Փարիզի Աստվածամոր տաճարը փլուզման եզրին է
Փարիզի գլխավոր եկեղեցին՝ Աստվածամոր տաճարը (Նոտղը Դամ դը Պաղի), որին նվիրված է Վիկտոր Հյուգոյի համանուն վեպը, աչքի առաջ փլուզվում է։ Ճարտարապետական հուշարձանի տանիքը քանդվում է, պատերը տխուր տեսք ունեն։ Ինչու տաճարը, որը կառուցվել է 855 տարի առաջ, հենց հիմա է հայտնվել փլուզման եզրին։
Վեստի.ռու-ն գրում է, որ ահազանգում են տաճարի հոգևորականները։ Թեթևակի հպվելու դեպքում՝ զբոսաշրջիկների գլխին պատերի ծեփեր են թափվում։ Վերականգնման համար պահանջվում է առնվազն 185 միլիոն եվրո։ Ֆրանսիայի կառավարությունը տալիս է միայն 50 միլիոն։ Միջոցները որոշել են գտնել հիմնադրամի օգնությամբ, տաճարի բարեկամները դիմել են մասնավոր դոնորներին։ Ընդ որում, մեծ հույս են կապում ԱՄՆ-ի հետ։
Տաճարի հոգևորականները կարծում են, որ այնտեղ կան ապահովված մարդիկ, որոնք պետք է հիշեն, որ հենց այստեղ են ամերիկյան զորքերը նշել Ֆրանսիան ֆաշիստական Գերմանիայից ազատագրելը։ Օվկիանոսի այն կողմից եկող զբոսաշրջիկներն այդ տրամաբանությունը չեն ընդունում։
«Ես գիտեմ, որ մեզ մոտ՝ ԱՄՆ-ում էլ բազմաթիվ շենքեր կան, որ պետք վերականգնվեն, անգամ չգիտեմ ինչ ասել»,- ասել է նրանցից մեկը։
Հիմա մուտքը տաճար անվճար է, սակայն այցելուները՝ տարեկան շուրջ 14 միլիոն մարդ, պատրաստ են վճարել, որպեսզի պահպանվի համաշխարհային մշակույթի գլուխգործոցը։
Գոյության 850 տարում այն վերապրել է և հեղափոխություններ, և պատերազմներ։ 19-րդ դարի սկզբին տաճարը պատրաստվում էին արդիականացնել և անգամ ապամոնտաժել։ Հենց այդ ժամանակ է Վիկտոր Հյուգոն գրել իր վեպը՝ այս շինությունը դարձնելով գլխավոր հերոս։ Հենց դրանով էլ փրկել է տաճարը քանդումից և հավերժացրել այն պատմության մեջ։
Հետագայում Նոտղ Դամը բազմիցս ոգեշնել է գրողների ու ռեժիսորների, իսկ 21-րդ դարի սկզբին ստեղծվել է մյուզիքլը, որն անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 8 լեզվով այն դիտել է ավելի քան 11 միլիոն հանդիսատես։ Վերջին անգամ լուրջ վերականգնողական աշխատանքներ այստեղ կատարվել են ավելի քան 150 տարի առաջ, դրանից հետո միայն երբեմն մաքրել են ճակատամասը։
Կաթոլիկ եկեղեցին վերանորոգման գումար չունի, Փարիզի արքեպիսկոպոսությունը չի ուզում զբոսաշրջիկներից գումար հավաքել։ Սակայն Նոտղ Դամի հետագա գոյությունը մեծամասամբ կախված է հենց մարդկանց բարեգթությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ