Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երեք տենոր» համերգով լավագույն օպերային երգիչները Ֆիլհարմոնիկի նվագակցությամբ կկատարեն հայտնի արիաներ

«Երեք տենոր» համերգով լավագույն օպերային երգիչները Ֆիլհարմոնիկի 
նվագակցությամբ կկատարեն հայտնի արիաներ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Երեք տենոր» խորագրով համերգային ծրագրով ամանորյա տոն կնվիրի երաժշտասերներին՝ նրանց հնարավորություն տալով լավագույն տենորների կատարմամբ վայելելու սիրված օպերային արիաներ, երգեր և օպերային նախերգանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն, որին ելույթ կունենան  միջազգային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Արսեն Սողոմոնյանը և նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը, տեղի կունենա դեկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Արսեն Սողոմոնյանը դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ համերգային կատարմամբ Ֆիլհարմոնիկի հետ արդեն իսկ ներկայացրել են «Պայացները», «Օթելլոն» և Էդուարդ Թոփչյանի հետ նախատեսել էին համերգային տարբերակով բեմադրել նաև «Պիկովայա դամա» օպերան, սակայն ծրագրերը փոխվել են, և ծնվել է «Երեք տենոր» համերգը:

«Դասական երաժշտությունն ուրախ ժամանաց անցկացնելու համար չէ, սակայն այն օգնում է հաղթահարել որոշակի դժվարություններ, զգացմունքներ, վերապրել գեղեցիկն ու հանգստանալ: Սա է մեր նպատակը»,-ասաց արտիստը:

Սողոմոնյանը, աշխատելով մի շարք հայտնի նվագախմբերի հետ, շեշտեց՝ մեծ բավականություն է ստանում, երբ համագործակցում է Ֆիլհարմոնիկի հետ: «Այն, ինչ արել ենք Էդուարդ Թոփչյանի հետ, այն ստեղծագործությունները, որոնք կատարել ենք միասին, լավագույն դիրիժորներն ու նվագախմբերը  ամենաբարձր գնահատանքին են արժանացրել. որևէ մեկը որևէ ուղղում չի արել: Մաեստրոյի գիտելիքներն ու տվածն անփոխարինելի են»,-ընդգծեց Արսեն Սողոմոնյանն ու անդրադարձավ հայ հանդիսատեսին՝ նշելով, որ նրա էներգիան ստանալը շատ բարդ է, քանի որ արտերկրում երգում ես, լսում ծափահարություններն ու հաճոյախոսություններն ու հեռանում, իսկ քննադատությունը չի հասնում, այնինչ հայ հանդիսատեսը մնում է քեզ հետ, և դու լսում ես նրա կրիտական: «Դա հրաշալի է, որովհետև ստիպում է շատ աշխատել ու կատարելագործվել»,-եզրափակեց Սողոմոնյանը:

Լիպարիտ Ավետիսյանին էլ ոգևորում է այն, որ տարեվերջյան նման համերգները կարծես ավանդույթ են դառնում: Ավետիսյանը կարևորեց այն, որ  նման նախաձեռնություններով ևս մեկ անգամ ընդգծում են դասական երաժշտության անհրաժեշտությունը, որը լուրջ ուղերձներ ունի: «Դասական երաժշտությունը բուժում է, և, կարծում եմ, դրանից լավ ուղերձ չի կարող լինել»,-ասաց տենորն ու ուրախալի համարեց այն փաստը, որ դասական համերգներին շատացել են երիտասարդ ունկնդիրները:

Տիգրան Հակոբյանը առաջին անգամը չէ, որ հանդես է գալու Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն առաջին անգամ է բեմը կիսելու Արսեն Սողոմոնյանի ու Լիպարիտ Ավետիսյանի հետ: Նրա համար դա մեծ պատասախանատվություն է: «Սա շատ լավ փորձ է: Ե՛վ նվագախմբից, և՛ տենորներից կարելի է շատ բան  սովորել: Ուզում եմ բեմից իմ հույզերը փոխանցել ունկնդրին ու հորդորել առավել սիրել օպերային արվեստը»,-ասաց օպերային երգիչն ու տեղեկացրեց, որ ստեղծագործություններից մեկը երեքով կկատարեն:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը ղեկավարելու է համերգային ծրագիրը,  ասաց՝ որոշել են նման համերգով ներկայանալ, քանի որ հանգամանքների բերումով և՛ Արսեն Սողոմոնյանը, և՛ Լիպարիտ Ավետիսյանը Հայաստանում են եղել, նրանց է միացել Տիգրանը, որը, ըստ Թոփչյանի, համաշխարհային հաջողության է հասնելու:

«Տարիներ շարունակ համագործակցել ենք Արսենի ու Լիպարիտի հետ, որոնք առաջին իսկ քայլերից մեր կողքին են եղել. այսօր համաշխարհային ճանաչում ունեն ու կրկին մեր կողքին են, իսկ Տիգրանին մաղթում եմ նորանոր հաջողություններ»,-ասաց դիրիժորը:

Անդրադառնալով 2021-ին նվագախմբի կատարած աշխատանքին ու 2022-ի ծրագրերին՝  Էդուարդ Թոփչյանը խոստովանեց, որ 2021-ը բարդ տարի էր, սակայն համերգառատ: Մաեստրոն նշանակալի իրադարձություն է համարում այն, որ 2021-ին Բեթհովենի 250-ամյակի առթիվ կարողացել են ձայնագրել և տեսագրել կոմպոզիտորի սիմֆոնիաներից վեցը: Նախատեսում են ամբողջն անել: Նրա խոսքով՝ կարողացել են լավ ներկայանալ, նվագախմբի որակը բարձր պահել: Հաջորդ տարվա համար  նախատեսվում են հյուրախաղեր Եվրոպայում և այլ կարևոր իրադարձություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]