Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մունդիալ-2022. Արգենտինան աշխարհի չեմպիոնն է

Մունդիալ-2022. Արգենտինան աշխարհի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ,18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի «Լուսաիլ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Արգենտինան տիրում էր նախաձեռնությանը: Ֆրանսիան էլ փորձում էր վստահ գործել պաշտպանությունում: Հարավամերիկացիները մի քանի լավ հնարավորություն ունեինխաղի հաշիվը բացելու համար, սակայն հաջող էր գործում կամ Լյորիսը, կամ էլ արգենտինացիները շեղ էին հարվածում: Հանդիպման 22-րդ րոպեին ֆրանսիացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լեո Մեսին (6-րդ գնդակն այս աշխարհի առաջնությունում): Հարավամերիկացիները տիրում էին գնդակին գոլ խփելուց հետո էլ: Խաղի 35-րդ րոպեին արագ հակագրոհներից մեկի ժամանակ Արգենտինան խփեց նաև երկրորդ գնդակը: Մեսիի սկսած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Անխել դի Մարիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան ձգտում էր հավասարեցնել խաղը՝ շեշտը դնելով դիրքային գրոհների վրա: Եվրոպացիները խաղային իրավիճակներումներում երբեմն արագ չէին կողմնորոշվում և կորցնում էին հնարավորությունները: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ արգենտինացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում. 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կիլիան Մբապեն: Վերջինս ընդամենը մեկ րոպե անց խփեց նաև երկրորդ գնդակը (7-րդ գնդակն այս առաջնությունում):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն երկրորդ կեսի մեկնարկում Արգենտինայի կազմում մրցակցի տուգանային հրապարակում ճիշտ կողմնորոշվեց Լեո Մեսին՝ գրավելով մրցակցի դարպասը: Լրացուցիչ ժամանակից 3 րոպե առաջ Ֆրանսիան կրկին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ՝ այն դիպուկ իրացրեց Մբապեն (հեթ-տրիկ, 8 գնդակ այս ԱԱ-ում):

Ֆրանսիացին դարձավ բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, ով 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում:

Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաև 1978 և 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]