Մատչելիության հղումներ

«Թող հանգիստ թողնեն բռնցքամարտի ֆեդերացիան»․ Բողոքող բռնցքամարտիկներ


Բռնցքամարտիկները բողոքում են սպորտի նախարարի հայտարարության դեմ, Երևան, 22-ը օգոստոսի, 2018 թ․
Բռնցքամարտիկները բողոքում են սպորտի նախարարի հայտարարության դեմ, Երևան, 22-ը օգոստոսի, 2018 թ․

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները, այդ թվում՝ մի խումբ բռնցքամարտիկներ, այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով հանդիպում նախարար Լևոն Ֆահրադյանի հետ։

Մարզիկներն ասում էին, որ իրենց համար ընդունելի չէ նախարար Ֆահրադյանի հայտարարությունը, թե բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով։ Նախարարի հայտարարությանը նախորդել էր մի քանի մարզիչների հանդիպումը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ․ հենց այդ հանդիպման ժամանակ էլ նրանք բարձրաձայնել էին վերը նշված խնդիրը։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջատար բռնցքամարտիկ Արամ Ավագյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ֆեդերացիայում խնդիրներ չկան, նախագահի ընտրություններն էլ օրինական են եղել: «Խնդիրն այն է, որ որոշ մարզիչներ, որոնք որոշ ժամանակ առաջ ազատվել են աշխատանքից ոչ պրոֆեսիոնալ լինելու կամ ֆեդերացիայից գումարներ շորթելու, մարզիկների վրա մարզահագուստ վաճառելու համար, այ այդ մարդիկ այսօր ոտքի են կանգնել և ուզում են հեղափոխություն անել, որպեսզի վերցնեն ֆեդերացիան՝ շարունակելով անել այն, ինչ նախկինում արել են։ Սա, հարգելիներս, բռնցքամարտի ֆեդերացիա է, սա տուրիստական գրասենյակ չէ, որ պետության գումարների հաշվին որոշ մարդիկ ճամփորդեն»,- ասաց Արամ Ավագյանը, շարունակելով․

«Իսկ հիմա մենք ստեղծել ենք բռնցքամարտի ֆեդերացիա ու այստեղ շատ համերաշխ մթնոլորտ է, բոլորը շատ սիրով աշխատում են ֆեդերացիայի հետ, ու մարզիկները ոչ մի բանի կարիք չունեն»: Բողոքող մարզիկները մտահոգություն ունեն, որ ֆեդերացիան կմասնատվի: «Մենք ուզում ենք աշխատել այս ֆեդերացիայի հետ, հերիք է՝ թող հանգիստ թողնեն բռնցքամարտի ֆեդերացիային»,- ասաց Արամ Ավագյանը։

Սպորտի նախարարն այսօր չհանդիպեց մարզիկների հետ։ Իսկ փոխնախարար Գաբրիել Ղազարյանն «Ազատության» ասաց՝ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ Սպորտի նախարարությունը, այս հարցին լուծում չեն կարող տալ․ լուծումը պետք է տա բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան. «Եթե երկու կողմ կա, բնականաբար, մենք երկու կողմին էլ լսում ենք։ Մեզ՝ սպորտի նախարարությանը և ՀԱՕԿ-ին պետք է, որ առողջ մթնոլորտ լինի, և աշխատանքները ճիշտ կազմակերպվեն։ Բայց եթե առողջ մթնոլորտ չի լինում, դա նշանակում է, որ պետք է հարցին լուծում տալ։ Հարցին լուծում տվողը մենք չենք, ԱԻԲԱ-ն է (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա), թող գա իր հարցերը լուծի։ Մենք ոչ մեկի կողմից չենք։ Մենք ուզում ենք, որ մարզաձևը հանկարծ չտուժի»,- ասաց փոխնախարարը։

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, այժմ գտնվում է Հունգարիայում, որտեղ մասնակցում է Բռնցքմարտի եվրոպական ֆեդերացիայի նիստին: «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա ասաց. «Ընտրություններն ապօրինի չեն անցկացվել։ Ամեն ինչ հորինված, շինծու շոու է»։

Իսկ ինչ վերաբերում է փոխնախարարի այն խոսքին, թե բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծվել է «ոչ առողջ մթնոլորտ», ֆեդերացիայի նախագահն այդ առնչույամբ ասաց. «Ոչ առողջ մթնոլորտն իրենք են ստեղծել։ Այս ամենը սկսել են օլիմպիական կոմիտեն ու սպորտի նախարարությունը։ Անհեթեթ գործողություններ են սրանք, որոնց պատճառը չեմ կարողանում հասկանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG