Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները  

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

 
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին արված հայտարարությունը։ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում երեխայի սպանությամբ, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով, դիակների խեղումներով, իրենց տան մեջ տարեցների խոշտանգմամբ ու սպանությամբ: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար։ Բաքուն փորձում է դրանցից խուսափել սովորական դարձած ստի ու կեղծիքի միջոցով»:   

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի գործը, որը վերաբերվում է 2016թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երեք հայ զինծառայողի սպանությանը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Օսմանյան կայսրությունում թուրքական զինված ուժերը Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ օգտագործել են գերազանցապես գերմանական հրացաններ և այլ զենքեր: Այս մասին նշվում է Global Net - Stop the Arms Trade (GN-STAT) («Համաշխարհային ցանց- Դադարեցրեք զենքի վաճառքը») կազմակերպության հրապարակած նոր զեկույցում: Նոր բացահայտման արդյունքում պարզվել է, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին Գերմանիայի հիմնական փոքր զենքեր արտադրող ընկերությունը՝ Mauser-ը, Օսմանյան կայսրությանն է մատակարարել միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ, որոնք օգտագործվել են ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ մասնակցությամբ:

Հայաստան և աշխարհ

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդեց նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ Նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցեց Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին հանձնեց խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձևավորված անկեղծ և ջերմ երկխոսության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է: Վատիկանում կայացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին Սուրբ Աթոռում ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ ամեն անգամ իր այցերը բարեկամ Վատիկան ուղեկցվում են երկուստեք մեծ խորհուրդ ունեցող իրադարձություններով։ Դրանցից մեկը` Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը Վատիկանում, Նախագահի համոզմամբ, մեկ անգամ ևս հաստատում և ապացուցում է Հայաստանի հոգևոր կապը Սուրբ Աթոռի հետ: 

Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկան կատարած այցելության շրջանակներում պարգևատրել է մի խումբ գործիչների: Նախագահի հրամանագրով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը  պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ: Հանդիպման ավարտին Նախագահը գրառում է կատարել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Պատվավոր հյուրերի գրքում. «Մեր կապերը, որ սերում են պատմությունից, լի են փոխադարձ հարգանքի ու միմյանց սատարելու բազմաթիվ դրսևորումներով։ Վստահ եմ, որ նույն ոգով մենք շարունակելու ենք առավել սերտացնել ու հարստացնել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հարաբերությունները՝ ի շատ բոլորիս»,- նշել է ՀՀ Նախագահը։

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: ՀՀ Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Հանդիպման սկզբում Պատգամավորների պալատի նախագահը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բավականին ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը և արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին: «Մենք ընտրեցինք մասնակցությունը թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրն ենք, և 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Ուրախ ենք տեսնելու, որ մեր գործընկերները համագործակցում են, ինչից շահում ենք բոլորս: Մենք մեր պատմության ընթացքում արդեն բավական հակասությունների ու պատերազմների ականատես եղել են»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նա անդրադարձել է իր ղեկավարման օրոք Հայաստանի տնտեսության պատմությանը: «Նախագահի իմ պաշտոնավարման ժամանակահատվածի սկիզբը համընկավ տնտեսության համար բավականին բարդ ժամանակաշրջանի հետ: Մենք զգացինք համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի առաջին ցնցումները 2008 թվականի վերջին, սակայն կարողացանք կոնսոլիդացնել մեր ռեսուրսները և զարգացնել հակաճգնաժամային ծրագիր՝ մեր դաշնակիցների և գործընկերների աջակցությամբ: 2010 թվականի դրությամբ մենք արդեն կարողացել էինք աճ գրանցել, սակայն դա բավարար չէր: Մենք ցանկացանք այդ մարտահրավերը վերածել հնարավորությունների և դուրս գալ համաշխարհային ճգնաժամից վերակառուցված տնտեսությամբ»,-  պատմել է ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական կապերի զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, շնորհավորել և մաղթել նրան հետագա հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ:

Աշխատանքային այցելությամբ Մինսկ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

 Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին:

Ներհայաստանյան զարգացումներ

Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 1-ին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սուրբ Պատարագին: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը ՀՀ Նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են ՀՀ Նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:

Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր մի շարք հրամանագրեր ուժը կորցրած ճանաչելու մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն Հայաստանի Հանրապետության Նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրած հրամանագրերով աշխատանքից ազատել է Նախագահի մի շարք օգնականների, խորհրդականների և ռեֆերենտների:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: 

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի մոտ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։ Երիտասարդներին դեպի խաչքար առաջնորդեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հոգևոր այրեր: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակաշինությունը պետականաշինության նման անընդհատ գործընթաց է համարում: Վիգեն Սարգսյանն ընդգծում է՝ ցանկացած պահի, երբ մարդիկ համարում են, որ կատարել են ամեն ինչ տվյալ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու համար: Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո  լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ Հայաստանում բանակաշինությունը բացառիկ պատմություն ունի. այն զրոյից ձևավորվել և դարձել է կուռ պետական կառույց, հաղթական բանակի ձևավորման պատմություն է:  Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում բացվել է ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարան:

Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 1 միլիարդ 494.6 միլիոն դոլար, ինչը 2016-ի համեմատ ավելի է 12.4 տոկոսով կամ 164.5 միլիոն դոլարով:

Ավարտվել է «Մասրիկ-1» ծրագրի ներդրողների մրցույթը, որի կանոնների համաձայն՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել «Մասրիկ-1» 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): «Համեմատության համար, ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է: Այս սակագինը աննախադեպ է աշխարհում նման համեմատաբար փոքր հզորության միջազգային մրցույթների համար»,- նշել է վարչապետը։ 

Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝  Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում: Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով տուժել է ՀՀ և ՌԴ 3-ական և ԻԻՀ 2 քաղքացի։ Պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է: Այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ով տեղում ծանոթացավ կատարվածին, շրջեց արագ սննդի կետի ներսում: Բոլոր տուժածների վիճակը կայուն է: Այս մասին նշեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով այցելեց Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր տեղափոխվել են 8 տուժածները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Սփյուռք

Լոնդոնի հայ համայնքը շատ ավելի կազմակերպված և մարդաշատ ցույցով պատասխանել  է ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանարպետության դեսպանության մոտ անցկացրած ցույցին։ ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից Լոնդոնում ՀՀ դեսպանության առջև կազմակերվել էր ցույց՝ ընդդեմ, այսպես կոչված, 1918թ. հայերի կողմից թուրքերի հանդեպ իրականացված ցեղասպանության», ինչպես որ այդ մասին նախօրեին տարածվել էր սոցիալական ցանցերով: Ցույցի օրը Լոնդոնում հայ համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ եկան սատար կանգնելու ՀՀ դեսպանությանը՝ Հայաստանի ու Արցախի դրոշներով և համապատասխան պաստառներով:

Լիբանանի բանակի գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Փանոս Մանջյանը ռազմական ոլորտում իր առաջին քայլերն սկսել է 1972 թվականին, երբ ընդունվեց ռազմական հաստատություն: Այս ոլորտն ընտրելու գործում Փանոս Մանջյանի համար գլխավոր ոգեշնչողը հայրն էր: Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից, պատերազմների միջով անցել է Փանոս Մանջյանի հայրը, պապը: Հայրը սկզբում ֆրանսիական բանակի զինվորական է եղել, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լիբանան և այնտեղ է շարունակել իր գործունեությունը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում: Nա նշեց, որ զարկ է տրվելու մատչելի գներով բնակարանների շինարարությանը՝ հաշվի առնելով այն, որ կյանքը «շատ է թանկացել»: Կարևորագույն աշխատանքների թվում է լինելու նաև տրանսպորտի բարելավումը:

Միջազգային խճանկար

Ֆրանսիայի իշխանությունները 50 զինվորական են ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:  Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել Է Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ լավ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի հետ եռակողմ գագաթնաժողովը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը: «Երկու երկրներն ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ բնույթի եւ միջազգային հարցերի նկատմամբ: Ինչ վերաբերում Է տարածաշրջանային հարցերին, ապա մենք շատ լավ փոխգործակցություն ունենք, հատկապես սիրիական հակամարտության կարգավորման հարցում»,-ասել Է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարայում կայացած հանդիպմանը:

Թուրքիան մտադիր Է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների վերահսկողության ներքո: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների գագաթնաժողովից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր սիրիական հակամարտության կարգավորմանը: Ամերիկյան վարչակազմը որոշում Է ընդունել Սիրիայում պահպանել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն Է»: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Թուրքիայի ղեկավարը բարձր Է գնահատել այն փաստը, որ Պուտինը նախագահական նոր ժամեկտով վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել Է Թուրքիա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի` Կոսովոյում գործող դպրոցների 5 ուսուցիչ:

Հունաստանը կուժեղացնի Թուրքիայի հետ սահմանների մերձակայքում տեղավորված զորախումբը: Այդ մասին հայտարարել Է երկրի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում Էգեյան ծովի կղզիներ կուղարկվի 3,5 հազար մարդ եւ նույնքան Էլ՝ Էվրոս: Նախարարի խոսքով՝ այդ որոշումը կապված Է երկու երկրների միջեւ հարաբերությունների վատացման հետ: Նա նշել Է, որ Հունաստանը պատրաստ Է դիմակայել ցանկացած սպառնալիքի:

Չինաստանի պետխորհուրդy 25 տոկոս մաքս Է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել Է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ը որոշում Էր ընդունել չինական ապրանքների նկատմամբ գործող մաքսերը բարձրացնել 50 միլիարդ դոլարով, ի պատասխան Պեկինը հայելային միջոցներ Է հայտարարել:

Գերմանիայի հարավում գտնվող Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևան քով առնվազն երեք հոգի մահացել է, իսկ շուրջ 50 հոգի՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:

YouTube-ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն էթնիկ ադրբեջանցի է, Կալիֆորնիայի բնակիչ: Նասիմ Աղդամն ինքնասպան է եղել նախապես 3 անձի վիրավորելուց հետո:

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության Է դատապարտվել մեղադրանքների 18 կետով:

Մշակույթ

Ավելի քան հարյուր թատերական ներկայացման, հինգ մյուզիքլի և քառասուն ֆիլմի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ապրիլի 4-ին դարձավ 80 տարեկան:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հոբելյանական երեկոյին հնչեցին նրա լավագույն ստեղծագործությունները: «Մարտուն Իսրայելյան-80» խորագրով համերգը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երաշժտասերներն ունկնդրեցին հոբելյարի Ջութակի և Թավջութակի կոնցերտները, երգեր՝ գրված Միսաք Մեծարենցի, Սոնա Վանի խոսքերով:

Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանում` Աբովյան 21 հասցեում, կանգնեցվեց արտիստի բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: 

Վատիկանում ապրիլի 5-ի երեկոյան առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի հանրահայտ «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտ»-ի գրաբարյան մշակումը: Ստեղծագործությունը նա գրել էր 1985 թվականին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո: Ստեղծագործությունից մի հատված կատարել է Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Միրզոյան քառակի նվագակցությամբ:

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագիծը «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի դահլիճում ամփոփեց 2016-2017 թվականների ամենապահանջված գրքերի մրցանակաբաշխության արդյունքները: «Երբ ստեղծվեց նախագիծը, մեր գաղտնի երազանքն էր, որ  այն օգնի թե՛ ընթերցողին, թե՛ հրատարակչին, թե՛ գրողին, քանի որ, մեր համոզմամբ, այսօր և միշտ լրատվամիջոցները պետք է լինեն գրականության, գրքի կողքին. գիրքը մշտական հոգածության, խնամքի և ուշադրության կարիք ունի»,- նշեց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը: «Ամենաշատ վաճառված ստեղծագործությունների հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ  երիտասարդ  գրող և լուսանկարիչ  Էդգար Հարությունյանը «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»  և «Չգտնված երիցուկներ» գրքերի համար («Անտարես»  հրատարակչություն):

Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում` 16-րդ համարի ներքո:

Վեցամյա Մերի Հակոբյանը Վրաստանում հաղթել Է պարի օլիմպիադայում: Աղջնակը կատարել Է «Ծաղկած բալենի» ավանդական հայկական պարը:

Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2:  Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից: Արտաշես Ներսիսյանը և Արման Ղազարյանը պաշտոնից հեռացվելուց հետո ներկայացրեցին իրենց պարզաբանումները։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆուտբոլիստը: Նա գիրքը ստացել է հեղինակի մակագրությամբ. «Հենրիխ, սերը ուղղորդող է»: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1): Հայաստանի ազգայի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 60-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]