«Արտգործնախարարության միակ մեղքը երևի այն է, որ ժամանակին չի լռեցրել այդ ձայները». Դիվանագետը՝  Ֆրանսիայի դատարանների՝ Արցախի հետ բարեկամության համաձայնագրերը չեղարկելու որոշման մասին

Ֆրանսիայի դատարաններն անցած շաբաթ մեկը մյուսի հետևից վճիռներ են կայացրել՝ չեղյալ հայտարարելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հռչակագրերը:

Նշենք, որ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Այնուհետև հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը։

Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով՝ այս հարցում ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը (ԱԳՆ) մեղադրելը սխալ է, որովհետև նրանք ոչինչ չէին կարող անել, դա դատարանն է որոշել, որն առաջնորդվում է իր օրենսդրությամբ:

«Շատ բնական է, որ քաղաքների միջև կնքվում են որոշակի  համաձայնագրեր, և հիմքում մշակույթն է, ոչ թե տնտեսությունը կամ քաղաքականությունը: Բայց հայկական, ավելի շատ՝ ղարաբաղյան կողմն անընդհատ և ամեն տեղ, ամեն հարցով՝ լինի սպորտային, գիտական միջոցառում, տարփողում՝ գովաբանում է, որ դա բերում է սուբյեկտայնության աճի: Այդպես չէ: Միջպետական հարաբերությունները կենտրոնական իշխանության լիազորությունն են: Իմ կարծիքով՝ տեղի է ունեցել հետևյալը:

Մարդիկ հավաքել են բոլոր պաշտոնյաների այն հայտարարությունները, որոնք միջքաղաքային համագործակցությունը ներկայացնում են որպես քաղաքական՝ Արցախի ճանաչում և այլն, մտել են դատարան՝ մեղադրել են քաղաքային իշխանություններին, որ նրանք գերազանցել են իրենց լիազորությունները, գնացել են միջպետական ոլորտ, որն իրենցը չէ, և սրա հիման վրա դատարանը չեղարկել է կնքված բարեկամության հռչակագրերը։ ՀՀ ԱԳՆ-ի միակ մեղքը երևի այն է, որ ժամանակին չի լռեցրել այդ ձայները, որ անընդհատ նման հայտարարություններ չանեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը:

Իսկ այն, որ շատերը սա համարում են Ադրբեջանի կողմից «խավիարային դիվանագիտության», ադրբեջանական լոբբինգի հերթական արդյունքը, դիվանագետը նկատեց.

«Չի կարելի նման բան ասել: Նման ձևակերպումներով վիրավորում են ֆրանսիացիներին: Էս դարում մի փորավարձով ո՞վ է խաբվում: Չեն հասկանո՞ւմ, որ վիրավորում են ֆրանսիական դատարանը: Հիմա մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հայտարարություններից հետո բացասական արձագանք է լինելու, իհարկե, կարող ենք: Պատկերացրեք՝ Արմավիրն ինչ-որ քաղաքի հետ համագործակցության համաձայնագիր է կնքում, հետո մեկ էլ լսում ենք, որ ում հետ որ կնքել է, ասում է՝ սա նշանակում է, որ Հայաստանը  ճանաչում է այսինչի անկախությունը: Բնական է, որ Արմավիրի իշխանությունը կասի՝ եղբա՛յր, այդպես չէ: Դուք ինձ ասել էիք, որ կնքում էիք մշակութային համագործակցություն, բայց սա արդեն մտնում է միջպետական քաղաքական ոլորտ, որը ձերը չէ»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, Արա Պապյանը պատասխանեց, որ Ֆրանսիան չի էլ ուզում ճանաչել:

«Արցախի անկախության ճանաչման հարցը դրված չէ: Արցախի անկախությունը որևէ մեկը չի կարող ճանաչել, քանի որ այն անկախ չէ: Եթե Արցախի անվտանգությունը, ֆինանսավորումը  հարյուր տոկոսով Հայաստանն է ապահովում, ո՞վ Արցախը՝ կընկալի որպես անկախ: Կոսովոյի դեպքում Ալբանիան որևէ ազդեցություն չուներ: Կոսովոն գործում էր առանձին՝ իր  բանակն ուներ և այլն, ցույց տվեց, որ ինքնուրույն կարող է գոյատևել և հաշվի առնելով քաղաքական խաղերն ու խարդավանքները (պետք էր պատժել Սերբիային, որովհետև ՌԴ դաշնակիցն էր: Ռուսաստանին հնարավոր չէր ապտակել, ապա ապտակեցին նրա դաշնակցին: Ցավոք, մեզ հետ էլ է հաճախ այդպես պատահում)՝ անկախ ճանաչվեց: Արցախի դեպքում այդպես չի լինի, քանի որ այն ՀՀ մաս է, ու դրա մասին բոլորը գիտեն: Հետևաբար՝ ամենը խաղեր ու ժամավաճառություն են»,- եզրափակեց դիվանագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանին խոսքն ուղղելով՝  դժգոհեց՝ ասելով, որ վերջին ժամանակաշրջանում բավականին տհաճ իրադարձություններ են կատարվում Հայաստանի սահմանից դուրս: «Այդ փաստաթղթերով, դատարանների որոշումներով՝ այն քաղաքները, որոնք ժամանակին Արցախի Հանրապետության հետ կնքել են բարեկամության համաձայնագրեր, կամ պետք է հետ կանչեն, կամ չեղարկեն: Ֆրանսիայում սրա հետ կապված բավականին մեծ աղմուկ է, և արդեն որոշ քաղաքների ղեկավարներ հայտարարությամբ են հանդես եկել, որ բողոքարկելու են: ՀՀ արտգործնախարարության քայլերը կարելի՞ է իմանալ ու ի՞նչ ընթացքների հետևանք է սա»:

Փոխնախարարը պատասխանել էր. «Իմ խորին համոզմամբ, Ֆրանսիան շարունակում է մնալ մարդու իրավունքների, համերաշխության, ճնշված ժողովուրդների պաշտպանը, և սոցիալական պահանջը, այդ զգացողությունը շատ ներկա է Ֆրանսիայի հասարակարգում: Այն, ինչ տեղի է ունեցել դատարաններում, անշուշտ, մենք դա չենք մեկնաբանի: Դա ֆրանսիական դատարանի որոշումն է: Չենք կարծում, որ դա հետևանք կունենա Արցախի ընդհանուր ընկալման և Արցախի ժողովրդի ընկալման վրա Ֆրանսիայում: Իմ անձնական համոզմունքն է, որ սա չի կասեցնի ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը, և քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»:

Հավելենք, որ Առնուվիլի քաղաքապետը բողոքարկելու է Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը: Նույնն անելու է նաև Բուրգ լե Վալանսի քաղաքապետը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս