Մատչելիության հղումներ

Գյուրջիևի անունը կրող անսամբլը կներկայացնի նրա երաժշտությունը


Գեորգի Գյուրջիև
Գեորգի Գյուրջիև

1877 թվականին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրիիում) ծնված, հետագայում իր կրոնափիլիսոփոյական ուսմունքով և աշխատություններով, նաև երաժշտությամբ և պարուսուցմամբ, համաշխարհային ճանաչման արժանացած Գեորգի Գյուրջիևը ավելի հայտնի է ողջ աշխարհում, քան Հայաստանում, ուր անց կացրել է իր ողջ մանկությունն ու պատանեկությունը՝ Ալեքսանդրապոլի հունադավան հայերից մեկի՝ Իվան Գյուրջիևի՝ Աշուղ Ադաշի և Եվդոկիա Նալչաջյանի ընտանիքում:

Նրա ուսմունքի հետևորդները 20-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում նրա անունը կրող դպրոցներ և ինստիտուտներ են հիմնել, որոնք այսօր էլ շարունակում են ուսումնասիրել ալեսանդրապոլցի մեծ մտածողի աշխատությունները՝ «Էզոտերիկ քրիստոնեություն», «Ամբողջն ու Ամեն ինչը», «Բանբեր գալիք բարիքի» և այլ գործերը, որոնք մեծ ազդեցություն ունեն կրոնափիլիսոփայական տարբեր գաղափարախոսությունների կրողների վրա:

2008 թվականին Լևոն Էսկենյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Հայաստանում ստեղծվեց «Գյուրջիև» անսամբլը, որը Գյուրջիևի երաժշտությունը տարածում է ողջ աշխարհում: Վաղը երեկոյան Առնո Բաբաջաբյան համերգասրահում կկայանա անսամբլի համերգը, որի ընթացքում կհնչեն արևելքի տարբեր ազգերի ժողովրդական և հոգևոր երաժշտության հիման վրա ստեղծված Գյուրջիևի ստեղծագործությունները:

Համերգի ընթացքում հանդես կգա նաև «Դիզիվի» երգչախումբը՝ Մարինե Ալավերդյանի ղեկավարությամբ:

Բացառապես ժողովրդական նվագարաններից բաղկացած «Գյուրջիև» անսամբլի հիմնադիր ղեկավար Լևոն Էսկանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այն ժամանակ՝ 2008-ին Գյուրջիևի երաժշտությունը նվագելու համար էի հիմնել այդ անսամբլը, և հիմա փաստորեն այդ առաջին ծրագրի շարունակությունն է։ Նոր ծրագիր է, ես արել եմ գործիքավորումներ Գյուրջիևի երաժշտության։ Ինչպես հայտնի է, Գյուրջիևի գործերը հիմնականում դաշնամուրային ստեղծագործություններ են, որ նա իր բոլոր ճանապարհորդությունների ընթացքում դեպի Միջին Արևելք և Արևելք, երբ ականատես է եղել տարբեր ազգերի երաժշտության, երգերի, պարերի, գրի է առել և պատրաստել դաշնամուրային ստեղծագործություններ։ Ես փոխադրել եմ ամբողջ այն արևելյան նվագարանների, հայկական նվագարանների և Միջին Արևելքի նվագարանների։ Այն նվագարանների, որոնք նա պետք է լսած լիներ իր ճանապարհորդությունների ընթացքում։ Ներկայացնելու ենք տարբեր ժողովուրդների երաժշտությունը»։

Էսկանյանի խոսքով, բարեբախտաբար, Հայաստանում վերջին տարիներին Գյուրջիևին սկսել են ավելի լավ ճանաչել, թեև նա դեռ Ավետիք Իսահակյանի ժամանակակիցն է եղել, խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ մեկնել է Ֆրանսիա, որտեղ հիմնել է իր ինստիտուտը և մեծ ճանաչում գտել ողջ աշխարհում․ - «Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարող ենք գտնել Գյուրջիևի ինստիտուտներ, որտեղ ուսումնասիրում են իր մեթոդները։ Եվ հսկայական ազդեցություն է թողել ոչ միայն արվեստի ասպարեզում, այլ նաև բիզնեսի ասպարեզում, բժշկության մեջ»։

Հարցին, թե ինչպես ստեղծվեց նվագախումբը Էսկանյանը պատասխանեց․ - «2004-2005-ին կնոջս հետ մի ձայնագրություն էինք լսում, Գյուրջիևի երաժշտությունն էր այնտեղ կատարվում, և միանգամից մեր մտքով անցավ, որ սա մեր Գյումրիի հոգեբանությամբ, Գյումրիի երաժշտություն է, կամ Միջին Արևելքի երաժշտություն է։ Եվ հրաշալի կհնչեր, եթե փոխադրվեր մեր նվագարանների համար։ Որովհետև հիմքը դա է։ Այդ էր գաղափարը, և 2008-ին հավաքեցի լավագույն երաժիշտները Հայաստանում, այն երաժիշտները, որ մտածեցի կկարողանան այդ երաժշտությունը նվագեն, և հիմնեցինք։ Հետո մեր համերգին ներկա էր Տիգրան Մանսուրյանը, և նա մեր ձայնագրությունը ներկայացրեց գերմանական հայտնի մի ընկերության տնօրենին, նա էլ հավանելով՝ հրատարակեց մեր առաջին ձայնագրությունը։ Եվ ամբողջ աշխարհում մեծ արձագանք ունեցավ, տարբեր մրցանակներ․․․ Եվ այդ ժամանակվանից մենք անընդհատ շրջագայությունների մեջ ենք։ Մոտ 26 երկրի տարբեր քաղաքներով շրջագայել ենք։ Եվ հիմա առիթ էր, որ Առնո Բաբաջանյան համերգասրահը իր նոր տնօրինությամբ առաջարկեց մեզ այս համերգը, և մենք ուրախությամբ համաձայնեցինք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG