Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պետեկամուտների կոմիտեն որդեգրել է բոլորի համար գործունեության հավասար դաշտ ապահովելու քաղաքականություն. ՊԵԿ-ը պարզաբանում է Lragir.am-ում հրապարակված տեսանյութը

Պետեկամուտների կոմիտեն որդեգրել է բոլորի համար գործունեության հավասար դաշտ 
ապահովելու քաղաքականություն. ՊԵԿ-ը պարզաբանում է Lragir.am-ում հրապարակված 
տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Lragir.am կայքում հրապարակված  «Հարկային մարմինները գործարարներին տրամադրում են վարչապետի դեմ. Ահազանգ» վերնագրով տեսանյութի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ , մասնավորապես ասվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որդեգրել է բոլորի համար գործունեության հավասար դաշտ ապահովելու քաղաքականություն՝ որպես առաջնահերթություն ընդգծելով օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Միաժամանակ, ՊԵԿ գործելաոճի առանցքում գործընկերային շփումն է, որի համաձայն յուրաքանչյուր քայլ լինելու է թափանցիկ և բիզնեսի շահերից բխող: Թերևս սրանք միայն խոսքեր չեն, քանի որ ամիս առ ամիս ավելացող հարկային մուտքերի աճը ևս ապացուցում է, որ ՊԵԿ կողմից իրականացվող գործունեությունը ամբողջովին արտացոլում է վերջին ամիսներին երկրում տիրող նոր իրողությունները:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ Lragir.am յութուբյան էջում հարկային մարմնի գործունեությանն առնչվող տեսանյութին և ներկայացնել ՊԵԿ նկատառումները, քանի որ նման ապատեղեկատվության տարածումը կարող է անհանգստության ալիք բարձրացնել որոշ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների մոտ: Ինչ խոսք, տեսանյութից ակնհայտ է, որ հարկային օրենսդրության որոշ դրույթների մասին ելույթ ունեցող անձի (այսուհետ՝ հեղինակ) գիտելիքները բավարար չեն, իսկ հարկային հսկողության վերաբերյալ պատկերացումները՝ կցկտուր, ինչի արդյունքում էլ հեղինակի կողմից արված դատողությունները ոչ պրոֆեսիոնալ են և ամբողջովին չեն արտացոլում իրականությունը: Մասնավորապես, տեսանյութում հեղինակի կողմից ներկայացված «խնդիրները» առանձնացվել են ըստ որոշակի ուղղությունների, որոնց վերաբերյալ ներկայացվում է ՊԵԿ նկատառումները.

         1) Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, հսկիչ գնումների, համալիր հարկային ստուգումների և գործունեության կասեցումների վերաբերյալ

         ա) ՀՀ հարկային օրենդրությունը համակողմանիորեն  չուսումնասիրելու արդյունք են հեղինակի այն մեկնաբանությունները, որ «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման շրջանակներում՝ հարկային մարմինը իրավասու չէ ստուգելու ՀԴՄ կտրոն տրամադրելու-չտրամադրելու փաստը, այլ կարող է ստուգել ընդամենը հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը 1. աշխատում է, թե ոչ, 2.«Z» հաշվետվությունը կարողանում են տպել, թե ոչ» և ՀԴՄ կտրոն չտպելու ստուգումը դա հսկիչ գնում իրականացնելն է:»

Այսպես, ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումը համարվում է թեմատիկ հարկային ստուգման տեսակ, իսկ 343-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ գնումը համարվում է հարկային ուսումնասիրության տեսակ: Ընդ որում, եթե հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ժամանակ ստուգվում են միայն ՀԴՄ-ի կիրառության կանոնները, ապա հսկիչ գնման դեպքում՝  ուսումնասիրության շրջանակը ավելի լայն է:

Միաժամանակ, Օրենսգրքի 345-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված է, որ հսկիչ գնումների իրականացման կարգն ու պայմանները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում: Ավելին, ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի թիվ 904-Ն որոշմամբ հաստատվել է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը, որի 9-րդ կետով ևս սահմանված է, որ կարգի դրույթները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:

Վերը նշված դրույթները ցույց են տալիս, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության մեջ հավաստիանալու տեսանկյունից, ըստ էության, ՀԴՄ ստուգման և հսկիչ գնման ուսումնասիրության միջև տարբերություններ առկա չեն:

ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելվածի 24-րդ կետով սահմանված են այն բոլոր դեպքերը, որոնք Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ դիտվում են որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում: Ընդ որում, ընդհանուր առմամբ դրանք դասակարգված են 6 խմբի, որոնցից միայն մեկն է հեղինակի կողմից նշված «տպել/չտպելը», այսինքն՝ գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքի (այդ թվում՝ կանխավճարի) չմուտքագրումը:

         բ) «Հիշեցնում եմ հարկային մարմիններին, հարկային օրենսգրքի 339 հոդվածը, որ նախքան գործողություններ սկսելը, նրանք պարտավոր են հանձնարարագիրը ներկայացնեն» արտահայտության վերաբերյալ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում գործող օրենսդրության դրույթներին,  քանի որ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո:

         գ) Ինչ վերաբերում է հեղինակի կողմից նշված՝ «մտեք ՊԵԿ-ի կայքը ու ընդեղ մի հատ pdf ֆայլ կա, որտեղ ցույցա տալիս այս տարվա պլանավորվելիք ստուգումները......եթե Ձեր ընկերությունը էդ ցուցակում չկա, ապա Ձեզ ստուգելու համար հատուկ հրաման պիտի լինի, հատուկ հանձնարարական պիտի դուրս գա, որ դուք պլանայինի մեջ չեք մտնում, բայց էնքան ռիսկային եք, որ ես դիմել եմ պետին, պետն էլ ասելա, այո քո դիմումը հիմնավորա գնա մի հատ էլ իրան ստուգի.....» արտահայտությանը, ապա այն հարկ վճարողների շրջանում կարող է առաջացնել տարընկալում և նման ձևով հարկային վարչարարության գործիքների ներկայացումը առնվազն կարելի է որակել որպես ապատեղեկատվության տարածում, քանի որ հեղինակի կողմից չի նշվում այն հանգամանքը, որ հրապարակված հարկ վճարողների ցանկը վերաբերում է համալիր հարկային ստուգումներին, այլ ոչ թե թեմատիկ ստուգումներին և արտագնա ուսումնասիրություններին:

Այս առումով հարկ ենք համարում նշել նաև, որ Օրենսգրքի 336-րդ հոդվածով սահմանված է համալիր հարկային ստուգումների պլանավորման և տարեկան ծրագրի հաստատման գործընթացը, սակայն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են թվով 11 դեպքեր, երբ հարկ վճարողի մոտ կարող են իրականացվել համալիր հարկային ստուգումներ, եթե նույնիսկ վերջինս ընգրկված չէ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում, օրինակ՝  հարկ վճարողի դիմումի, հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա և այլն: Այսինքն՝ հեղինակի կողմից նշված «դիմել եմ պետին, պետն էլ ասելա» մոտեցմամբ հարկային մարմնի կողմից համալիր հարկային ստուգման հանձնարարագրեր հրապարակվել չեն կարող:

        դ) Ինչ վերաբերում է հեղինակի կողմից նշված գործունեության կասեցումներին, ապա վերջինս հարկային մարմնի կողմից կատարվող կամայական գործողություն չէ, այլ կասեցման դեպքերը ու հիմքերը սահմանված են Օրենսգրքով (384-րդ հոդվածի 1-ին մաս), որի համաձայն կասեցվում է այն հարկ վճարողների գործունեությունը, որոնք խախտումը կատարելուց հետո մեկ տարվա ընթացքում նորից կրկնում են այն:

 Հեղինակի կողմից ակնհայտորեն խնդիրները դիտարկվում են միակողմանի, օրինակ վերջինս նշում է, որ «Վերջին ամսում մի 50 հատ խանութի գործունեություն կասեցվելա, ամենքը մի 5-6 օրով առնվազն: Պատկերացնում եք ինչքան հարկ քիչա մտնում պետբյուջե, քանի 100 հազարներից մեզ զրկելա ՊԵԿ-ը», սակայն գրեթե չի խոսում այն մասին, որ դա Օրենսգրքով սահմանված գործընթաց է: Միաժամանակ որևէ գնահատական չի տրվում այն արատավոր երևույթին, թե քանի «100 հազարներից է զրկվում ՀՀ պետական բյուջեն», երբ հարկ վճարողների կողմից հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով չեն փաստաթղթավորվում կանխիկ դրամով կատարվող գործարքները՝ դրանով իսկ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը և դրանից հաշվարկվող հարկերը:

         ե)  Հեղինակի կողմից կատարված՝ «300 հազար տուգանքը ինչ Ալեքս-Գրիգին տուգանես, ինչ փոքր մի հատ խանութի, իրանց համար նույն բեռնա Ձեր կարծիքով, չեք հասկանում, որ դրանով դուք վատացնում եք երկրի վիճակը» արտահայտությունը նույնպես վկայում է վերջինիս իրազեկվածության պակասի մասին, քանի որ Օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված է, որ  հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում հարկ վճարողը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից:

Ի գիտություն հեղինակի՝ հայտում ենք, որ իր իսկ կողմից նշված Ալեքս-Գրիգ ՍՊԸ-ում իրականացված վերջին հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգմամբ ընկերությունը տուգանվել է շուրջ 175 մլն. դրամի չափով:

         զ) Հեղինակի կողմից արված՝ «Հարկային մարմինները՝ ի դեմս իրանց վերադասի, այլ քաղաքական ուժերի շարունակություն են, եթե քաղաքականության մասին խոսենք, որոնք որ մինչև օրս հանրապետականքների սատարող կառույցներ են,  հանրապետականքների թիմից են, թայֆենա նույն ու սրանք փորձում են ժողովրդին վատություն անելով, գործունեությունները կասեցնելով, սրսկելով դեմ հանեն իմ Վարչապետին» արտահայտությանը և նմանատիպ մնացած արտահայտություններին նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, քանի որ դրանք անհիմն հերյուրանքներ են կամ պարզապես  հեղինակի «չարամիտ» երևակայության արդյունքը:

         2) Հեղինակի վստահորդ հանդիսացած անհատ ձեռնարկատիրոջ մոտ հարկային մարմնի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ

         Հարկային մարմնի կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ դեռևս 12.06.2018թ. հրապարակվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հանձնարարագիր, քանի որ վերջինս հարկային մարմնի վերլուծությունների արդյունքներով դիտարկվել է ռիսկային՝ պարբերաբար թերհայտարարագրելով իրացման շրջանառությունը: Նշվածի մասին վկայում է նաև վերջինիս հարկային պատմությունը, մասնավորապես՝ 2015 թվականից առ այսօր հեղինակի կողմից նշված «անընդհատ ՀԴՄ տպող» անհատ ձեռնարկատերը, ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու համար տուգանվել է 4 անգամ:

 Հեղինակի կողմից նշվում է, որ «հարկային տեսուչները մտնում են, ասում են գիտես ինչ կա իրավիճակա փոխվել, մենք էլ ընդամենը 100 հազար փող ենք ստանում, վոպշմ տես ինչ էս անում, էն մարդն էլ ասումա ճիշտ էք իրավիճակա փոխվել ոչինիչ անել չենք կարող: Լրիվ օրինական դաշտ ենք եկել այլևս: Բա լավ եղավ, պարզա: 5 րոպեից մտնումա բա  ՀԴՄ-դ պիտի ստուգենք մի հատ Z ատչյոտ թող հանենք, թույլա տալիս Z ատչյոտը հանում են, դուրս են գալիս, ասում են բա գիտես ինչ կա քեզ ՀԴՄ ենք տուգանում, մինիմալը էտա պիտի տուգանենք: Սա բնականաբար չի համաձայնվում, արձանագրությունը չի ստորագրում, այսինքն էս սաղ գործընթացը ապօրինի ձևով արվումա: Դուրս են գալիս ասում են ստորագրես չստորագրես խանութդ փակելու ենք: Էտի ասում են ու դուրս են գալիս:……………………….. Շատ կոպիտ ու մեծ սխալա այն, որ հարկային տեսուչը կարա իրան թույլ տա մտնի, ինքնագլուխ ինչ որ բան անի ու առանց տնտեսվարող սուբյեկտին բացատրելու իրա իրավունքները, պարտականությունները, առանց արձանագրությունը տալ, որ ինքը ստորագրի, ինքն իրան դուրս գա, հետո 3 օր հետո հանձնարարականը ուղարկի փոչտայով: Տվյալ դեպքում էսպեսա եղել»:

Այժմ ներկայացնենք իրականությունը. ստուգումն իրականացնող հարկային ծառայողները  20.06.2018թ.-ին  ժամը 21:42-ին  անհատ ձեռնարկատիրոջ մթերային խանութից կատարում են գնում, որի դիմաց վճարված կանխիկ գումարը վերջինիս կողմից չի մուտքագրվում ՀԴՄ և համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չի տրամադրվում: Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ներկայացվում են ծառայողական վկայականները  և Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն ստուգման հանձնարարագիրը` ծանոթացման: Հարկ է նշել, ՀՀ ՊԵԿ նախագահի դեռևս 19.06.2018թ. թիվ 2/2182-Ա հրամանի համաձայն` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց համար` հունիսի 20-22-ի աշխատաժամանակի տևողությունը սահմանվել էր ժամը 15:00-ից մինչև ժամը 24:00:        

Այնուհետև` անհատ ձեռնարկատերը հրաժարվում է ծանոթանալ հանձնարարագրին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումն իրականացրած հարկային ծառայողները այն ուղարկում են փոստային ծառայության միջոցով: Ակնհայտ է, որ հեղինակի կողմից նշվածը չի համապատասխանում իրականությանը:  

Ավելին, ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելվածի 19-րդ կետով սահմանված է, որ ՀԴՄ օգտագործող անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ՝ բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, իսկ 20-րդ կետով սահմանված է, որ հարկային մարմնի տեղեկատվական համակարգ  տեղեկատվություն ուղարկելու և ֆիսկալ հաշվետվություն տպելու համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձիք կարող են օգտագործել ՀԴՄ-ն:

Այսինքն` ինչպես նշել էր հեղինակը «ինքնագլուխ» որևէ գործողություն չի կատարվել: Բացի այդ, ստուգման հանձնարարագրում գրավոր շարադրված են հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները, հետևաբար` անհատ ձեռնարկատերը հրաժարվելով ծանոթանալ ստուգման հանձնարարագրին, ինքն է իրեն զրկել ծանոթանալու իր իսկ իրավունքներին և պարտականություններին: 

 Միաժամանակ հեղինակի կողմից նշվում է, որ «Վստահորդս վարչական դատարանա գործերը տալիս, այսինքն` վիճարկումա էդ ակտը, իսկ բոլորս շատ լավ գիտենք, որ վիճարկման հայցով, երբ որ հայցվորը մտնումա դատարան վարույթա ընդունում, արդեն էդ ակտի գործունեությունը կասեցվումա՝ մինչև վերջնական վճիռը չկայացվի, այսինքն եթե ակտը բողոքարկվելա, բողոքարկման փուլումա դեռ օրինական ուժ չի ստացել՝ դրա հիման վրա որևէ գործողություն հարկային մարմինը չի կարա անի, բայց սրանց խելքին աշեցեք, իրանք կասեցման մասին որոշում են ստանում, որը որ պետը ստորագրումա էդ խանութը պըտի ամսի 2-ից փակվի, էդ արդեն հավատացեք չափերն անցել են իրանք: Մտնում ենք դատարան, վարույթ ընդունելու մասին որոշումը վերցնում ենք, տանում ենք ՊԵԿ ու ՊԵԿ-ին մի հատ սիրուն նամակ ենք գրում, որ Ձեր աշխատողների գործողությունները ապօրինի են:»

 Վերոգրյալի հետ կապված հայտնում ենք, որ. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է, որ Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, 2) հայցադիմումը վերադարձնելու մասին, 3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։

 Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Համաձայն www.datalex.am (դատական տեղեկատվական համակարգ) կայքի տվյալների` ՎԴ/7881/05/18 դատական գործի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի կողմից ստացվել է 24.07.2018թ., սակայն 31.07.2018թ. դատավորի կողմից կայացվել է որոշում`  «Հայցադիմումը վերադարձնելու մասին» (պետական տուրքի գումարը չվճարելու հիմքով), այսինքն` ինչպես նշել է հեղինակը «վարույթ ընդունելու մասին որոշումը վերցնում ենք, տանում ենք ՊԵԿ»  արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ վարչական դատարանի կողմից չի կայացվել որոշում «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» և անհատ ձեռնարկատերը չէր կարող հարկային մարմին ներկայացնել նման որոշում (վերջինիս կողմից 25.07.2018թ. հարկային մարմին է ներկայացվել ընդամենը հայցադիմումը):

Համաձայն Օրենսգրքի 384-րդ հոդվածի 3-րդ մասի`  հարկ վճարողի գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է հարկային մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Այս պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ակտը կազմվել է 2018թ. հուլիսի 12-ին, ուստի Օրենսգրքի 384-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 2018թ. հուլիսի 20-ին կայացվել է որոշում` սույն թվականի օգոստոսի 2-ից 6-ը անհատ ձեռնարկատիրոջ առևտրային գործունեությունը կասեցնելու համար: Սակայն հարկային մարմնի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2018թ. հուլիս 24-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որի կողմից հնարավոր է կայացվի որոշում «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», ուստի հարկային մարմինը կայացված որոշման հիման վրա կասեցման գծով գործողություններ չի իրականացրել` անհատ ձեռնարկատիրոջ հայցադիմումը ընդունելով ի գիտություն: Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  31.07.2018թ. դատավորի կողմից կայացված որոշման համաձայն հայցադիմումը հետ է վերադարձվել ըստ էության տուրքի գումարը չվճարելու հիմքով, ուստի հարկային մարմինը նույնիսկ ձեռնպահ է մնացել սույն թվականի օգոստոսի 2-ից 6-ը անհատ ձեռնարկատիրոջ առևտրային գործունեությունը կասեցնելուց, քանի որ վերջինիս կողմից պետական տուրքի գումարի վճարման պարագայում հնարավոր է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվի այլ որոշում:

Վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ հեղինակի կողմից տեսանյութի միջոցով արված հայտարարությունների նպատակը հանդիսացել է ապատեղեկատվություն տարածելը, այլ ոչ թե հնարավոր ապօրինությունների մասին բարձրաձայնելը կամ ՀՀ հարկային օրենսդրության մասին իրազեկելը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]