Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ճապոներեն սկավառակը միավորում է երկու երկրների մշակույթները

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ճապոներեն սկավառակը միավորում է երկու երկրների մշակույթները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի  ճապոներեն ձայնասկավառակը հայերին ճանաչելի է դարձնում Ճապոնիայում և հակառակը: Երգչախումբը սկավառակը թողարկել է  JVC Kenwood Victor Entertainment Corporation-ի հետ համատեղ: Ընդգրկվել են ճապոներեն 10  հայտնի երգեր, և, ըստ հրատարակողների տվյալների, այն բավականին մեծ վաճառք ունի Ճապոնիայի խանութներում և առցանց:

Հայաստանում խտասալիկի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի տասին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

«Շնորհանդեսին երգչախումբը համերգային փոքրիկ ծրագիր կներկայացնի, կցուցադրվի երգչախմբի մասին պատմող ֆիլմ և ձայնասկավառակին վերաբերող հոլովակ, որը շատ տարածված է Ճապոնիայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տիգրան Հեքեքյանը:

Նրա խոսքով` նախագիծն իրականացնելու ժամանակ բարդը լեզվական խոչընդոտը հաղթահարելն է եղել: «Չնայած դրան` երեխաները արագ անգիր սովորեցին  ճապոներեն երգերը և հսկայական բառապաշար ձեռք բերեցին: Ճապոնացիները զարմացած էին երեխաների ընդունակությունների վրա: Նշեմ, որ ձայնասկավառակի թողարկումից հետո շատ ճապոնացիներ խնդրում են մեր համերգները ներառել տուրիստական գործակալությունների փաթեթում»,-ընդգծեց Հեքեքյանը:

Դեսպան Էյջի Տագուչին ասաց, որ իր համար մեծ պատիվ է հանրահայտ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը կազմակերպելը:

«Այս տարի լրանում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և լավ է, որ այս գեղեցիկ իրադարձությունը համընկավ դրա հետ: Մշակութային փոխանակման ընթացքում երկու երկրներն էլ պետք է ընդունեն, ներկայացնեն ու տարածեն միմյանց մշակույթները: Դրա վառ օրինակը այս նախագիծն է. ճապոնական փոփ երգերի միջոցով հայերը ճանաչում են մեր երկիրը, մշակութային արժեքները, և հակառակը»,-նշեց նա:

Դեսպանի խոսքով` «Հայաստանի փոքրիկ երգիչները» Հայաստանի լավագույն դեսպանն է Ճապոնիայում:

Ծրագրվում է հետագայում թողարկել ևս 3 ձայնասկավառակ՝ հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններով:

Սա արդեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 4-րդ համագործակցությունն է ճապոնացիների հետ: Առաջինը 2005 թվականին էր, երբ Հայաստան ժամանեց հայտնի խմբավար Չիֆուրու Մացուբարան, և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ելույթ ունեցավ Չիֆուրու Մացուբարայի և Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:

Մյուսը` 2012-ին, երբ երգչախումբը հայտնի Մին-Օն երգչախմբային ասոցիացիայի հրավերով մեկնեց Ճապոնիա՝ 40-օրյա համերգային շրջագայության: Սա երգչախմբի պատմության ամենատպավորիչ և հիշարժան շրջագայություններից մեկն էր, որի մասին երգչախմբի սաները առ այսօր հիացմունքով են հիշում և պատմում: 

Հաջորդը 2016 թվականին էր, երբ երգչախմբի 6 սան հատուկ հրավերով մեկնեցին Ճապոնիա՝ մասնակցելու «Nodo Jiman the World» («Երգ Ճապոնիային») հեռուստատեսային ծրագրին և արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Հենց այս մրցույթն էլ 4-րդ անգամ համագործակցության պատճառ դարձավ՝ ձայնագրել  ճապոնական երգերի խտասալիկ:

Victor Entertainment Group-ի պրոդյուսերը՝ Հիրոշի Նագանոն, 2016 թ. գարնանը տեսնում է մրցույթը, որում ելույթ էր ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և շատ է տպավորվում։ Հաջորդ օրն իսկ նա կապ է հաստատում «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հետ և բանակցություններ վարում  երգչախմբի ձայնագրություններով ձայնասկավառակ թողարկելու վերաբերյալ:

 2016 թվականի հունվարին ծրագրի իրականացման համար ձայնագրող անձնակազմը ժամանեց Հայաստան: Խմբի հետ Հայաստան էին  ժամանել նաև օպերատոր, որը նկարահանում էր  Հայաստանի տեսարժան վայրերը: Նրանք ցանկանում էին ներկայացնել աշխարհին   ոչ միայն «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբին, այլև Հայաստան երկիրը, քանի որ իրենց խոսքերով Ճապոնիայում շատ քիչ տեղեկություններ կան Հայաստանի մասին:

Victor Entertainment կազմակերպությունը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուհետև ընդլայնվել է՝ ստեղծելով իր մասնաճյուղերը  Եվրոպայում, ինչպես նաև Ճապոնիայում՝  JVC  անվանումով:  Այն Ճապոնիայի ձայնագրության խոշոր կազմակերպություններից մեկն է։ Հիմնադրումից ի վեր ունի 90 տարվա պատմություն։ Աշխարհին են ներկայացնում փոփից մինչև դասական կատարողների լայն շրջանակ՝ Ճապոնիայից և արտասահմանյան երկրներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]