Երևանում ապրող սիրիահայերը կարոտում են Հալեպում թողած իրենց տունը

February 27, 2019

Սոսի Միշոյանն ասում է, որ Սիրիայում երկու անգամ փրկվել է մահից, դա «հրաշք» էր:
Հալեպի ուսուցչուհին իր որդիներին՝ Ռուբենին ու Սևակին, դպրոց էր տանում, երբ ռումբը փողոց ընկավ: Երկրորդ անգամ, հրազենից կրակոցն այնքան մոտ էր եղել, որ նա լսել էր փամփուշտի ձայնը:
Միայն դրանից հետո, Սիրիայում քաղաքացիական պատերազմից երեք տարի անց, նա ընտանիքի հետ հավաքեց իրերն ու կատարեց 1400 կիլոմետրանոց ուղևորություն դեպի Հայաստան: Նրանք միացան մոտ 22 հազար սիրիահայերին, որոնք փախչում էին իրենց նախնիների հայրենիքը,  քանի որ սիրիական համայնքը քանդվել էր:
Հազարավոր սիրիահայերի նման, որոնք դեռ Երևանում են, տիկին Միշոյանը կարծում էր, որ տեղափոխությունը ժամանակավոր է: «Երբ Սիրիայում էինք, մտածում էինք, որ ամեն ինչ կավարտվի, ամեն ինչ շուտով կավարտվի», – The National –ին պատմում է տիկին Միշոյանը. Բայց չորս տարի հետո էլ դա տեղի չունեցավ:
Տիկին Միշոյանը և նրա ընտանիքը տեղահանության արդյունքում ձևավորված համայնքի մի մաս են: Սիրիայի, հարևան Լիբանանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների շատ հայեր Օսմանյան կայսրության փլուզումից հետո արտաքսվածների ժառանգներն են:
Այս տրավմատիկ ժառանգությունը ձևավորեց երկրի քաղաքացիական պատերազմի նկատմամբ շատ սիրիահայերի վերաբերմունքը: Համայնքը, ինչպես մյուս փոքրամասնությունները, վախենում էին ծայրահեղական իսլամիստներից, որոնք կռվում էին Ասադի դեմ ապստամբների շարքերում և հավատում էին Սիրիայի կառավարությանը:
Տիկին Միշոյանը նույնպես ստիպված էր հարմարվել համայնքի մի մասը դառնալու իրականությանը, համայնք, որն իր գործարարի խորաթափանցությամբ գոյության պայքար էր մղում հետխորհրդային Հայաստանում: Համաշխարհային բանկն ասում է, որ ծով ելք չունեցող մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող հանրապետությունում մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 4000 դոլար (14 700 դրամ):
Տիկին Միշոյանը նոր կյանք է սկսել Հայաստանում, աշխատում է լեզվաբանության ինստիտուտում և զբաղված է գիտությունների դոկտորական հետազոտությամբ: Նա ասում է, որ Հալեպ վերադառնալու մտադրություն չունի, անտեսելով այն հանգամանքը, որ զավակները մոռանում են արաբերենը, իսկ մասնագետներն էլ պնդում են, որ պատերազմն ավարտվում է: Չնայած նա Սիրիային «հայրենիք» է կոչում, նաև ասում է. «Հեշտ չէ կառուցել ու վերակառուցել, կառուցել ու վերակառուցել: Մենք ուրիշ տեղ գնալու ցանկություն չունենք»:
Չնայած վտանգներին, նրա ծնողները`հայրը Հրանտը և մայրը Լենան, որոնք 70 տարեկան էին, անցյալ տարվա վերջին վերադարձան Հալեպ: Ինչպես Սիրիայից փախած շատ տարեց հայեր, նրանք էլ պայքարում էին հարմարվելու և նոր կյանքի համար, նույնիսկ Հայաստանի հարաբերական անվտանգության պայմաններում:
Նրանց հիշողություններն այն ժամանակների մասին, երբ արաբախոս քրիստոնյա հայերը կազմում էին Սիրիայի համայնքի մի մասը, շատ ուժեղ էին:
Այդ հիշողություններն ունեն նաև երիտասարդ սիրիահայերը: Երևանի կենտրոնում սիրիահային պատկանող ծխով լցված սրճարանում 25-ամյա Մեղուրդի Դոնոն հիշում է իր կյանքի տարիները Հալեպում:
«Այնտեղի կյանքը շատ էի սիրում: Երբեք չէիր զգում, որ ինչ-որ մեկն ուրիշ ազգից է կամ կրոնից … Բոլորը միմյանց օգնում էին ու աջակցում», – ասում է նա: Սակայն, ինչպես տիկին Միշոյանը, տնտեսագիտության շրջանավարտն էլ փախավ, քանի որ կռիվն ավելի էր թեժանում: Նա դարձյալ կարծում է, որ դա կարճ դադար է, մինչև բռնության հանդարտվելը:
Կիպրոսում ապրող նրա քույրը ֆեյսբուքում սիրիական հրաձգության մասին տեսանյութը նայելուց հետո նրա համար Երևանի տոմս է գնել: Բոլորը կարծում էին, թե դա երկու-երեք ամիս կտևի, բայց արդեն վեց տարի է անցել, պարոն Դոնոն էլ դեռ Երևանում է:
Ի տարբերություն մյուս սիրիացիների, որոնք Եվրոպա փախան, սիրիահայ համայնքում շատերը կամ արդեն ունեին Հայաստանի քաղաքացիություն կամ էլ մեկ անգամ բնակություն էին հաստատել հայրենիքում: Սակայն զգացողությունը, որ տեղափոխությունը ժամանակավոր է, թույլ չէր տալիս ժամանողների մեծ մասին երկար մնալու ծրագիր կազմել: Նրանք վատնում էին իրենց խնայողությունները և պայքարում հարմարվելու նոր իրողությանը:
Նորեկների համար լուրջ խնդիր էր բնակարանների պակասը: Շատերն չշտապեցին Սիրիայից փեղափոխել իրենց խնայողությունները կամ գույքը: Սիրիայում նրանց աշխատանքը, օրինակ `ոսկյա և արծաթյա զարդերի արտադրությունը, չէին համապատասխանում Հայաստանի հիվանդ տնտեսությանը:
«Այո, նրանք պատրաստ չէին», - ասում է պարոն Դոնոն: «Հայաստան եկածների 70 տոկոսը պատրաստ չէր»: Ըստ «Հայաստանի Առաքելություն» հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Սոֆի Ներսիսյանի, թեև սիրիահայերը որոշ առավելություններ ունեին պատերազմի պատճառով տեղահանված այլ խմբերի նկատմամբ, օրինակ՝ Հայաստանում մնալու իրավունքը, տեղական լեզվի իմացությունը և համայնքային կապերի ցանցը, շատերը պայքարում էին նոր տներ գտնելու համար, իսկ հիմա էլ տեղացի հայերի հետ բախվում են նույն խնդիրներին՝  ցածր աշխատավարձ, բարձր գործազրկություն բնակարանների քչություն:
Որոշ դեպքերում, նույնիսկ ենթադրյալ առավելությունները `Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրավունքը, բախվում էին մեկ ուրիշ խնդրի: Բանակի տարիքի տեղափոխված սիրիացի տղամարդիկ չեն ուզում վերադառնալ Սիրիա, վախենալով, որ իրենց բանակ կզորակոչեն: Սակայն Հայաստանի քաղաքացիներն էլ են զորակոչվում, քանի դեռ երկիրը  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար ներքաշված է Ադրբեջանի հետ երբեմն արյունոտ հակամարտության մեջ:
Հայաստանն անվտանգ է, բայց մեկ շնչի հաշվով սիրիացի փախստականներ ընդունող երրորդ երկիրն է Եվրոպայում և այժմ քաղաքական իրարանցման մեջ է: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած փողոցային հեղափոխությունը անցյալ տարի իշխանությունից զրկեց Սերժ Սարգսյանին: Հայերը, որոնք հոգնել էին Կովկասի ամենաաղքատ երկրում տարիներ տևած միահեծան և կոռուպցիոն իշխանությունից, լավատես են: Պրն. Փաշինյանը, որն այժմ վարչապետ է, առաջարկում է նոր սկիզբ:



Կարդացեք նաև.



Որոշ սիրիահայեր անհանգստացած են սպասվող փոփոխություններից: Մյուսները, ինչպես տիկին Միշոյանն է, խանդավառությամբ մասնակցել են Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող փողոցային ցույցերին:
Ապագան մի բան է, անցյալը՝մեկ ուրիշ: Օսմանյան ժառանգությունը կրկին ու կրկին հայտնվում է սիրիահայերի զրույցներում, Խորհրդային Միության փլուզումից հետո շատ տեղացի հայեր Երևան են եկել, արտաքսվելով իրենց բնակավայրերից հարևան Ադրբեջանի հետ դաժան պատերազմի պատճառով: Տեղահանության և բռնության այս հավաքական հիշողությունը խորն է:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ դա իր ԴՆԹ-ում ունի», – ասում է պարոն Դոնոն:
Այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում քրիստոնեական համայնքները բռնության կամ ահաբեկման են ենթարկում, Սիրիայի հայերի ցրումը ևս մեկ հարված է տարածաշրջանի բազմազանությանը:
Հայերը տասնյակ տարիներ ապրել են ԱՄԷ-ում, նրանց թիվն ավելացավ Լիբանանի քաղաքացիական պատերազմից և իրանական հեղափոխությունից փախչողներով: Հայ համայնքի կեսից ավելին այստեղ սիրիական արմատներ ունի:
Դրանցից մեկը Շարժայի բնակիչ Հրաչ Քալսահանյանն է, որի հայրը Լաթաքիայում պատմական հայ համայնքից էր: Նա ասում է, որ շատ սիրիահայեր դեռևս հավատում են Սիրիայի կառավարությանը և հուսով են մի օր վերադառնալ: Բայց նաև պարզ էր, թե հակամարտությունն ինչպես է ազդել համայնքի վրա:
«Հալեպի շատ արդյունաբերական տարածքներ ավերվեցին ու կողոպտվեցին: Այնպես որ, բոլորն էլ շատ բան կորցրեցին», – ասում է նա: «Հայերն ունեին, ասենք, 40 եկեղեցի, որոնցից մի քանիսը,  նույնիսկ Դեյր զոր քաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանն ու կենտրոնը լրիվ ավերվել են»:
ԱՄԷ -ում ապրող մի քանի սիրիահայեր փախել են հակամարտությունից, սակայն տեղահանության ցավը կյանքը պայքար է դարձնում, հատկապես տարեցների համար: «Երբ ծեր ես, նման բաներից դառնում ես ընկճված ու շատ դժբախտ», - ասում է պարոն Քալսահակյանը: «Նրանցից ոմանք մահացել են, նույնիսկ այստեղ, դեպրեսիայի պատճառով, հավանաբար, արմատախիլ լինելուց»:
Սակայն սփյուռքի կապերը ուժեղ են. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը անցած ամիս այցելեց Աբու Դաբիի համայնք, իսկ Սիրիայում հայերի ներկայությունը, չնայած սպառնալիքին, պահպանվում է:
«Դա կավարտվի, երբ Սիրիայում այլև հայ չի մնա», – ասում է պարոն Քալսահակյանը: «Բայց առայժմ 70,000-ից մոտ 10,000 մարդ կա այդ երկրում»:
«Երբ այլևս հայեր չեն լինի, այն ժամանակ կարելի է ասել, որ ամեն ինչ վերաջացած է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում