20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա ենթադրում է տարածքների զավթում. Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչները Հայկ Մարությանի հետ հանդիպում են պահանջում

Օպերայի հարակից տարածքը սրճարաններից ազատելու Երևանի քաղաքապետարանի որոշումը սրճարանների տնօրեններն ամանորյա տհաճ անակնկալ են համարում: 

Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց տարածքում գործող «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով տեղեկացրեց, որ հենց այս զրույցի պահին իրենք մի քանի սրճարանների ներկայացուցիչների հետ քննարկում էին խնդիրը։ Նրա խոսքով՝ սրճարանների ղեկավարներն այս հարցում միակարծիք են, գտնում են, որ քաղաքային իշխանության կողմից կայացվել է միակողմանի որոշում։

«Որոշումը միակողմանի է, մեզ հետ չեն խորհրդակցել, մեր կարծիքը չեն հարցրել, հանրային քննարկում չի եղել։ Պայմանագրի մասնակի խզում է, ինչը ենթադրում է անձանց տարածքների զավթում։ Սա այլ կերպ կոչվում է խլել, այո, կուլտուրական ձևով մեզանից խլում են մեր ունեցվածքը»,- ասաց նա։

Իսկանդարյանը շեշտեց, որ երբ տարածքը վարձակալել են, իրենց որևէ մեկը տեղյակ չի պահել, որ ինչ-որ մի պահի կարող է նման խնդիրներ առաջանալ։ Նա անթույլատրելի է համարում քաղաքային իշխանության նման գործելաոճը, այսինքն` այն, որ միայն լիազորագիր են ներկայացնում՝ ծանուցելով քանդման մասին։ Ավելին՝ Ա. Իսկանդարյանը նկատեց, որ իրենց՝ տարածքի վարձակալման ժամկետը չի ավարտվել։

«Կոշտ, կոպիտ, կարճ ասում են, որ քանդելու են։ Վարձակալության ժամկետներն ավարտված չեն, բոլորինը 2020 թ․-ից հետո են ավարտվում, հիմնականում ավարտվում են 26-27 թ-ին, կոնկրետ իմ պայմանագիրն էլ ավարտվում է 2026 թվականին»,- շեշտեց նա։

Սրճարանի սեփականատերերը դեռևս վնասի չափը չեն հաշվել, թեև քաղաքային իշխանությունը, ըստ Իսկանդարյանի, փոխհատուցում չի էլ առաջարկել։ Սակայն նա ընդգծեց, որ սրճարանի սեփականատերերը փոխհատուցում չեն ցանկանում, իսկ վնասը չեն դիտարկում զուտ ֆինանսական հարթության մեջ, քանի որ խնդիրն իրենց ապագային է վերաբերում։

«Փոխհատուցման մասին խոսք չկա, թեպետ մենք փոխհատուցում չենք ցանկանում, մենք մի կարգախոս ունենք՝ «թողեք, աշխատենք», որով էլ առաջ ենք շարժվելու, այլ բան չենք ուզում։ Վնասը մեր ապագայինն է լինելու, այստեղ ֆինանսական վնասի մասին դեռ չենք խոսում, կարևորագույն խնդիրն այն է, որ մենք մեր ապագայից ենք զրկվում։ Կարող են ասել, որ այ այս մեկը կարող է գնալ, այլ տեղ աշխատել, իսկ մյուսներն ի՞նչ անեն, սա մենք տարիներով ենք ստեղծել»,- ընդգծեց Իսկանդարյանը։

Վերջինս վստահեցրեց, որ եթե ՀՀ-ում կարողացել են ինչ-որ բան ստեղծել, ապա արտերկրում էլ ավելի շահեկան պայմաններ կան, սակայն իրենք չեն ցանկանում երկրից արտագաղթել, ցանկանում են իրենց հայրենիքում ներդրում անել։ Նա շեշտեց, որ սրճարանների ներկայացուցիչները պայքարելու են իրենց երկրում աշխատելու իրավունքի համար։ Ալեքսանդր Իսկանդարյանը ցավով նշեց, որ քաղաքային իշխանության այս որոշումը հանրության մի հատվածը սատարում է։ Թեև, ըստ նրա, հանրությունը սատարում է, քանի որ նրան սխալ է մատուցվում խնդիրը։

«Դրական բան են ներկայացնում, ասում են, թե կանաչապատվելու է։ Սակայն եկեք խոստովանենք, որ քաղաքային իշխանության վերահսկողության տակ գտնվող որևէ կանաչ տարածք իդեալական վիճակում չէ, կեղտոտ է։ Կարող են հիմնավորել՝ ասելով, որ գիտեք՝ սա նախկին իշխանությունների մեղքն է, բայց հիմա էլ մենք տեսնում ենք քաղաքի աղբը, քաղաքապետարանի հարակից փողոցների աղբը։ Իրենք հիմա չեն կարողանում քաղաքը մաքուր պահել, առկա կանաչ տարածքները մաքուր պահել, բայց ցանկանում են նոր կանաչ տարածք ստեղծել»,- շարունակեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այս պահին մի քանի սրճարանների ներկայացուցիչները պահանջում են մեկ բան՝ հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Ավելին՝ Իսկանդարյանը շեշտեց, որ ցանկանում են, որ հանդիպումը բաց լինի ու լրագրողների ներկայությամբ, քանի որ իրենք թաքցնելու որևէ բան չունեն, պարզապես ցանկանում են, որ խնդրի լայն քննարկում լինի։

Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին  հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ