22:08  ,  12 հունիսի, 2018

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է

2017 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը կասեցվել է, այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Պատանիների պայքարին հայ ծանրորդները կկարողանան մասնակցել հունիսի 19-ից, իսկ երիտասարդների և մեծահասակների  մրցաշարերին՝ օգոստոսի 19-ից։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար։ Հետո արդեն Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը։ Նոյեմբերին էլ Աշգաբադում տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացրել դոպինգային խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականին: 

Ավելի վաղ reuters-ը հայտնել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ:

Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով