Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, և մերժել գրավի կիրառման միջնորդությունը։

«Դատարանի որոշումն այժմ կստանանք և վերլուծելուց հետո ավելի մանրամասն կասենք։ Բայց, ըստ էության, 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչև այժմ առկա չորս այլ ակտերով, այսինքն՝ ըստ էության դատարանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք, չնայած բողոքարկված են Վճռաբեկ դատարանում, բայց դրանք ուժի մեջ էին, և դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը։

Դատարանը նշել է, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքն այն է, որ ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը։ Դատարանը նաև նշել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ դատական ակտը բողոքարկվելու է, կներկայացնեն վերաքննիչ բողոք, միևնույն ժամանակ քննարկում են Եվրոպական դատարան ևս մեկ բողոք ներկայացնելու հարցը, քանի որ Վճռաբեկ դատարանը ողջամիտ ժամկետում որևէ անդրադարձ չի կատարել իրենց ներկայացրած բողոքին։

«Առաջին անգամ Դատախազության բողոքը ստանալուց հետո, եթե չեմ սխալվում՝ 1 ամիս 9 օր հետո, տվել է պատասխանը, մեր գործից որևէ տեղեկություն չկա, սա էլ՝ այն դեպքում, երբ անձը գտնվում է անազատության մեջ, ապա նրա գործը պետք է ավելի հրատապ քննվի, քանի որ կապված է անձի սահմանադրական իրավունքի հետ»,- նշեց Ա. Օրբելյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ դատարանի դիրքորոշմանը, փաստաբանը շեշտեց, որ դատարանը ներկայացրել է, որ սահմանադրական կարգի տապալման մասով ինքը կաշկանդվել է արդեն առկա չորս դատական ակտերով։

Նա նաև տեղեկացրեց, որ դատական նիստին ներկա է եղել նաև Ռ. Քոչարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս