«Իշխանություններն Արցախի հարցում հետընթաց են գրանցել». Աղասի Ենոքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Արցախի հարցում, գոնե բանակցային գործընթացում, ներկայիս իշխանություններն արձանագրել են միայն հետընթաց։ Առաջ քաշելով մի կարևոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, իշխանությունները չկարողացան հասնել դրան։ Մինչև այժմ պարզ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ներկայիս իշխանությունն Արցախի հարցի հակամարտության կարգավորման ինչպիսի՞ ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին անդրադարձել էր Արցախի հակամարտությանը և նշել, որ չափազանց դառնացած է այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու փոխարեն, իշխանությունները բոլոր կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցել էր հայկական կողմը, մասնավորապես՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, հանել է օրակարգից։

«Բոլորին թվում է, թե սա տեխնիկական հարց է, թե ինչ է նշանակում՝ մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, սակայն այն շատ լուրջ մեխանիզմ է, որը կարող է կանխարգելել ռազմական գործողությունները։ Միշտ նման մոնիտորինգի արդյունքներին հետևում են բոլոր հետևությունները, այսինքն՝ ով է խախտել հրադադարը, և պատերազմի բարոյականության հարցում սա կարևորագույն խնդիր է»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։

Նա արձանագրեց, որ տարիներ շարունակ, եթե հարցի հետ կապված հայկական կողմը միջազգային տարբեր դիվանագիտական ասպարեզներում հաղթանակ էր տանում, ապա պատճառն այն էր, որ կարողանում էր ապացուցել, թե ով է առաջինը սկսել պատերազմը, տվյալ պարագայում՝ Ադրբեջանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս