News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող, հացադուլ հայտարարած ուսանողները կազատեն ԵՊՀ լսարանն ու կմիանան ընկերներին, որոնք այս պահին Բաղրամյան պողոտայում են։

«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան», - Facebook-ի իր էջում գրել է հացադուլ հայտարարած չորս ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։

Ավելի վաղ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը ԱԺ շենքի մոտ ոստիկանության հետ բախումից հետո հայտարարել էր, որ իրավիճակ է փոխվել եւ կոչ էր արել հացադուլ հայտարարած իրենց չորս ընկերներին դադարեցնել այն եւ միանալ իրենց։

«Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր, կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանան մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրեցն ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու: Հացադուլը պակաս կարեւոր է այս պահին, ավելի կարեւոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, եւ ինչ ենք հետագայում անելու: Դավիթին, Յուրային, Գեղամին ու Հարութին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հացադուլը, մենք գնահատում ենք իրենց արածը, բայց այս պահին նրանք ինձ ու մնացածին այստեղ են պետք»,-ասել էր նա: Այդ կոչից հետո հայտարարություն եղավ, որ տղաները դադարեցնում են հացադուլը, կազատեն ԵՊՀ լսարանն ու կմիանան ընկերներին։

Նշենք, որ միչ այդ ԱԺ շենքի դիմաց ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ  ուժի կիրառման արդյունքում ուսանողների մի մասը ընկել էր գետնին, ստացել մարմնական վնասվածքներ,  մի մասի ինքնազգացողությունը վատացել էր։ Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշոց էր սկսվել: Ոստիկանները դասադուլավորներին 5 րոպե ժամանակ էին տվել Բաղրամյան փողոցն ազատելու համար։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ