1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարդան Պետրոսյանը գեղանկարների միջոցով արվեստասերներին կներկայացնի իր կյանքի պատմությունը

Վարդան Պետրոսյանը գեղանկարների միջոցով արվեստասերներին կներկայացնի իր կյանքի պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանն իր կյանքի տարբեր շրջանների մասին կպատմի գեղանկարների, երգերի, հետաքրքիր մենախոսության միջոցով:

Արվեստասերները Պետրոսյանի՝ «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդես-ներկայացումը կարող են վայելել մարտի 18-28-ը Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ցուցասրահը բաց կլինի առավոտից, իսկ ամեն օր՝ երեկոյան ժամը 19:00-ին, դերասանն այցելուներին կներկայացնի իր նկարների պատմությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանը խոստովանում է, որ հաճախ չի խոսում այդ մասին, բայց մասնագիտությամբ նկարիչ է: Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, հետո՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը:

«Ցուցահանդեսում կներկայացվեն երեք ժամանակահատվածի իմ նկարները. երիտասարդական շրջան, որը կոչվում է «Գարուն ա», դեպրեսիվ շրջան, որը կոչվում է «Գարուն ա, ձյուն ա արել» և ժամանակակից շրջան, որը կոչվում է «Գողգոթա»: «Գարուն ա»-ն այն փուլն է, երբ ես ջահել եմ: Վան Գոգյան, Գոգենյան լուսավոր ժամանակներն են, խենթությունների տարիներ, որոնք արտահայտվում են իմ աշխատանքներում: Դեպրեսիվ փուլը նման է մեր այսօրվա ժամանակներին. մարդիկ են, որոնք փակուղում են, սեղմված են պատերի մեջ, չռված աչքերով են, տխուր հայացքներով, շատ դառնացած դեմքերով են: Իսկ «Գողգոթա»-ն այն շրջանն է, որը մարդկանց պետք է օգնի դուրս գալ ըստ իս՝ ծանր կացությունից: Սա մի ելք է»,-նշում է արտիստը:

Նրա խոսքով՝ իր անձնական կյանքն այդպես է դասավորվել: Փայլուն տարիներից հետո ապրել է շատ ծանր ժամանակահատված, որից դուրս է եկել իր գողգոթայով, իր հավատով, ինչն իրեն ուժ է տվել և հնարավորություն աշխույժ, ակտիվ լինել անգամ ամենածանր ժամանակներում:

Պետրոսյանն իր պատմությունները պատմելով՝ փորձելու է մարդկանց մոտ նույնականացման զգացում արթնացնել:

«Շատ հաճախ այդպես լինում է, երբ դու պատմում ես քո մասին, դիմացինն իրեն է պատկերացնում քո դերում: Ես փորձելու եմ դա անել: Սա ցուցահանդես-ներկայացում է, քանի որ նկարների մասին խոսելով՝ ներկայացում եմ խաղում, երգում երգեր, իսկ այցելուները, նկարները դիտելով, պատմություններ լսելով, այսօրվա մեր օրն են տեսնում, մեր վաղվա ապագան»,-շեշտում է Վարդան Պետրոսյանը:

Դերասանը ցուցահանդեսը նվիրում է բոլոր այն կանանց, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ամբողջ և դրան հաջորդած չորս ամսվա ընթացքում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ անխոնջ նվիրյալների պես անքուն ու անդադար աշխատել են առաջնագծի զինվորներին և Արցախից եկած գաղթականներին աջակցելու համար:

Անդրադառնալով «Վերելք» ներկայացմանը, որը դերասանը 15 տարի անց վերաբեմադրել է Գյումրու թատրոնի դերասանական կազմի հետ համագործակցելով՝ Պետրոսյանը նշում է, որ բեմադրությունը պատրաստ է, կարող է ընդամենը մի քանի փոփոխություն անել և վերջ, սակայն կարծում է՝ այսօր ճիշտ չի լինի խաղալ: «Ցեղասպանության սպանող դանակի հարվածներն այս օրերին պետք չեն մեր ժողովրդին, որն առանց այդ էլ ծանր ցավերի մեջ է: Նա չի դիմանա այդ ցավին: Բժիշկը գիտի ցավեցնելու չափը: Բուժելու համար կա ցավեցնելու չափ, բայց ոչ ավելին, որ վնասես: Այսօր շատ եմ մտածում այդ մասին: Այսօր ճիշտ չէ «Վերելք»-ը խաղալը: Նոր ներկայացում եմ պատրաստում, բայց այս պահին դա էլ չեմ կարող բեմ բարձրացնել: Մենք ասում ենք՝ ունքը սարքելու փոխարեն աչքը հանել: Նման վտանգ կա, քանի որ մեր հասարակությունն այս պահին շատ պառակտված է, և դա կարող է նրան վնասել»,-եզրափակեց դերասանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]