Բաժիններ՝

«Այնքան շատ էին մեղավորները, որ զոհերի չափ մարդու պետք է դատեին». ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյան

Ըստ մասնագետների՝ երկրաշարժերը կանխատեսելը շատ բարդ գործընթաց է: Առաջին անգամ կանխատեսվել է 1975 թվականին Չինաստանի Խայչեն քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը, որից օրեր առաջ չինացի գիտնականները վերլուծելով տարբեր գեոֆիզիկական դաշտերի ուսումնասիրության արդյունքները՝ սպասվող երկրաշարժի վերաբերյալ տեղեկություններ էին հաղորդել Խեբեյ նահանգի իշխանություններին:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, որոշ, այդ թվում՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժը կանխատեսել է սեյսմոլոգ, գեոէկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, երկրաշարժերի կանխատեսման «Գեոկվեյկ» կենտրոնի ղեկավար Սամվել Հակոբյանը, սակայն հետագայում երկրաշարժերի կանխատեսման իր մեթոդները գործնականորեն չեն կիրառվել:

Կանխատեսելի երկրաշարժերի նախանշաններն են՝ ստորգետնյա ջրերի մակարդակի, երկրամագնիսական դաշտի, ռադոն գազի անոմալ փոփոխությունները։ Անկանխատեսելի երկրաշարժերը նախանշաններ չեն ունենում։

Երկրաշարժի մագնիտուդը դրա ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։

Կարդացեք նաև

Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը, որը նրա անունով կոչվում է նաև Ռիխտերի սանդղակ։

Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցը: Ավերիչ երկրաշարժի հետևանքով Սպիտակը, Գյումրին ու Վանաձորը մարդկային մեծ կորուստներ ունեցան, որը մեծամասամբ ՀԽՍՀ-ում իրականացված անորակ շինարարության հետևանք էր, ինչի համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

Սպիտակի երկրաշարժի, սեյսմակայուն շինարարության անհրաժեշտության և թեմային վերաբերող այլ հարցերի վերաբերյալ 168.am-ը զրուցել է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանի հետ, ով երկար տարիներ զբաղեցրել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետի պաշտոնը:

– Սպիտակի երկրաշարժի հետևանքով ունեցանք000 զոհ: Աշխարհում ոչ մի տեղ երկրաշարժի պատճառով զոհերի նման թիվ չի արձանագրվում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մենք այդքան շատ զոհեր ունեցանք, կարո՞ղ էր զոհերի թիվն ավելի քիչ լինել:

– Սպիտակի երկրաշարժի պաշտոնական հայտարարված զոհերի թիվը մոտ է իրականությանը, քանի որ արդեն հայտնի է, թե որ բնակավայրում որքան զոհ է եղել: Սպիտակում՝ 4003, 1200-ը՝ Վանաձորում, 500-ը՝ Ախուրյանում, և այլն: Միակ դժվար որոշվող զոհերի թիվը Գյումրին է: Տարբեր հաշվարկներով այստեղ ստացվում է առավելագույնը 17000 զոհ: Երբ գումարում ես նաև գյուղերում զոհվածների թիվը, ստացվում է, որ000 զոհը մոտ է իրականությանը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ 7 մագնիտուդ երկրաշարժի համար զոհերի թիվը շատ-շատ է: Նման երկրաշաժեր, եթե լինում են ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում, այնտեղ զոհերի թիվն աննշան է լինում: 1989 թվականին Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ընդամենը 64 մարդ զոհվեց:

Ինչո՞ւ էր մեր զոհերի թիվը շատ: Պատճառները մի քանիսն են, բայց ես կաշխատեմ ասել էականները: Նախ, մեր հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգը թերագնահատված էր: Սովորաբար սեյսմիկ վտանգին համապատասխան են նախագծողները նախագծում շենքերը. այսինքն, եթե Գյումրին գտնվում է ինը բալանոց գոտում, ապա պետք է շենքերը նախագծվեին 9 բալի հաշվարկով: Մինչդեռ շենքերը կառուցվել էին 7, 8 բալի համար: Բայց եղավ 9 բալ, իսկ Սպիտակի շրջանում՝ 9-10 բալ: Նախագծողներին սեյսմաբանները ոչ լիարժեք տվյալներ էին տվել, վտանգը թերագնահատված էր:

Երկրորդ ամենակարևոր պատճառը ԽՍՀՄ-ում իրականացված անորակ շինարարությունն էր: Խորհրդային տարիներին կառուցած երեք տիպի խոշոր բազմաբնակարան, առողջապահական և կրթական հաստատությունների շենքերը շատ անորակ էին կառուցված: Չէին պահպանվել շինարարության տեխնոլոգիաները, շինանյութերը ստանդարտին չէր համապատասխանում, և ամենակարևորը՝ նախագծերից շեղումներ կային, որն անթույլատրելի էր:

Գյումրիում 147 բնակելի շենք փլուզվեց, մեծ մասը՝ 5 հարկանի և ավելի: 9 հարկանի բոլոր շենքերը կարկասային 111-րդ սերիայի, այնքան անորակ էին, որ սրանց 85 տոկոսն անմիջապես փլուզվեց, 15 տոկոսն էլ պիտանի չէին շահագործման համար, որոնք հետագայում քանդեցին: Երրորդ պատճառը մարդկանց անպատրաստ լինելն էր:

Բժիշկների մեծ մասը լավ չգիտեին, թե ինչպես գործել երկրաշարժի հետևանքով խեղված մարդկանց առաջին օգնությունը ցույց տալու համար: Պանելների տակից հանում էին ձեռքերը կամ ոտքերը վնասված մարդկանց, թունավորված արյունն անցնում էր մարդու օրգանիզմ, մարդը մահանում էր: Հատուկ փրկարարներ չկային այդ ժամանակ: Ժողովուրդն անպատրաստ էր, իշխանություններն էլ չէին կարող վերահսկել իրավիճակը: Գյումրիում 3-րդ, 4-րդ օրը նոր բանակի օգնությամբ իրավիճակը վերահսկվեց: Մինչև իշխանությունները կարողացան իրավիճակը կարգավորել, Գյումրիում փողոցներն այնքան էին խցանված ավտոմեքենաներով, որ հրշեջ, շտապօգնության մեքենաները չէին կարող տեղաշարժվել: Հետո կամաց-կամաց քաղաքը փակեցին դրսից եկող մեքենաների համար, որոշ չափով բեռնաթափվեց, նոր սկսեցին այդ մեքենաներն աշխատել:

Ինչո՞ւ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց իրականացված անորակ շինարարության համար:

– Շատ լավ հարց է: Սովետական Միության ղեկավարությունը փորձեց գործ հարուցել շինարարությունն իրականացնողների նկատմամբ: Բայց այնքան շատ էին մեղավորները, որ, եթե դատեին, զոհերի չափ, գրեթե 25000 մարդու պետք է դատեին: Դրա համար միանգամից դադարեցրեցին այդ գործը: Եթե դատեին, նախագծողներին, սեյսմաբաններին, շինարարներին ամենաշատը պետք է դատեին:

Տեսեք, ցեմենտ արտադրում էին Հրազդանում կամ Արարատում: Այն Գյումրի բերելու համար հատուկ ցեմենտավոզներ չկային: Բաց բեռնատարներով էին բերում՝ ինքնաթափերով: Ճանապարհին քամին քշում, տանում էր այն: Սա՝ մեկ: Երկրորդը, երբ ցեմենտը բերում-լցնում էին շինարարական հրապարակ, չկար հատուկ նախատեսված տեղ, որտեղ այն կլցնեին: Անձրևը, ձյունը փչացնում էր այն: Բացի այդ, կամաց-կամաց գողանում էին: Հաջորդը, խանութներում ցեմենտ, ընդհանրապես շինանյութ չէին վաճառում, սակայն մասնավոր շինարարություն Հայաստանում գնում էր: Մարդիկ շինարարներից էին գնում ամրանները, նաև՝ այլ շինանյութ ու ցեմենտ:

Շինարարին էլ հարցնող չկար՝ սա որ վաճառում ես, ո՞նց պետք է դու շինարարությունն իրականացնես: Այն ժամանակ բազմաբնակարան շենքերի շաղախը ձեռքով կարող էիր քանդել, որովհետև նախ՝ ցեմենտի մարկան՝ որակը, չէր համապատասխանում իրականությանը, երկրորդ, ցեմենտի քանակը շատ քիչ էր: Բոլորը գիտեին, որ ցեմենտը վաճառում են շինարարության վրայից, բոլորը գիտեին, որ կորուստներ էին լինում, բոլոր գիտեին, որ մեր գործարանների արտադրած ցեմենտը համապատասխան որակ չունի: Մեր գործարաններբ ուղիղ 200 կամ 400 մարկայի ցեմենտ չէին կարողանում արտադրել:

– Երկրաշարժի հետևանքով ինչպիսի՞ բեկվածքներ առաջացան:

– Դրանց երկրաբանական հետևանքներ են անվանում, որոնք երկու տիպի են: Երկու խոշոր բեկվածք առաջացան՝ 10 և 11 կմ երկարությամբ: Մեկը՝ Վանաձորի դիմաց Հալավար գյուղի մոտ, մյուսը՝ Գեղասարից ձգվեց Սպիտակ և մի քիչ շարունակվեց: Դրանք խոշոր սեյսմատեկտոնական բեկվածքներ են, բայց և եղան երկու խոշոր սեյսմագրավիտացիոն սողանքներ Ձորաշեն գյուղի մոտ: Մոտ երկու տոննա զանգվածը թեք լանջով տեղաշարժվեց մինչև 100 մետրից ավելի՝ թիկունքում առաջացնելով մինչև 300 մետր երկարությամբ, 25 մետր խորությամբ ձորեր:

– Շիրակի մարզում քանի՞ ակտիվ երկրաշարժային գոտիներ գոյություն ունեն:

– Շիրակի մարզը երկու խոշոր օջախային գոտիների ազդեցության տակ է: Մեկը հայտնի Սպիտակի օջախային գոտին է, որը ձգվում է Վանաձորից՝ Սպիտակով՝ դեպի Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղ, որտեղ երկար ժամանակ երկրաշարժ չէր եղել, սակայն հանկարծակի եղավ 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Մինչդեռ Սպիտակում սեյսմաբանները հնարավոր երկրաշարժի ուժգնությունը գնահատում էին 7 բալ:

Երկրորդ հայտնի օջախային գոտին, որը կրկին մեծ սպառնալիք է պարունակում, Թուրքիայի տարածքում գտնվող Տեկորից Անիից, Գյումրիով անցնում է դեպի Ստեփանավան: Տեկորի 1935 թվականի երկրաշարժը, Անիի միջին դարերի, Լենինականի 1926 թվականի երկրաշարժը, դրանք բոլորը կապված են այս բեկվածքի հետ: Այս բեկվածքը շատ ակտիվ է, և երկրաշարժերի օջախները, հիմնականում՝ սկսած Բայանդուրից, սպառնում են Շիրակի մարզին:

Եվ կա երրորդ օջախը՝ Ախալքալաքի սեյսմաակտիվ գոտին, որտեղ թույլ երկրաշարժերը բավական մեծ են: Ամբողջ Կովկասի տարածքում չկա նման մի տարածք, որտեղ այդքան մեծ քանակի երկրաշարժեր լինեն, որքան այստեղ, որը կապված է Ախալքալաքի տարածքի երկրաբանական կառուցվածքի հետ: Այստեղ հազվադեպ լինում են ուժեղ երկրաշարժեր, որոնք սպառնում են Աշոցքի և Ամասիայի ենթաշրջաններին:

– Որքանո՞վ է հնարավոր երկրաշարժերը կանխատեսել:

– Հնարավոր է, եթե երկրաշարժն ունենա նախանշան, ինքն իրեն ցույց տա: Այսինքն, լավ դիտարկումների ցանց, մասնագետներ ունենաս, օպերատիվ տվյալները մշակես և հավաքես, այդ դեպքում հնարավոր է, բայց կան երկրաշարժեր, որոնք անհնար է կանխատեսել: Այսօրվա գիտության մակարդակը թույլ չի տալիս լիովին կանխատեսել երկրաշարժերը:

– Առաջիկա 20 տարում կա՞ Սպիտակի երկրաշարժի կրկնության հավանականություն:

– Ոչ ոք չի կարող ասել, որովհետև դա արդեն կոնկրետ կանխատեսում է: Նախ, խոսքը երևի ուժող երկրաշարժի մասին է, որը կարող է լինել, կարող է չլինել: Մենք այժմ տվյալ չունենք, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում նման ուժեղ երկրաշարժ կարող է լինել:

– Ինչո՞ւ է շրջանառվում վարկածը, որի համաձայն՝ Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցած պայթյունի հետևանք է: Չէ՞ որ փաստերով հակառակն է ապացուցված:

– Ժողովուրդը նման հիմար բաներին հակված է հավատալու: Մեկն ասել է, թե Սպիտակի մոտ ռազմաբազա կար, այնտեղ պայթյուն է եղել, դրա համար էլ հավատում են:

– Երկրաշարժի հետևանքով ինչպիսի՞ վնասներ կրեցին «Կումայրի» արգելոցի շինությունները:

– «Կումայրի» արգելոցի շինությունների մեծ մասը լավ դիմացան, դրանց մեծ մասը երկու երկրաշարժի են դիմացել, սակայն լավ տանիք չունենալու պատճառով՝ ահագին խարխլվել են: Կան շենքեր, որոնց տերերը շահագործել են, և լավ են դիմանում, կան, որ չեն դիմանա, քանի որ անձրևի, ձյան տակ իրենք իրենց քայքայվել են: 1200 շենքերի մեծ մասը նոր հնարավոր երկրաշարժին կարող են դիմանալ, բայց կլինեն շենքեր, որոնք կքանդվեն:

– 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը փաստեց, որ 111-րդ սերիայի շենքերը գրեթե ամբողջովին քանդվեցին: Ի՞նչ երաշխիք կա, որ նմանատիպ ուժեղ երկրաշարժի կրկնվելու դեպքում չենք ունենա նախորդ պատկերը: Չէ՞ որ Գյումրիում երրորդ, չորրորդ կարգի վթարային շենքեր էլ կան, որտեղ մարդիկ են բնակվում:

– Այժմ Գյումրիում 111-րդ սերիայի շենքեր չկան: Այդպիսի շենքեր կան Երևանում՝ 250 հատ, Վանաձորում՝ բավական մեծ քանակով, և մյուս բնակավայրերում: Այժմ Գյումրիում կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի լավ է, քան երկրաշարժից առաջ կառուցվածների, քանի որ սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացվեց: Երևանում շենքերը 7-8 բալի համար էին նախագծվում, հիմա՝ 9 բալի համար, նույնը՝ Գյումրիում: Գյումրիում շատ լավ ավանդույթ մտցվեց «Լինսի» հիմնադրամի շնորհիվ:

Ծրագրի ղեկավար Հրայր Սարգսյանի շնորհիվ բացառիկ որակով շենքեր կառուցվեցին: Որպես հզոր անհատ՝ նա ստիպեց, որպեսզի շինարարները որակով կառուցեն շենքերը: Այժմ շինարարից անկախ շինարարության որակի հսկող կա: Նախկինում ևս կային հսկիչներ, սակայն շինարարից էին գումար ստանում: Դա նշանակում էր՝ շինարարն ինչ անի, հսկիչը ձայն չպետք է հաներ: Հիմա հսկիչը պատվիրատուից է գումար ստանում: 2500-ից ավելի շենքեր կառուցվեցին, չհաշված՝ դպրոցներ Գյումրիում, բացարձակ բարձր որակի: Դրանք 100 տոկոսի ցանկացած ուժեղ՝ 9 բալի երկրաշարժի կդիմանան:

Նախկինում նախագծողներն օգտվում էին սեյսմակայուն շինարարության Սովետական Միության նորմերից: ԽՍՀՄ-ն անծայրածիր տարածք ուներ, ուստի հնարավոր չէ բոլոր տիպի գրունտներն ու երկրաբանական կտրվածքները հաշվի առնել: Այժմ Հայաստանն ունի իր նորմերը, որը բնորոշ է մեր ապարներին, գրունտներին: Այժմ ցանկացած նախագիծ փորձաքննություն է անցնում:

Երկրաբանական, սեյսմիկ փորձաքննություն, թե ինչ գրունտների վրա է կառուցվելու շենքը, ինչպիսի սեյսմիկ պայմանների համար: Ստուգվում է՝ արդյո՞ք նորմերին համապատասխանում են շենքերի կոնստրուկցիաները: Ավելի կարևոր է, որ շենքերի կոնստրուկցիաներն այնպես կառուցվեն, որ դիմանան տվյալ տարածքի հնարավոր ամենաուժեղ երկրաշարժին:

Մեր խնդիրն այժմ Գյումրու 88 բազմաբնակարան վթարային շենքերն են: Վթարայինները սկսվում են երրորդ աստիճանից, սակայն 12 շենքերի վիճակն այնքան վատ է, որ, եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժը, մենք զոհեր կունենանք հիմնականում այդ շենքերում:

Մասնավոր կառուցված տները բավական լավ դիմացան ցնցումներին: Գյումրիում կային 20000-ից ավելի մասնավոր տներ, դրանցում զոհերի թիվը 300-ից չանցավ: Հիմա շենքերը կառուցելիս՝ երկաթ, ամրան էլ են օգտագործում, ցեմենտի որակն էլ անհամեմատ լավն է:

Շենքերի վերաբերյալ ձեր կառույցի գործառույթները որո՞նք են: 

– Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը շենքերի վրա հատուկ հսկողություն սահմանելու իրավունք չունենք: Այլ հարց է, եթե մեզ դիմեն իշխանությունները: Քաղաքաշինության նախարարությունն ունի շինարարության տեսչություն, վերահսկելն իրենց գործառույթն է: Օրինակ, առաջին փուլում «Մուշ» թաղամասի կառուցված շենքերն այնքան էլ լավը չէին:

Սեյսմակայուն շենքերի նոր տիպերի վերաբերյալ ինչպիսի՞ նոր առաջարկներ ունեք ներկայացված:

 – Աշխարհում սկսում են տարածվել ոչ միայն մոնոլիտ շենքերը, որոնք թանկ են և ծանր, այլ սկսում են մշակել նոր մեթոդներ, որպեսզի շենքերը դիմակայեն երկրաշարժերին: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն աշխարհում լիդերների շարքում է երկու մեթոդներով շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեկը կոչվում է իզոլյացիոն կամ մեկուսիչ համակարգեր, որպեսզի շենքը մեկուսանա գետնի տատանումներից, և երկրաշարժերի դեպքում ցնցումների պատճառով շենքերը չքանդվեն:

Առաջինը ռեզինամետաղական բարձիկների կառուցումն է շենքի տակ, 20 սմ բարձրությամբ, մոտ 20 սմ տրամագծով: Դրանք մետաղյա դիսկեր են, մեջը՝ ռեզին: Երբ շենքը սկսվում է տատանվել, գրունտն անմիջապես շենքն իր հետևից չի տանում: Ռեզինամետաղական բարձիկը թեքվում է, շենքը մնում է իր տեղում: Բարձիկը մինչև 1-2 բալ նվազեցնում է շենքի վրա ազդող սեյսմիկ ուժերը:

Շենքերի կառուցման այս մեթոդն աշխարհում տարածված է: Նույնիսկ Հայաստանում սկսեցին ռետինամետաղական բարձիկներ արտադրել երկու գործարան՝ «Նաիրիտում» և ռեզինամետաղական իրերի գործարանում, որը և մատչելի էր, և մեր արտադրանքն էր: Հետո, չգիտեմ ինչու, այդ մեթոդին ուշադրություն դարձնող չեղավ: Անհատները, պատվիրատուները տեղյակ չէին, որպեսզի այդ մեթոդը կիրառեին:

Գյումրիում էլ Հանթսմանի շենքերից երկուսը կառուցված են ռեզինամետաղական բարձիկների վրա: Սպիտակում ևս նման շենքեր կառուցվեցին:

Մյուս մեթոդը բարձրահարկ շենքերի վրա կառուցում են լրացուցիչ հարկ՝ մոտ 250 տոննա կշռող, որը կոչվում է էլաստիկ հարկ: Եթե երկրաշարժի ժամանակ շենքը տատանվում է ձախ, էլաստիկ հարկը շենքը քաշում է աջ: Սա էլ է արդյունավետ մեթոդ: Նման մի շենք կառուցվեց Վանաձորում, և դրանով ամեն ինչ վերջացավ: Քաղաքաշինության նախարարությունը պետք է նորությունների պոչը բռներ և խեղդեր նախագծողներին, որպեսզի այդ տեխնոլոգիաները ներդնեին շինարարության մեջ:

Եվ վերջին հարցը՝ ինչո՞ւ երկրաշարժից հետո հնարավոր չեղավ Աղետի գոտու բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովել:

– Եթե բլոկադան չլիներ, ռուս շինարարները չգնային, երկու տարվա մեջ անօթևանների հարցն անպայման կլուծվեր, քանի որ վեց ամսից ավելի ծախսվեց շինարարական բազաներ ստեղծելու համար:

Նկատի ունեմ՝ շինարարական նյութեր արտադրող կամ վերամշակող, բետոնե պանելներ, ամրաններ պատրաստելու արհեստանոցներ: Սովետական Միության տարբեր ծայրերից 24000 շինարարներ եկան Գյումրի, որոնց պետք էր բնակարաններով ապահովել, որ մարդիկ գոնե գիշերելու տեղ ունենային: Շինարարները մի տարի նորմալ աշխատեցին, շինարարական հրապարակներ կառուցվեցին: Անի թաղամասում 1000 շենքի հիմքերը սկսեցին գցել, հետո սկսվեց շրջափակումը, որի հետևանքով և տեխնիկա չեկավ, և շինանյութը, բայց եղածն արդեն բավարար էր, որ մեծ թվով անօթևանների բնակարաններով ապահովեին:

Եթե երկու տարի հնարավոր լիներ, որպեսզի դրսից եկած 24000 շինարարները լրիվ հզորությամբ աշխատեին, ապա անպայման բնակչության անօթևանության խնդիրը կլուծվեր երկրաշարժից հետո գոնե մինչև 1992 թվականը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս