Խաչանովը հաղթանակից հետո տեսախցիկի վրա գրել է՝ Artsakh Stay Strong

Խաչանովը հաղթանակից հետո տեսախցիկի վրա գրել է՝ Artsakh Stay Strong

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պի՛նդ մնա)։

Թենիսիստը գրառումն արել է խաղից հետո՝ կորտից հեռանալիս։ Խաղից հետո թենիսիստներն ավանդաբար գրառում են անում տեսախցիկի վրա։

Տիաֆոյի հանդեպ հաղթնակի շնորհիվ Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Australian Open-ին 1/8 եզրափակիչ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել էր։ Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը վերականգնվել է որոշակի սահմանափակումներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---