Լսումներ ԱՄՆ Կոնգրեսում. ԼՂ խնդրում հայկական կողմն այլևս չի վստահում անվտանգության երաշխիքներին

Լսումներ ԱՄՆ Կոնգրեսում. ԼՂ խնդրում հայկական կողմն այլևս չի վստահում անվտանգության երաշխիքներին

PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլև էլ ավելի են սրվել: Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

Նրա խոսքով, կողմերը չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլևս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի զենքերի շնորհիվ հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականության ջանքերով էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Ըստ Գրոնոյի, արդյունքում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի համար գործողությունների ծրագրեր են մշակում»,-ասել է նա:

Լսումների մյուս մասնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները. ավելացնել շփման գծում միջազգային դիտորդների թիվը և նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:

«Եթե կողմերն ի վիճակի չեն դրանք իրականացնել, միգուցե, մենք պետք է փոխարենն այլ ուժերի միջև համաձայնագրերի ստորագրմանը հասնենք: Օրինակ, Թուրքիան և Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Միացյալ Նահանգներն էլ կարող է Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների տվյալներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ»:

Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հարցին թե դեսպանը դրանով հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում է վերացնել ախտանշանները, Քերի Քեվինոն պատասխանել է, որ ստեղծված պայմաններում դրան նույնպես պատրաստ է. «Այո, մենք կվերացնենք ախտանշանները, քանի որ դրանք էլ ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ մարդկային զոհերը դժվարացնում են դեպի կարգավորում ճանապարհը»:

Մինսկի խմբի մեկ այլ նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն իր կողմից նշել է, որ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին, կողմերի դիրքորոշումներն իրականում բավականին մոտ են միմյանց. «Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, և վերջին անգամ դա 2011 թվականին էր»:

Դեսպանի խոսքով, սեղանի վրա դրված առաջարկները, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, անվտանգության միջազգային երաշխիքները, Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային սահմանը և Ադրբեջանին շրջանների վերադարձը պետք է դիտարկվեն միայն որպես մեկ հավաքական պայմանագիր:

Անկախ հակասություններից, բոլոր փորձագետները համաձայն են, որ նոր պատերազմ և նոր զոհեր պետք չեն և ոչ ոքի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---