211652_close_icon
views-count8908 դիտում article-date 15:03 12-09-2017

Արցախի խորհրդարանում շարունակվում են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման շուրջ քննարկումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին կազմակերպվել է քննարկում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱՀ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը և խորհրդարանականներ: Քննարկման ընթացքում ԱՀ կառավարության ներկայացուցիչը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման հայեցակարգային մոտեցումները և մշակման փուլում գտնվող օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է համայնքային բյուջեների կազմմանը, ավագանու ձևավորմանը և գործունեությանը, կրթության ոլորտում համայնքներին վերապահված լիազորություններին և այլ հարցերում աշխատանքային նախագծով առաջարկվող լուծումներին: Ներկայացնելով տարածքային զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության փորձը՝ Դավիթ Լոքյանն ընդգծել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության համար օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ համայնքներում առկա առանձնահատկությունների հաշվառմամբ: Արձագանքելով պատգամավորների արտահայտած մտահոգություններին՝ ՀՀ ՏԿԶ նախարարը պատրաստակամություն է հայտնել Արցախում համապատասխան օրենքի նախագծի կազմման ընթացքում ցուցաբերել մասնագիտական և փորձագիտական օժանդակություն: Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կառուցողական քննարկման համար և համոզմունք հայտնել, որ նշված հարցի շուրջ մտքերի փոխանակությունը թույլ կտա ճիշտ և համարժեք լուծումներ գտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր