Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին

Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ 
վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի ղեկավարի թեկնածության հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ծառայության աշխատակիցների բաց նամակն ամբողջությամբ.

«Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի  դարձել, որ այսօր՝ հունիսի 20-ին, կայանալու է խորհրդի նիստը՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար: Ըստ նույն սոցիալական ցանցի՝ ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգություն ունենալով, հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու  գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը՝ Արմեն Վարդանյանը, թեև ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության և այլընտրանքի հնարավորությունը և հունիսի 20-ին՝ մինչև խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը:

Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Թեև թեկնածուների ներկայացման ընթացակարգերը  կանոնակարգված չեն, արդյունքում պարզվել է, որ, այնուամենայնիվ, անհասկանալի սկզբունքով ընդունվել են երեք այլ թեկնածություններ և քննարկվել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ մեկ օր առաջ  խորհրդի կազմը հրապարակելու և հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական և օբյեկտիվ չէ՝ հաշվի առնելով նաև թեկնածուների ներկայացման և նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը

Արմեն Վարդանյանը Ծառայության գուրծունեության ոլորտներին ամբողջապես տիրապետող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում պետական աշխատանքային և ղեկավարման երկարամյա փորձով, ծառայության ստեղծման հիմք հանդիսացող  սննդի անվտանգության ու անասնաբուժական տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծման և կայացման գործում բացառիկ դերակատարություն ունեցող մասնագետ է, ով վայելում է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը և անվերապահ աջակցությունը:  

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված հանգամանքների վրա և ակնկալում, որ կանցկացվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ևս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]