211652_close_icon
views-count5281 դիտում article-date 13:01 01-06-2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ: Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին: Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Նմանատիպ նյութեր