Եթե ամբողջ պրոցեսի ընթացքում խախտվել է մեկ ընթացակարգ,մեզ համար ամբողջ պրոցեսը դառնում է հակաիրավական.Սիմոնյան
«Որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ հանրաքվեն վատ է կամ վատ գործիք է ժողովրդի կարծիքն իմանալու համար, այստեղ խնդիրն այլ է՝ արդյոք սպառվել են մնացած բոլոր միջոցները»,- այսօր «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի՝ Սահմանադրական հանրաքվեին չմասնակցելու որոշմանը։
Նրա խոսքով՝ ԼՎԿ-ի համար կարևոր է գործընթացի օրինականությունը:
«Եթե ամբողջ պրոցեսի ընթացքում խախտվել է մեկ ընթացակարգ, մեզ համար ամբողջ պրոցեսը դառնում է հակաիրավական: Մեր պահանջն այն է՝ եթե անց է կացվում հանրաքվե, ապա անցկացվի օրենքի տառին համապատասխան»,- նշեց նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ անդրադառնալով ԲՀԿ-ի այն պատճառաբանությանը, թե հրաժարվում են մասնակցել, քանի որ ընթացակարգային խախտումներ են տեսնում, նշեց, որ համաձայն չէ դրա հետ, քանի որ նման խախտումներ չի տեսնում:
«Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, որ Սահմանադրական մարմնին վերաբերող փոփոխությունը կատարի ժողովուրդը, քանի որ պետք է նայենք ոչ թե որոշումն ինչքանով է ճիշտ կամ սխալ, այլ պետք է հասկանանք, որ ստեղծում ենք նախադեպը՝ մի սահմանադրական մարմինն ազդելու է մյուս սահմանադրական մարմնի վրա: Իսկ այն որ եղել են ընթացակարգային խախտումներ, ես դրա հետ համաձայն չեմ»,-ասաց Գրիգորյանը:
«Հելսինկյան ասոցացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ հստակեցրեց՝ ժողովրդին հնարավորություն է տրվում հեռացնելու ՍԴ անդամներին, բայց ոչ հետագայում նշանակումների հետ կապված: «Տեխնիկապես ունենալ ՍԴ չի նշանակում, որ ունենք լեգիտիմ դատարան, սրա մասին տասնամյակներ շարունակ ենք լսել»,-ասաց Կարապետյանցը:
Ընդհատելով բանավիճող կողմերի խոսքը՝ Կարեն Սիմոնյանն էլ ավելացրեց, թե պետք է պատկերացնել մի իրավիճակ, երբ այս լեգիտիմ իշխանությանը գալու է փոխարինելու մեկ ուրիշ լեգիտիմ իշխանություն, որն ասում է՝ նախորդ ՍԴ-ն չի արտահայտում լեգիտիմությունը, որն ինքն ունի, և պետք է փոխել, ու նորից հանրաքվե են անցկացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին