանկություն է հայտնել ներդնել 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:    

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ: Վերջիններս քննարկել են ՀՀ ու Կալիֆորնիա նահանգի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելուն: Ամերիկահայ գործարար Աշոտ Թադեւոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը: Մի շարք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանկային համակարգում, օրգանական սննդի եւ մեղրի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Հուլիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: Վերջինիս հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Արդյունքում ՀՀ կառավարության եւ Լոս Անջելես քաղաքի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Կանադա եւ ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ