Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի ելույթն Ազգային ժողովում․ ՄԱՍ 2

ՀՀ վարչապետի ելույթն Ազգային ժողովում․ ՄԱՍ 2

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրել են վարչապետի ելույթի տեքստը, որի 2-րդ մասը ներկայացնում ենք ստորև․

«Հաջորդը՝ ի տարբերություն շատ, այդ թվում՝ զարգացած երկրների, մենք չունեցանք շուկայական կոլապս, այսինքն՝ մեր ցուցափեղկերը չդատարկվեցին և մենք չունեցանք մի իրավիճակ, երբ մարդիկ չկարողանան խանութներից գնել իրենց անհրաժեշտ ապրանքները: Շատ կարևոր եմ համարում անդրադառնալ գնաճին, որը նույնպես որոշակի անկայունության միտումներ ցուցաբերելով՝ մեզ հաջողվեց շատ էֆեկտիվ, թույլ տվեք ասել, կառավարել գնաճը: Մենք այսօր շուկայում ունենք ապրանքներ, որոնք թանկացել են, խոսքը հիմնականում վերաբերում է նպարեղենին, մենք ունենք ապրանքներ, որոնք էժանացել են, և մենք ունենք ապրանքներ, օրինակ, որոնց գինը չի փոխվել, այսինքն՝ ունենք և՛ թանկացած, և՛ էժանացած ապրանքներ, և՛ ունենք ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ շուկայում գնաճի առումով մենք ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ։ Սա չի նշանակում, որ ոչ մի բան չի թանկացել: Սա նշանակում է, որ թանկացումները և էժանացումները եկել, իրար հավասարակշռել են: Բերեմ պարարտանյութի օրինակը. պարարտանյութի շուկայում մենք ունենք որոշակի գնաճային էֆեկտներ: Գիտեք՝ պարարտանյութը գյուղատնտեսության համար չափազանց կարևոր է, բայց, մյուս կողմից, մենք ունենք դիզելային վառելիքի գնի աննախադեպ նվազում: Այսօր Հայաստանի Հանրապետությունում դիզելային վառելիքը վաճառվում է 280-300 դրամով: Ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հարցի, երբ երկար տարիներ մենք կանգնում էինք հետևյալ պրոբլեմի առաջ, և երբ միջազգային շուկաներում լինում էր գնաճ, մեր շուկան կայծակնային արագությամբ արձագանքում էր, երբ լինում էր գնանկում, դե այսօր, վաղը, մյուս օրը, տեսնենք՝ մյուս շաբաթ ինչ կլինի: Այսօր մենք ունենք հակառակ երևույթը. 2019 թվականին, ես շատ կարևոր եմ համարում սա արձանագրել, որ ի հեճուկս սննդամթերքի համաշխարհային գների բարձրացման՝ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի դրությամբ արձանագրվել է սննդամթերքի գների անկում, և դա միայն մեկ բանի շնորհիվ՝ մենաշնորհային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում հաղթահարված է: Նույնը վերաբերում է նաև բենզինի և դիզվառելիքի շուկային:

Հիմա արդյունքների մասին՝ արդյոք կառավարությունն ունի՞ ցուցանիշներ, որոնցով մենք կարող ենք արձանագրել՝ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կոլապս, սոցիալական ճգնաժամ կա՞, թե՞ ոչ: Ես հիմա ուզում եմ հրապարակել տվյալներ, որոնք, իմ կարծիքով, սենսացիոն են.

2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եղել է, արձանագրվել է 620905 աշխատատեղ: Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ, այդ աշխատավարձի համար ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ, և վճարվել է եկամտային հարկ: 620000 մարդ ստացել է աշխատավարձ՝ ապրիլի 29-ի դրությամբ: Ես ուզում եմ ընդգծել, որ փետրվարին, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում եղել է 618000 աշխատատեղ: 2019 թվականի ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերը հատել են 600000-ի սահմանագիծը: Բայց մենք հիմա ճգնաժամի պայմաններում, գոնե այսօրվա դրությամբ, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, մենք մայիսին չգիտենք ինչ կլինի, բայց Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 29-ի հաշվետվություններով ավելի շատ աշխատավարձ ստացող մարդ է եղել, քան փետրվարի դրությամբ: Ընդ որում, ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 մլրդ 883 մլն դրամ, իսկ փետրվարին՝ 119 մլրդ 700 մլն դրամ, այսինքն՝ ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները մոտավորապես 3-4 մլրդ դրամ ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան փետրվարին:

Սա ինչի՞ համար եմ ասում՝ ցույց տալու համար, որ, այո՛, արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսօրվա դրությամբ հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին: Ես ձեզ հիմա ավելի սենսացիոն տվյալներ հաղորդեմ: Դուք գիտեք, թե ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման: Դա դարձել էր մի ժամանակ, այսպես ասած, ներքաղաքական թիվ մեկ թեման, ոմանք նոյնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Դուք գիտեք, որ մենք կոմունալների հետ կապված 4 ծրագիր ենք իրականացրել, և այդ 4 ծրագրերի իմաստը ո՞րն է, որ մենք մոտավորապես 5 մլրդ դրամ փոխանցել ենք, փոխհատուցել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և մենք պետք է իրենց աջակցենք: Իհարկե, սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, բայց այսօրվա դրությամբ, մեր փոխանցումներից 5 մլրդ դրամից մոտավորապես 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար, այսինքն՝ 2 մլրդ դրամ հիմա նստած է մարդկանց կոմունալների հաշիվներին, ովքեր իրենց կոմունալ վճարները փակել են:

Սա ունի 2 բացատրություն. առաջինը՝ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդներն կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են, և մեր հաշվարկներով՝ 800 մլն դրամը մոտավորապես հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Սա նշանակում է, որ 800 մլն դրամով իրենք ազատված են այդ վճարներից: Մեր գնահատմամբ՝ 1.8 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն: Նաև այս էր պատճառը, որ մենք այս որոշումը կայացնելիս շատ մտածում էինք, տատանվում էինք, որովհետև հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս մեր ամենամեծ պրոբլեմը եղել է հետևյալը՝ ինչպե՞ս դարձնել մաքսիմալ հասցեական, բայց քանի որ մենք այլ գործիք չունենք, մենք որոշել ենք որոշակի էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սպառման մակարդակը վերցնել որպես հասցե, բայց դրա արդյունքում մենք հիմա մոտավորապես 1.8 մլրդ դրամ փոխանցել ենք  այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա անհրաժեշտությունը չունեն:

Թույլ տվեք ասել, հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում նման հիշատակման համար, այդ թվում նաև մեծ թվով, ենթադրաբար, Ազգային ժողովի պատգամավորների կոմունալ հաշիվներին մենք փոխանցել ենք մոտավորապես միջինը 20000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր էլեկտրաէներգիա սպառել են, ասենք, օրինակ՝ 25 հազար դրամի փետրվարին: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք բոլոր փոխանցումների համար հիմք ընդունել ենք փետրվար ամսվա հաշիվները՝ որպես ձմեռային շատ օգտագործված հաշիվ: Եվ կրկին ուզում եմ կոչ անել, մեկ անգամ կոչ արել եմ 1.8 մլրդ դրամի մեր սիրելի հայրենակիցներին, նրանք, ովքեր չունեն այդ կոմունալ աջակցության կարիքը, ես նրանց կոչ եմ անում, խնդրում եմ աջակցել մեզ, ես կոչ եմ անում գտնել ձեր շրջապատում մարդ, ով որոշակի կարիք ունի և այդքան գումարի չափով այդ մարդկանց ուղղակի աջակցել: Շնորհակալ եմ նրանց, ովքեր արդեն այդ որոշումը կայացրել են, այսինքն՝ դրանով դուք մեզ կօգնեք: Ոչ մեկի գրպանից չենք ուզում գումար, մենք խնդրում ենք, որ մեր ուղարկած գումարը վերահասցեագրեք ճիշտ հասցե, եթե դրա կարիքը չունեք: Դուք եք գնահատում, եթե դրա կարիքը ունեք, մենք ուրախ ենք նաև, որ աջակցելու հնարավորություն ենք ունեցել:

Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ Ազգային ժողովի օգնությամբ, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես ապրել են հունվարին կամ փետրվարին։ Սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, և ի հեճուկս բազմաթիվ ահազանգերի՝ չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Բայց շատ ավելի կարևոր է ապագայի մասին խոսակցությունը, որովհետև թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսվում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ:

Բացի այդ, ես ուզում եմ նշել կառավարության ևս մեկ, իմ կարծիքով շատ կարևոր և բացառիկ ցուցանիշ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ ու օգնությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70000, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23000 քաղաքացի: Հիմա ուզում եմ նաև ասել Հայաստան վերադարձած և Հայաստանը լքած քաղաքացիների ցուցանիշը. 2019 թվականի առաջին եռամսյակով Հայաստանի Հանրապետության 17000 քաղաքացի ավելի է վերադարձել, քան հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։ Սա, մի կողմից, լավ է, իհարկե, և ի կատարումն հայրենադարձության մեր քաղաքականության, բայց, մյուս կողմից, շատ լեգիտիմ հարց է բարձրացվում. այդ մարդիկ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն, ինչպե՞ս են ապրելու և ինչո՞վ են զբաղվելու:

Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ հայտարարել, որ մենք որոշում ենք կայացրել, որ այս տարի կազդարարենք կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր: Այսինքն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմեկնարկի շուրջ՝ ավելի քան 100, այս փուլում ասում եմ միայն կրթական և առողջապահական օբյեկտների շինարարության մեկնարկի մասին, և մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք մեր արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցներին, ընդ որում՝ ոչ միայն այս տարի, այլ նաև մյուս տարի, որովհետև այդ սկսած կառուցապատումները, բնականաբար, մինչև տարվա վերջ չեն ավարտվելու և մյուս տարի շարունակվելու են: Բայց մենք ունենք մտավախություն, որ կառավարությունը կհայտարարի մրցույթները, կառավարությունը կհատկացնի ֆինանսավորումը, հիմա հարցը հետևյալն է Հայաստանի Հանրապետությունում կա՞ն արդյոք ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, կհաղթեն մրցույթներում, կիրականացնեն այդ շինարարությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Սա մեր ամենամեծ մտավախությունն է, և նախորդ տարվա փորձը մեզ թույլ է տալիս նման մտավախություն ունենալ, որովհետև գործնականում նախորդ տարի մենք շատ լայն ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրեցինք, և նախորդ տարի գործնականում շինարարական 100 տոկոսանոց պոտենցիալը ներգրավված էր աշխատանքի մեջ: Այսինքն, եթե մենք նախորդ տարի ուզենայինք, այսինքն՝ ուզում էինք, կարող էինք կրկնակի ֆինանսները դնել, մենք այդ ճանապարհները չէինք կառուցի, որովհետև ճանապարհ կառուցող ընկերությունները չկան: Ես ձեզ ուզում եմ բերել մեկ օրինակ. հիմա սկսվել է Տավուշի մարզի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգումը, ընդ որում՝ ուզում եմ արձանագրել, որ այդ ճանապարհը երբեք ասֆալտապատված չի եղել այնպես, ինչպես հիմա, բայց մենք ճանապարհը փորձում ենք վերանորոգել արդեն մեկ տարուց ավելի: Մենք մրցույթ ենք հայտարարում, և այդ մրցույթին ընկերություններ չեն մասնակցում: Ինչո՞ւ չեն մասնակցում ընկերությունները, որովհետև այդ ընկերություններն այնքան մրցույթների են մասնակցել, այնքան են շահել, որ իրենք էլ ի վիճակի չեն ավելի շատ աշխատանք անել:

Ուրեմն, այս 100 կրթական և առողջապահական օբյեկտների մասին հայտարարելով՝ իմ կոչն է մեր շինարարության ոլորտի կազմակերպություններին, որ կոնսոլիդացնեն իրենց ուժերը, առաջիկայում արդեն մրցույթներն կհայտարարվեն, և  հույս ունեմ, որ մեզ կհաջողվի գալ համագործակցության այնպիսի մակարդակի, որ մենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների համար ոչ միայն աշխատատեղ կապահովենք, այլև շատ լուրջ ներդրումներ կիրականացնենք առողջապահության և կրթության բնագավառում:

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ խոսել նաև 2019 թվականին և այսօրվա դրությամբ հաստատված քաղաքական իրավիճակի մասին, որովհետև, ինչպես հայտնի է, ժողովրդավարությունը մեր ծրագրի կարևորագույն դրույթներից է: Շատ կարևոր է արձանագրել, թե քաղաքական ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում: Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն: Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է: Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, և ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում: Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը, որն ի վիճակի լինի Հայաստանում կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունություն է հաստատված, և հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է տպավորիչ անգամներով աճ՝ միջազգային ժողովրդավարական հանրության ետնախորշերից տեղափոխվելով միջազգային ժողովրդավարական հանրության, թույլ տվեք ասել, առաջնաբեմ:

Ի՞նչ խնդիրներ մենք չենք կարողացել լուծել 2019 թվականին։ Մենք չենք կարողացել լուծել Հայաստանի Հանրապետությունում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, և ես ուզում եմ ասել, թե մենք ինչու չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական իշխանության հարցը: Դրա համար կա, գոյություն ունի մեկ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ: Ես ուզում եմ սա շատ հստակ լինի բոլորիս համար: Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատական համակարգ: Որովհետև եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք: Ընդ որում՝ դրա համար 1-2 զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, ժողովրդավարությունը միայն պետք է առաջընթաց ապրի: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ անկախ դատական համակարգն այսօր մեր տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է, և մենք այստեղ պետք է հետևողականորեն առաջ անցնենք:

Ո՞րն է եղել 2019 թվականի մեր ամենամեծ ձախողումը: Մեր ամենամեծ ձախողումը 2019 թվականի և մինչև օրս շարունակվող Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել: Եվ ես պետք է խոստովանեմ, որ, այո՛, մենք այդտեղ ունենք անհաջողություն: Այդ անհաջողությունն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Չնայած զուտ վիճակագրորեն, ես ասել եմ դրա մասին, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը 2019 թվականին պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում: Ե՛վ Ազգային Անվտանգության ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, և՛ Ոստիկանությունը նախկինի համեմատ պետական բյուջե վերադարձված գումարների թվերը տասնապատկել են: Բայց, միևնույն է, ես համարում եմ, որ մենք այս ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ: Այդ անհաջողություններն ունեն մի քանի շերտեր, և ուզում եմ այդ մի քանի շերտերի մասին խոսել:

Առաջինը՝ ուզում եմ լիարժեք խոստովանել, որ մեր դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ, և այն, ինչ ունենք, թեկուզ այն արդյունքները և նախադրյալները, որ ունենք, ունենք այդ բարձր պրոֆեսիոնալների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ: Ես նախկինում երբեք չեմ ասել, որվովհետև ուզել եմ համոզված լինել, նոր ասել, չեմ ուզեցել դեկլարատիվ և քաղաքական հայտարարություն անել: Բայց ասում եմ, որ այսօր Հայաստանի դատական համակարգում, իրավապահ համակարգում կան բարձր պրոֆեսիոնալ նվիրյալներ, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության կամ որևէ իշխանության նկատմամբ, նրանք նվիրված են իրենց աշխատանքին: Ես հիմա չեմ ասի նրանք ինչ տոկոս են կազմում՝ ընդհանուր ֆոնը չփչացնելու համար, բայց մեր դատաիրավական և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ, և կան դավաճաններ, և դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են պայմանականորեն: Հիմա շատ լեգիտիմ հարց կլինի՝ բա այս երկու տարի է ինչո՞վ էիք զբաղված։ Զբաղված էինք հետևյալով՝ երբեք չենք ուզեցել և հիմա էլ չենք ուզում թացը չորին խառնել:  Եվ ես էլի ուզում եմ հիշել աստվածաշնչյան հայտնի պատմությունը, որը վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ վկայակոչել եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում՝ Սոդոմի և Գոմորի կործանման պատմությունը և այս համատեքստում Աբրահամի և Աստծո երկխոսությունը: Երբ իմանում է Սոդոմի և Գոմորի կործանման մասին, հարց է տալիս՝ եթե այդ քաղաքում 50 արդար լինի, կկործանե՞ս այդ քաղաքը՝ 50 արդարների հետ միասին, պատասխանը լինում է հետևյալը՝ ոչ, չեմ կործանի: Լավ, եթե 10 արդար լինի, կկործանես, ասում է՝ ոչ, եթե 10 արդար լինի, նրանց շնորհիվ չեմ կործանի այդ քաղաքը: Բանը հասնում է նրան, որ եթե մեկ արդար լինի, և Աստված լուծում է գտնում,  ասում է՝ այդ մեկ արդարին կհանեմ քաղաքից և մնացածի հարցը լուծեմ: Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրպետության  դատական, դատաիրավական համակարգում կան պայմանականորեն 10 կամ 50  արդարներ և Հայաստանի Հանրապետության կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդուքար չի արել, չի ավերել միայն այդ պայմանականորեն 10  կամ 50 արդարների շնորհիվ: Ես ուզում եմ այս ամբիոնից այդ 50 արդարներին  շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից և ուզում եմ ասել հետևյալը. չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց հիմա ես 100 տոկոսով համոզված եմ՝ չգիտեմ երբ, ինչ ժամանակացույցով, դա քննչական և դատական մարմինները կասեն, բայց, թույլ տվեք, 100 տոկոսով համոզվածություն հայտնել, որ ընթացող քննությունների արդյունքներով՝ ոչ թե 99, այլ 100 տոկոսով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, իր բոլոր գործող անձանցով, իր բոլոր մեխանիզմներով և իր ամբողջ դրամաշրջանառությամբ: Եվ համոզված եղեք՝ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ, և Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացվածը կվերադարձվի: Ուզում եմ նաև շնորհակալություն և գոհունակություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, և մենք առաջիկայում կունենանք բավարար գործիքակազմ՝ ժողովրդից գողացվածը ետ բերել ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական ընթացակարգերով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

ՀՀ վարչապետի ելույթն Ազգային ժողովում․ ՄԱՍ 1


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]