HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սեպտեմբերին ընդառաջ․ Գյումրիում՝ 3, իսկ Արթիկում 2 ավագ դպրոցներ միավորվեցին

Գյումրու 7 ավագ դպրոցներից 2017-2018թթ. ուսումնական տարում իրենց կարգավիճակը կպահեն ընդամենը 4 դպրոց: Իր ավանդույթներով հայտնի «Բալատոն» վարժարանը (Լենինականի մաթեմատիկական թեքումով դպրոցի իրավահաջորդը), որն առաջիններից էր Շիրակի մարզում վերակազմավորվել ավագ դպրոցի (2009թ-ին), կառավարության համապատասխան որոշումով միավորվել է Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի հետ:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի փոխանցմամբ, միավորումը պարզապես անհրաժեշտություն էր եւ պայմանավորված «Բալատոն»-ում աշակերտների թվաքանակի խիստ պակասով:

«Բալատոն» ավագ դպրոցի կայքում կարդում ենք, որ վերջին 20 տարվա ընթացքում ունեցել է շուրջ 40 մեդալակիր, առարկայական օլիմպիադաների մարզային, հանրապետական փուլերի հաղթողներ, ներկայացրել է հանրապետության մաթեմատիկայի թիմը Կանադայում: 2013-2014թթ. ուսումնական տարում, դպրոցների վարկանիշավորման արդյունքում ճանաչվել է լավագույն ավագ դպրոց և տեղ գտել հանրապետության 15 լավագույնների շարքում: Սակայն այս բոլոր նվաճումները չկարողացան օգնել նախկին վարժարանին պահպանելու դիրքերն ու սաների տարեցտարի պակասող թվաքանակը ճակատագրական դարձավ:

«Մեր դպրոցը սկզբունքորեն ոչինչ չի շահել այդ միավորումից,-ասում է Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը,-ավարտական տարին փակելուց հետո ընդամենը 26 աշակերտ էր մնացել «Բալատոն»-ում, որից 5-ն են դիմել մեզ մոտ սովորելու համար: Վարժարանի շենքի հետ կապ չունենք, այն հանձնված է կառավարությանն առընթեր պետգույքի վարչությանն, ու իրենք են տնօրինելու հետագա ճակատագիրը: Ինչ վերաբերում է վարժարանի 11 մանկավարժներին, ապա եթե աշակերտական կազմը լրիվ տեղափոխվեր ու գոնե մի նոր դասարան ձեւավորվեր, գուցե հնարավոր լիներ բոլորին հրավիրել դասավանդելու, սակայն այս պարագայում, երբ իմ դպրոցում մանկավարժի պակաս չկա, կարող ենք նախնական մտածել 3-4 մանկավարժի ժամեր առաջարկելու մասին, այն էլ ոչ լրիվ դրույքով»:

Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 դպրոցն ունի բավական բարձ վարկանիշ, տարիներով ձեւավորված ավանդույթներ, մանկավարժական պրոֆեսիոնալ կազմ: Մինչեւ ավագ դպրոցի կարգավիճակ ստանալը (2012թ.) ունեցել է 960 աշակերտ: Տարրական օղակի բացակայությունը բերել է աշակերտների թվաքանակի կրճատման: 2015թ-ի կառավարության համապատասխան որոշմամբ, թիվ 2 ավագ դպրոցում աշակերտների ընդունելիությունը կազմակերպվում է ոչ թե 10-րդ, այլ 5-րդ դասարանից: Դպրոց հաճախող 450 աշակերտից 236-ը 10-ից 12-րդ դասարանցիներն են:

Գյումրու մեկ այլ ավագ դպրոց՝ թիվ 3-ը (հիմնականից ավագ դպրոցի կարգավիճակի է անցել 2008թ-ին) կառավարության 989 որոշումով առաջիկայում լուծարվելու է: Դպրոցի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամին: Նախագծում նշված է, որ նման որոշում կայացնելու համար հիմք է ծառայել թիվ 3 ավագ դպրոցում աշակերտների թվի նվազումը եւ հիմնադրամում իրականացվող ավագ դպրոցի կրթական ծրագրով սովորողներին միավորելու անհրաժեշտությունը: Քանի որ պիտի միավորվեին ՊՈԱԿ եւ հիմնադրամ՝ իրարից իրավաբանորեն տարբեր կառույցներ, ապա խնդիր էր դրվել առաջինի լուծարման:

Թիվ 3 ավագ դպրոցում ներկայում 82 աշակերտ է սովորում: Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմանադրամի կազմում նախորդ տարիներին ընդգրկված երկու ավագ դպրոցների եւ թիվ 3 ավագ դպրոցի միավորման արդյունքում աշակերտների թիվը կդառնա 320: Արդեն միավորված դպրոցների աշակերտների համար ուսուցումը կազմակերպվելու է թիվ 3 ավագ դպրոցի շենքում՝ հնարավորություն տալով բեռնաթափելու բուհ-ը: Մանկավարժների կրճատում չի նախատեսվում:

«21 մանկավարժ ունենք, վարչատնտեսական մասի աշխատակիցներն էլ հետը ընդհանուր առմամբ 37 աշխատակից, բոլորն էլ տեղերում են, կրճատումներ չեն եղել,- հավաստիացնում է թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը,- մեր դպրոցի շենքը 400 աշակերտ հզորությամբ է, խորհրդային տարիներին այստեղ երկհերթ 1200-ից ավելի աշակերտ է սովորել: Այս միավորումից հետո եղած աշակերտների քանակը 320 է, մեզ մոտ են տեղափոխվել հիմնադրամի կազմում նախկինում ընդգրկված թիվ 12 եւ մշակութային ավագ դպրոցների սաները: Նրանց՝ տնից դպրոց եւ դպրոցից տուն տեղափոխման հարցը հիմնադրամը լուծել է՝ տրամադրելով 3 ավտոբուս»:

Եվս մեկ միավորում, այս անգամ Գյումրու Մուշ-2 թաղամասում: Միավորվել են թիվ 42 ավագ դպրոցը եւ Մուշ-2/2 թաղամասի նորակառույց թիվ 23 հիմնական դպրոցը: Այստեղ կարգավիճակի փոփոխություն է տեղի ունեցել հօգուտ հիմնական դպրոցի: Միավորման արդյունքում թաղամասում գործելու է մեկ հիմնական՝ թիվ 23 դպրոցը: Թիվ 42 ավագ դպրոցը, որտեղ ներկայում սովորում է 30 աշակերտ, շարունակելու է գործել իր հին շենքում:

Թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Լիանա Մարդոյանն ասում է, որ ի սկզբանե սխալ որոշում է կայացվել թաղամասի միակ հիմնական դպրոցը 2010 թ-ին ավագ դպրոցի վերակազմավորելու:

«Ես ավելի ուշ եմ տնօրեն նշանակվել՝ 2011թ-ի վերջին: Հինգ տարի նամակ եմ գրել կառավարությանն ու նախարարությանը, որ դպրոցը կրկին դարձնեն հիմնական, քանի որ տարրական օղակի բացակայությունը մեծ խնդիրներ էր ստեղծում ծնողների համար: Գիտեք, թաղամասը ծայրամասային է, ու ոչ մեկ իր երեխային քաղաքի կենտրոնից այստեղ ավագ դպրոց չէր բերելու: Բացի դրանից, տնակներից դպրոցը տեղափոխվել էր մանկապարտեզի համար նախատեսված շենք, որտեղ էլ գտնվում ենք ներկայում եւ բնականաբար ունենք թե´ մարզասրահի կարիք, թե´ առարկայական լաբորատորիաների: Երբ մի քանի տարի առաջ Մուշ 2/2 թաղամասում հանձնվեց նորակառույց դպրոցի շենքը, նորից դիմեցի, որ մեզ տեղափոխեն այնտեղ, մի մասնաշենքը հատկացնեն ավագ հատվածին, սակայն դա էլ չարվեց: Հիմա միավորել են, որի համար շատ ուրախ եմ, բայց լավ կլիներ, որ դա արվեր 5 տարի առաջ, այդքան աշակերտ էլ չէինք կորցնի»:

Կառավարության որոշումով մարզի երկրորդ քաղաքում ՝ Արթիկում եւս տեղի են ունեցել ավագ դպրոցների միավորում: Արթիկում գործող 8 դպրոցից երկուսն ունեն ավագ դպրոցի կարգավիճակ: Արթիկի թիվ 7 ավագ դպրոցը միավորել են թիվ 3 ավագ դպրոցի հետ: Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը, որի շուրջ գարնանը մեծ աղմուկ էր բարձրացել (լուրեր էին շրջանառվում, որ ցանկանում են միավորել թիվ 7 դպրոցի հետ, իսկ շենքը հանձնել կարի ֆաբրիկային) մնացել է իր տեղում եւ միավորման գործընթացներին չի մասնակցում:

Արթիկի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Վարագյանի փոխանցմամբ, դպրոցները միավորել են աշակերտների թվաքանակի պատճառով: «Դրանից ավելի բան ձեզ էս պահին չեմ կարող ասել: Կառավարության որոշումով է միավորումը կրթության որակը բարելավելու նպատակով,-հեռախոսազրույցի ժամանակ փոխանցեց տնօրենը,- հիմա մենք մեր շենքում ենք դասերն անում, իրենք իրենց շենքում: Մեր դպրոցում ներկայում սովորում է 173 աշակերտ»:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը Արթիկ քաղաքի ավագ դպրոցների միավորման պատճառներից մեկն էլ նշեց թիվ 7 դպրոցի ոչ բարվոք շենքային պայմանները: Հրայր Կարապետյանի փոխանցմամբ այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, մարզի դպրոցներում 2000-ով աշակերտների թիվն ավելացել է՝ հիմնականում տարրական օղակի հաշվին: «Այս պահին ունենք 3100  առաջին դասարանցի, սակայն թիվը կարող է սեպտեմբերի առաջին տասնօրյակում ավելանա: Չունենք փակված կրթօջախ, ընդհակառակը՝ մարզի Կրասար գյուղում 80 աշակերտի համար նոր դպրոց կառուցվեց,- ասում է Հրայր Կարապետյանը,- հիմա մեզ առավել անհանգստացնում են մարզի մի քանի կրթօջախների շենքային պայմաններն ու գույքը, որ գտնվում են ծայրահեղ վատ վիճակում : Պետք է փորձենք տարբերակներ գտնել այս տարի որոշ հարցերի դրական լուծում տալու համար»:

Գլխավոր լուսանկարում Գյումրու թիվ 2 ավագ դպրոցն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter