ՌԴ-ն զգում է իր կացնային դիվանագիտության հավանական ձախողումը. Խալաթյանը՝ Զախարովայի ակնարկների մասին

ԵՄ-ն նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։

Նախօրեին նման անհանգստություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով. «Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ քննարկումը նպաստելու է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել։ Իսկ եթե այդ նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա այլ հարց է»։

Արդյոք հիմնավո՞ր են ՀՀ ռազմավարական դաշնակցի կասկածները տարածաշրջանի անվտանգության վտանգված լինելու հարցում, ինչո՞ւ է ՌԴ-ն այդքան անհանգստացած ՀՀ-ի մասով՝ սուվերեն երկրին ուղղորդելով սեփական հարցերը քննարկել ոչ թե իր, այլ ՌԴ-ի համար նախընտրելի ձեւաչափերում։ 

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում նշում է, որ ՌԴ-ի այս հայտարարությունը զարմանալիորեն շատ ավելի կոռեկտ էր, քան նախորդիվ հնչածները, եւ մեր ռազմավարական դաշնակիցն զգում է իր կացնային դիվանագիտության հավանական ձախողումն ու դրա խիստ բացասական հետեւանքները հենց իր համար։

«ՌԴ-ն անցած ամիսներին որեւէ կերպ խորամուխ չի եղել ՀՀ էքզիստենցիալ շահերի մեջ։ Փաստացի հայկական կողմի ինքնիշխանության, կենսական շահերի, Արցախի բնակչության իրավունքների հաշվին փորձել է ռեալ պոլիտիկի համատեքստում բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները՝ դրա դիմաց ստանալով հարաբերականորեն չեզոք դիրքորոշում ուկրաինական պատերազմում, ինչպես նաեւ այդ երկու երկրների տրամադրած տրանսպորտային հանգույցների օգտագործման հնարավորություններ, տնտեսական հնարավորությունների օգտագործում, այդ թվում՝ ռուսական ապրանքների շարունակվող մուտքը թուրքական եւ ադրբեջանական շուկաներ, իսկ այդ ապրանքների հիմնական մասը նավթամթերքն է եւ գազը։ Այս համատեքստում ՌԴ-ն, թերեւս, առաջնորդվում էր «ա կուդա ժե արմյանե դենուցա» հայտնի բանաձեւով եւ հաշվի չէր առել ՀՀ-ի՝ դիմադրելու մնացած ռեսուրսները»,- ասում է նա:

Ըստ Խալաթյանի՝ այժմ, երբ ՀՀ-ին հաջողվել է մի քանի կարեւոր նվաճում արձանագրել արեւմտյան ճակատում, որի, այսպես ասած, թագն ու պսակը ԵՄ դիտորդական առաքելության երկարաժամկետ մանդատով ներկայություն է ՀՀ-ում, ՌԴ-ն զգաց, որ կանգնած է ՀՀ-ն կորցնելու իրական ռիսկի առաջ։

«Ընդ որում՝ այս համատեքստում ՌԴ-ն նաեւ քաջ գիտակցում է, որ, ի տարբերություն Վրաստանի, ՀՀ-ն որեւէ առիթ չի տվել նման դաշնակցային վարքագիծ դրսեւորելու համար։ Եվ ՀՀ-ի ճշգրիտ ու զուսպ քաղաքականությունը փաստացի զրկել է ՌԴ-ին ՀՀ-ին ինչ-որ բանում մեղադրելու (թեպետ նման փորձեր արվում են), ՀՀ-ին իր ենթադրյալ սխալ քաղաքականության համար պատժելու ալիբիից։ Ահա այս համատեքստում Մարիա Զախարովան փորձում է պարզապես հիշեցնել ՌԴ-ի մասնակցության մասին տարածաշրջանում հիմնական հարցերի լուծման գործում»,- կարծում է նա:

Խալաթյանը նկատում է, որ ՌԴ-ն այս դեպքում Զախարովայի դեմքով մի կողմից չի ընդդիմանում Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջան-ՀՀ հնարավոր հանդիպմանը Թբիլիսիում՝ դրանով իսկ փորձելով պահպանել ձեռքը տարածաշրջանի զարկերակին՝ «այդ թվում շարունակելով սիրախաղը Վրաստանի հետ»։

«Այսպիսով ակնարկում է, որ դեմ չէ Վրաստանի՝ նման՝ տարածաշրջանում ինտեգրող կարգավիճակին, եթե Վրաստանը իր գործողությունները համաձայնեցնի կամ այս համատեքստում գոնե որոշակի կոմունիկացիա պահպանի ՌԴ-ի հետ։ Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ-ին եւ Ադրբեջանին, որ՝ եթե վերջիններս ցանկանում են այլ բանակցային ձեւաչափեր փորձարկել, ապա ՌԴ-ն դեմ չէ՝ պայմանով, որ իրեն նույնպես «խաղացնեն»։ Այսինքն՝ ՌԴ-ն պահանջում է սեփական մասնաբաժինն այս նոր՝ ուրվագծվող ռեգիոնալ ձեւաչափում: Քաջ գիտակցելով, որ սա արեւմուտքի նախագծած պլատֆոմ է՝ ՌԴ-ն  ցանկանում է այդ պլատֆորմում ունենալ որոշակի մասնակցություն, ինչպես որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեության ընթացքում էր․ Մինսկի խմբի եռանախագահներն ամեն ինչ անում էին ԼՂ հարցով բանակցային նոր ռաունդ նախաձեռնելու համար՝ անկախ արդյունքներից, եւ փորձում էին մեկը մյուսից հետ չմնալ»,- նշում է զրուցակիցը:

Այսօր ՌԴ-ն, ըստ նրա, փորձում է անել նույնը, պարզապես, երբ տեսնում ենք ռուսաստանակենտրոն ռեգիոնալ անվատնգային ճարտարապետության փլուզման ռեալ վտանգ, ՌԴ-ի հնարավոր հակազդող քայլերը կարող են նաեւ դուրս գալ դիվանագիտական շրջանակներից. «Դա է ամենամեծ վտանգը, որը ՀՀ-ն պետք է կառավարի»:

Ըստ նրա՝ պետք է կարողանալ որոշակի հավասարակշռություն պահպանել ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ՝ մի կողմից շարունակել օգտվել Արեւմուտքի ընձեռած հնարավորություններից արցախյան հակամարտությունը առնվազն կառավարելու հարցում, բայց մյուս կողմից ՌԴ-ի հետ շարունակել պահպանել այս հարցում գոնե նվազագույն կոմունիկացիա՝ վերջինիս գործողությունները կանխատեսելիության որոշակի շրջանակներում պահելու համար։

Վերադառնալով ՀՀ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը եւ դրա կազմում ֆրանսիացի ժանդարմների ներգրավմանը, ինչի շուրջ անհանգստություն է հայտնել մասնավորապես Բաքվում ՌԴ դեսպանը, հարցին՝ արդյոք ոստիկանության ներկայացուցիչների ներգրավումը չի՞ հակասում հիշյալ առաքելության քաղաքացիական բնույթին, բացի այդ՝ առայժմ կարծեք պաշտոնապես չի հաստատվել ժանդարմների ներգրավման մասին լուրը, իրավագետն ասում է, որ իր կատարած մեդիամոնիթորինգի արդյունքները թույլ են տալիս գրեթե 100 տոկոսին մոտ հավանականությամբ պնդել, որ ժանդարմերիան հաստատապես գալու է, եւ դա լինելու է ֆրանս-հայկական հարաբերությունների ամրապնդման եւ անվտանգային բաղադրիչով համալրվելու գործընթաց։

«Ինչ վերաբերում է առաքելության քաղաքացիական՝ ոչ ռազմական բնույթի խախտման մասին հարցին, ապա կարծում եմ, որ որեւէ խախտում այսպիսով տեղի չի ունենա։ Ֆրանսիայում, ինչպես եւ այսօր ՀՀ-ում, գործում է Ներքին գործերի նախարարությունը, որը ինքնին քաղաքացիական բնույթի գործադիր մարմին է։ Ժանդարմերիան ենթարկվում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։ Եվ այն հանգամանքը, որ դա զինված ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանում չէ, ցրում է բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները, որը որոշ շահագրգիռ ուժեր ունեն»,- պարզաբանում է զրուցակիցը։ 

Իրավագետը մի շատ մի կարեւոր նկատառում էլ է ընդգծում՝ ասելով՝ ՀՀ-ն, անշուշտ, պահպանելով իր պարտավորությունները հարգող գործընկերոջ իմիջը, «պետք է դադարի գերազանցիկի, բոլորին հաճոյանալու պահվածքը»։

«Պետք է դադարել անընդհատ ասել, թե մենք շատ խաղաղասեր ենք, շատ ենք մտածում տարածաշրջանային խաղաղության մասին եւ այլն, եւ այլն: Անշուշտ, պետք է կարեւորել տարածաշրջանի խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը հնարավոր է հասնել սեփական կարողություններն ամրապնդելով, այդ թվում՝ սեփական պաշտպանական ներուժը բարելավելով՝ համապատասխան միջազգային աջակցությամբ։ Եվ այս համատեքստում Ֆրանսիայի՝ մեզ ավելի գործուն աջակցության ցուցաբերման համար, այդ թվում, այո՛, ոստիկանական ուժերի տեսքով, մենք չպետք է որեւէ մեկին հաշվետվություն տանք, որեւէ մեկի թույլտվությունը հարցնենք։ Ի վերջո, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Եվ, օրինակ, Ադրբեջանը ՀՀ-ի թույլտվությունը չի հարցրել, երբ փաստացի իր զինված ուժերը Շուշիի հռչակագրով վերաինտեգրել է Թուրքիայի զինված ուժերին եւ դրա ղեկավարման կազմում ընդգրկել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գեներալներ։ ՌԴ-ն եւ Ադրբեջանը ՀՀ-ին չեն հարցրել, երբ ստորագրել են (2022-ի փետրվարին -խմբ․) դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, այս հռչակագրի համատեքստում ՌԴ-ն ՀՀ-ի հետ նույնիսկ կոնսուլտացիաներ չի անցկացրել եւ այդիսով իրեն կաշկանդել է  ՀՀ-ին պաշտպանելու հարցում՝ Ադրբեջանի հանդեպ ունեցած նոր պարտավորություններով»,- ասում է նա:

Վերջինս նաև մեջբերում է ամենավերջին դրսեւորումը՝ ասելով՝ ՌԴ-ն իներտ գործելակերպ է որդեգրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հարցում. «Եվ ՌԴ-ի կողմից, ի լրումն Ադրբեջանի գործողությունների, խախտվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Այսինքն՝ բոլորը՝ մեզ շրջապատող պետությունները, այդ թվում՝ դաշնակից երկիրը, հետապնդում են իրենց սեփական շահերը։ Թե որքանով են այդ շահերը համընկնում մեզ հետ, մենք պետք է գնահատենք։ Բայց յուրաքանչյուր ինքնիշխան պետություն այս խառնակ իրավիճակում, երբ միջազգային իրավակարգը սասանված է, հետապնդում է իր տնտեսական, անվտանգային եւ այլ շահերը։ Մենք եւս պետք է այս պարադիգմով շարժվենք»։  

Ըստ Խալաթյանի՝ մենք որեւէ մեկի առաջ որեւէ պարտավորություն չենք խախտում՝ Ֆրանսիայից, թեկուզ ժանդարմերիայի տեսքով գործուն աջակցություն ստանալով, եւ հետագայում մեր ռազմաքաղաքական, անվտանգային հարաբերությունների խորացումը պետք է իրականացնենք՝ հիմքում դնելով բացառապես մեր ինքնիշխանության պահպանումը։

 Հեղինե Մանուկյան

Տպել
2670 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին