Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը ներդնում է արտաքին պարտքը կայունացնող հարկաբյուջետային նոր կանոններ

Կառավարությունը ներդնում է արտաքին պարտքը կայունացնող հարկաբյուջետային 
նոր կանոններ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդնում է հեռանկարում արտաքին պարտքի կայունացմանն ուղղված և տնտեսական աճին չվնասող հարկաբյուջետային կանոններ: Խորհրդարանը քննարկում է  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծեց, որ ներկայումս գործող հարկաբյուջետային կանոնները շատ կոշտ են և թույլ չեն տալիս իրականացնել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն: «Համաձայն այդ կանոնների՝ եթե կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը  չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը: Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջեւ` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նրա գնահատմամբ՝ կանոնների այս համակարգը, չնայած պարզությանը, սահմանափակ է եւ չի ապահովում հարկաբյուջետային քաղաքականության բավարար ճկունությունը արտաքին տնտեսական ցնցումներին արձագանքելու տեսանկյունից: «Բացի այդ՝ վերջինս չի ապահովում բավարար ուղենիշներ արդյունավետ հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականության համար, մասնավորապես, ծախսերի կամ այլ կանոնի միջոցով հնարավոր չէ արձագանքել տնտեսական ցիկլերին եւ գերակայություն տալ ընթացիկ կամ կապիտալ ծախսերին, ինչը ձեւավորում է հարկաբյուջետային կանոնի արդիականացման հրամայականը: Այսպես. չնայած ֆինանսական ճգնաժամից առաջ համեմատաբար երկարատեւ բարձր աճին՝ ՀՀ-ում բացասական առաջնային հաշվեկշիռը պահպանվեց: Ավելի հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական բարձր աճի ժամանակաշրջանում ավելի բարձր առաջնային հաշվեկշիռների հնարավորություն կտար, այսինքն՝ ամուր կապ կլիներ հարկաբյուջետային հաշվեկշռի  եւ իրական ՀՆԱ-ի աճի միջեւ: Այսինքն` հարկաբյուջետային կանոնի սահմանափակության պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ կայունացման գործիք չի եղել. լավ տնտեսական ժամանակներում գերեկամուտները չեն խնայվել բավարար «բարձիկների» վերականգնման կամ ստեղծման համար: Արդյունքում՝ ՀՀ տնտեսությունը խոցելի է եղել արտաքին ցնցումների նկատմամբ, հարկաբյուջետային քաղաքականությունը պատմականորեն պրոցիկլիկ է եղել, իսկ կապիտալ ծախսերի կշիռը փոքր է եղել համադրելի երկրների համեմատ»,- պարզաբանեց Արամյանը:

Նախարարը նշեց, որ  նախագիծը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ առաջարկում է վերջինիս իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանոնակարգումներ: «Մենք առաջարկում ենք սահմանել նոր դրույթ, որի համաձայն՝ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսի շեմը, հարկավոր է հարկաբյուջետային քաղաքականությունը ծրագրավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ կապիտալ ծախսերն ավելի լինեն, քան պակասուրդն է: Այլ կերպ ասած՝ եթե պարտք ես վերցնում, ապա իրականացրու կապիտալ ծախսեր, որպեսզի տնտեսությունն աճի: Եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, պետք է նոր կանոն սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար: Եթե մեր պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը, ապա մենք պետք է ավելի խստացնենք: Այստեղ մենք ավելացնում ենք ևս մեկ կոշտ կանոն, որ պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի և հարկային եկամուտների հարաբերակցությունը, որպեսզի սեփական եկամուտների այլ աղբյուրները ևս ուղղվեն կապիտալ ծախսերի իրականացմանը և տնտեսական աճի հենքերի ուժեղացմանը»,- մանրամասնեց Արամյանը:

Նա հավելեց, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոսը գերազանցելու դեպքում կառավարությունը պարտավոր է հանրության առաջ հանդես գալ հաշվետվությամբ, որում կներկայացնի, թե ինչ քայլեր են իրականացվում 50 տոկոսի շեմին վերադառնալու համար: «Իսկ եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը, 60 տոկոսին վերադառնալու մեխանիզմները պետք է քննարկվեն խորհրդարանում, ինչպես քննարկվում է դրամավարկային քաղաքականությունը: Սա է հիմնական մոտեցումը: Դրված են նաև այս կանոնները բացառող երեք դեպքեր, որոնք են պատերազմական վիճակը, տարերային աղետները, ճգնաժամը»,- ասաց Արամյանը:

Նախագծերի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման եւ պետական բյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված եւ ճկուն դարձնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]