▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազմակերպիչն ասաց՝ հաղթող դառնալու բոլոր շանսերն ունի. հայտնի է Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացնողի անունը

 

Ամիսներ առաջ Asekose.am-ն անդրադարձել էր սեպտեմբերի 20-ից 27-ը Բուլղարիայում անցկացվող «Top International Model Of The World» մրցույթ փառատոնին, որում այս տարի Հայաստանը ներկայանալու է առաջին անգամ: Տեղեկացնենք, որ արդեն հայտնի է այն մասնակցի անունը, ով մոտ մեկ ամիս անց մեկնելու է Բուլղարիա և միջազգային բեմահարթակում ներկայացնելու է Հայաստանը: Այս մասին Asekose.am-ին հայտնեց մոդել, տվյալ մրցույթի հայաստանյան կազմակերպիչ, տնօրեն Դավիթ Ղարիբյանը:

«Ինչպես գիտեք, սեպտեմբեր ամսին Հայաստանն առաջին անգամ  մասնակցելու է Բուլղարիայում անցկացվող միջազգային ամենամյա «Top International Model Of The World» մրցույթ փառատոնին: Տվյալ մրցույթում մեր երկիրը ներկայացնելու է Էմիլ Ներսիսյանը, ով, ի դեպ, բացի մոդել լինելուց, նաև բալետի պարող է և աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Դավիթ  Ղարիբյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ Էմիլն ընտրվել է քասթինգի միջոցով՝ թե´ իր՝ որպես մրցույթի հայաստանյան կազմակերպչի և տնօրենի,  թե´ բուն մրցույթի կազմակերպիչների կողմից.

«Ելնելով ֆինանսական խնդիրներից՝ հատուկ որևէ մասշտաբային միջոցառում չի կազմակերպվել մեր մասնակցի ընտրության համար, պարզապես սոցիալական մի քանի ցանցերում տեղադրվել է հայտարարություն, որի հիման վրա էլ հավաքվել են մրցույթին մասնակցել ցանկացողները: Հետո արդեն, մեր կողմից հաշվի են առնվել թեկնածուների արտաքին տվյալները, ցուցանիշները, և արդյունքում ընտրվեց հենց Էմիլը»,- տեղեկացրեց Դավիթը:

Նշենք, որ Էմիլ Ներսիսյանի համար սա Հայաստանը  որպես մոդել ներկայացնելու առաջին լուրջ փորձն է:

Խոսելով Էմիլի՝ մրցույթում հաղթող դառնալու հնարավորությունների մասին՝ Դավիթ Ղարիբյանն ասաց, որ երբ ռումինական կողմը ծանոթացել է Էմիլի անձնական տվյալներին, նշել է, որ նա բոլոր հնարավոր շանսերն ունի դառնալու «Top International Model Of The World»-ի հաղթողը:

Իսկ թե տվյալ դեպքում ի՞նչ նոր դռներ կարող են բացվել մեր մասնակցի առջև, Դավիթ Ղարիբյանը մանրամասնեց.

«Սկզբում ասեմ, որ մրցանակներ սահմանված են մրցույթի բոլոր մասնակիցների համար, քանի որ այնտեղ կան մի շարք հովանավորներ, ովքեր աջակցում են «Top International Model Of The World»-ին: Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակցին սպասվում է գումարային մրցանակ, իսկ թե որքան, դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ այն մինչև վերջին օրը փոփոխության է ենթարկվում՝ կախված հովանավորների քանակից, ինչպես նաև մեծ հավանականություն կա, որ հաղթողը արտերկրում  աշխատելու մի շարք առաջարկներ կստանա»,- մանրամասնեց մրցույթի հայաստանյան տնօրենը:

«Top International Model Of The World» նորաձևության մրցույթն ընթանալու է երեք փուլով, որից առաջինի ժամանակ Էմիլը ներկայացնելու է մեր երկրի ազգային տարազը:

«Կապված ազգային տարազի հետ՝ ասեմ, որ այս պահին բանակցությունների մեջ եմ մի քանի նորաձևության տների հետ: Դիմել եմ ​«Մարաշլյան ռետրո ֆոտո ատելիե»-ին, սակայն չստանալով նրանցից վերջնական պատասխան, որոշեցի ժամանակ չկորցնել և դիմել մեկ այլ նորաձևության տան: Այդպես, ընտրությունս կանգնեց Տերյան մշակութային կենտրոնի հետ, որի հետ էլ, ամենայն հավանականությամբ, կհամագործակցենք: Առհասարակ, մենք շատ շնորհակալ կլինենք բոլոր այն մարդկանց, լրատվամիջոցներին, ովքեր կցանկանան մեզ հետ համագործակցել: Այս պահին շատ շնորհակալ եմ մեր հայաստանյան հովանավորներին՝ ԱրմՆյուզ հեռուստաընկերությանը և Asekose.am կայքին՝ մեր կողքին լինելու համար: Հույս ունեմ, որ այն համախմբվածությունը, որը որ կա տվյալ մրցույթի շուրջ, կնպաստի Հայաստանի հաղթանակին»,- նկատեց Դավիթ Ղարիբյանը:

Վերջինս հավելեց նաև, որ առաջիկայում մտադրություն ունի ընտրելու նաև «Top International Model Of The World»-ում Հայաստանը ներկայացնող աղջիկ մասնակցի, ում գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Անդրադառնալով Էմիլ Ներսիսյանի նոր ֆոտոշարքին, որը իրականացվել է Asekose.am-ի տաղավարներից մեկում, Դավիթը նշեց, որ այն կոնկրետ որևէ թեմա չի պարունակում իր մեջ և արված է հատուկ մրցույթի համար:

«Ֆոտոշարքն արվել է բացառապես մրցույթի համար: Էմիլի լուսանկարները տեղադրվելու են «Top International Model Of The World»-ի պաշտոնական կայքում, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ նրա և նրա տվյալների հետ: Այս դեպքում մեր առջև գեղեցիկ լուսանկարներ ստանալու խնդիր էր դրված՝ առանց որևէ ավելորդ աքսեսուարների: Այս հարցում ևս շնորհակալ եմ Asekose.am-ին՝ տարածքը տրամադրելու համար, ինչպես նաև լուսանկարիչ Վահե Մինասյանին և դիմահարդար Մարիամ Մկրտչյանին (Mar Makeup)»,- ասաց Դավիթը:

Զրույցի վերջում Դավիթ Ղարիբյանը նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համագործակցում են իր և Էմիլի հետ, դա անում են՝ ելնելով զուտ ընկերական հարաբերութուններից, ոչ մի ֆինանսական միջոց չի ծախսվում այս ամենն իրականացնելու համար:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին