«Հայաստանում չկա որևէ մարմին, որը լիազորություն ունենա գնահատել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, բացի այդ դատարանից». Արսեն Բաբայան

«168 Ժամի» զրուցակիցն է իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը:

– Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության որոշ ներկայացուցիչներ բարձրացնում են Սահմանադրական դատարանի լեգիտիմության հարցը, ըստ Ձեզ՝ ՍԴ-ն ունի՞ լեգիտիմության խնդիր:

– Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը և հատկապես նաև նրա կողմից որոշումներ ընդունելու կարողությունը կախված չեն որևէ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, կամ անգամ տվյալ պահի հանրային ընկալումներից: Սահմանադրական դատարանի լեգիտիմությունն ուղղակիորեն բխում է Սահմանադրությունից, և միայն Սահմանադրական դատարանն է, որ պետք է գնահատական տա թե իր կազմի հետ կապված որևէ հարցի, թե իր կոնկրետ դատավորի պաշտոնավարման իրավաչափության հարցին. որևէ այլ մարմին կամ պաշտոնատար անձ, անգամ առանձին ՍԴ դատավոր, իրավասու չէ որոշելու ՍԴ կազմավորման իրավաչափության կամ նրա դատավորների պաշտոնավարման հարց` դա կլինի ուղղակի միջամտություն Սահմանադրական դատարանի անկախությանը և պետք է հանգեցնի սահմանադրական պատասխանատվության` այդ մարմինների և նրանց պաշտոնատար անձանց համար, քանի որ կլինի Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում: Որպեսզի Սահմանադրական դատարանը կարողանա իրականացնել իր սահմանադրական գործառույթը, այն է` սահմանադրական արդարադատության միջոցով ապահովել Սահմանադրության գերակայությունը, նա պետք է կարողանա երաշխավորել իր անկախությունը և բնականոն գործունեությունը:

– Հայաստանում կա՞ որևէ մարմին, որը լիազորություն ունի գնահատել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը:

– Իհարկե ո՛չ: Ցանկանում եմ հիշեցնել բոլոր ներկա և պոտենցիալ արկածախնդիրներին, որ Սահմանադրական դատարանը որևէ մեկին հաշվետու չէ և չպետք է ապավինի որևէ մեկի` իր կազմի լեգիտիմության գնահատականին, ավելին` մեր երկրում, ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, չկա որևէ մարմին, որը լիազորություն ունենա գնահատել Սահմանադրական դատարանի կամ որևէ դատավորի լեգիտիմությունը, բացի այդ դատարանից: Սահմանադրությունը Սահմանադրական դատարանից պահանջում է լայն համախոհություն, երբ, օրինակ, ՍԴ-ն պետք է որոշի իր անդամներից որևէ մեկի լիազորությունների դադարեցման հարցը: Համաձայն Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը` Ազգային ժողովի պատգամավորների երեք հինգերորդի դիմումի հիման վրա` Սահմանադրական դատարանը լուծում է իր դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատավորների լեգիտիմությունը խարսխվում է ուղղակիորեն Սահմանադրության վրա, և հիմքում ունի նաև անփոփոխելիության և պաշտոնավարման անընդհատության այն առանցքային սկզբունքները, որոնք ոչ միայն ամրագրված են Սահմանադրության տարբեր դրույթներում, այլև ուղղակիորեն հետևում են Սահմանադրության անփոփոխելի` 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզունքից:

Իհարկե, դատավորների անփոփոխելիությունը չի նշանակում, որ դատավորները չեն կարող իրենց կամքով հեռանալ կամ հեռացվել պաշտոնից, և այդ հիմքերը սպառիչ ամրագրված են Սահմանադրությամբ: Ընդ որում, ես դա համարում եմ այս Սահմանադրության առանցքային նվաճումներից մեկը, երբ որևէ դատավորի պաշտոնանկության կամ ընդհանրապես լիազորությունների դադարման հիմքերը և կարգը դուրս են որևէ պետական մարմնի, նաև` Ազգային ժողովի լիազորությունների շրջանակից, քանի որ անգամ սահմանադրական օրենքի փոփոխությամբ այդ հիմքերը չեն կարող ընդլայնվել կամ փոփոխվել: Հետևաբար՝ եթե որևէ պետական մարմին, որ իրավասու է գնահատելու այդ հիմքերի առկայությունը, գտնում է, որ առկա է ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարց, պարտավոր է, կրկնում եմ, ոչ թե հայեցողություն ունի, այլ պարտավոր է այդ հարցով անհապաղ դիմել ՍԴ: Այս հիմքերի և ընթացակարգերի շրջանակներից դուրս ցանկացած այլ ընթացակարգի, քաղաքական լսումներ և այլն, ոչ այլ ինչ են, քան միջամտություն դատավորի և դատարանի գործունեությանը, այսինքն՝ Սահմանադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում, որը պետք է որ արժանանա նաև իրավապահ մարմինների պատշաճ արձագանքին, այդ թվում` կանխարգելիչ:

– Արդյոք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կարո՞ղ է հանդես գալ այլ պետական մարմիններին ուղղված գրությամբ` հայտարարելով ՍԴ-ում ճգնաժամի և ՍԴ անդամների կողմից որոշումներ կայացնելու իրավունք չունենալու մասին:

– Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի կարծիքներին, ապա պետք է ասեմ, որ դրանցում առկա են քաղաքական գնահատականներ, ինչպես նաև որոշակի գործողություններ, որոնք կարող են դառնալ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք, ուստի, քանի որ այդ արարքների մասին վկայող իր գրությունը նա հասցեագրել է նաև ՍԴ բոլոր դատավորներին, և այն դատարանի կողմից բացառապես կարգապահական վարույթի հարուցման տեսանկյունից, այլ ոչ թե ընդհանրապես, նույնպես ուսումնասիրության փուլում է, չէի ցանկանա տալ հավելյալ մեկնաբանություններ:

Տեսանյութեր

Լրահոս