Քաղաքական

12.02.2018 09:26


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին հանդիպել են Իլհամ Ալիևին, փետրվարի 9-ին՝ Սերժ Սարգսյանին, իսկ փետրվարի 10-ին՝ Բակո Սահակյանին։ Խորհրդակցություններ են անցկացրել ԱԳ նախարարների հետ:

«Համանախագահները այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր և Քարվաճառ: Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևի, ինչպես նաև նախորդ գագաթնաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Միջնորդները խոր մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ և կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման և հրադադարի պահպանման համար: Նաև կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքող հայտարարություններից և սադրիչ գործողություններից․

«Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»:

Այս խորագրի վերջին նյութերը