HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտնականներին

Երեկ՝ հունվարի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, գիտությունների ազգային ակադեմիայի  պատվավոր դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը ԳԱԱ նախագահության անդամների, գիտահետազոտական կառույցների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

«Նա եկել էր լսելու Հայաստանի 4-րդ` խորհրդարանական հանրապետությունից գիտական հանրության սպասելիքների, քաղաքականության, գիտության ոլորտներում ակնկալող փոփոխությունների մասին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,- գրված է ԳԱԱ հաղորդագրության մեջ:

ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջույնի ելույթում շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին, ով իր հանդիպումների ցանկում ընդգրկել է այցելություն Գիտությունների ազգային ակադեմիա: «Այսօր գիտության զարգացումը մեր երկրում դժվարությունների է հանդիպել: Մենք անում ենք հնարավորինս, և հույս ունենք, որ առաջադրվելու և ընտրվելու դեպքում Ձեր ուշադրությունը կլինի նաև գիտության զարգացման վրա, որը միշտ եղել է նախկինում», - ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

«21-րդ դարը նոր տեխնոլոգիաների, նոր զարգացած գիտության դար է, և և ես հույս ունեմ, որ այդ դարը, որտեղ բնական ռեսուրսների և նավթի պահանջարկը գնալով պակասելու է, այդ դարը մերն է լինելու, և այդտեղ Գիտությունների ակադեմիայի և կրթության դերը դառնում է առավել կարևոր: Հավատում եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիան և նաև համալսարանական կառույցները, և նաև դպրոցը, այսինքն, կրթությունը և գիտությունը առանցքային են մեր ապագայի համար»,- իր ելույթում ասել է Արմեն Սարգսյանը:

Քննարկման մասնակիցները Արմեն Սարգսյանին ներկայացրել են գիտության և կրթության ոլորտների զարգացումները, խնդիրները, մարտահրավերները: Խնդիրներից կարևորվել են գիտության ցածր ֆինանսավորումը,  երիտասարդ կադրերի պակասը, անտարբերությունը և հանրապետությունում գիտության դերի և նշանակության անկումը: Խոսվել է նաև ԵԱՏՄ-ԵՄ հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում Հայաստանի մեծ շուկա մտնելու հնարավորությունների մասին: Ներկայացվել են արտագաղթի, առողջապահական, բնապահպանական խնդիրներ:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին առաջարկությունների և մտքերի համար և իր ամփոփիչ ելույթում նշել, որ իր համոզմամբ երկիրն առաջ է տանելու կրթությունն ու գիտությունը, որ «գիտության հենքի վրա պետք է մշակել համաշխարհային գիտական տեխնոլոգիական փորձի վրա հիմնված գաղափարներ և, դրանց տալով հայկական մտքի որակը, մատուցել աշխարհին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter