Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան քոլեջի սաները պատվավոր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթ-փառատոնում

Երևանյան քոլեջի սաները պատվավոր մրցանակների են արժանացել միջազգային 
մրցույթ-փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի նվագախումբը, քոլեջի սան Մարիամ Նիկոլյանը մրցանակային առաջին տեղերն են զբաղեցրել Վիտեբսկում կայացած արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում: Այն անցկացվել է հունվարի  8-10-ը առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի դասախոս, երգիչ Վրեժ Կիրակոսյանն ասաց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպում է էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն:

Նրա խոսքով՝ Հայաստանը մրցույթ-փառատոնին մասնակցում է առաջին անգամ: Նախորդ տարի Կիրակոսյանը հրավիրված է եղել որպես ժյուրիի անդամ: Այս տարի՝ ևս: «Կարծեցի՝ լավ կլինի, եթե Հայաստանն իր մասնակցությունն ունենա այդ նախաձեռնությանը: Մեր քոլեջի սաները բազմաժանր մրցույթին ներկայացել են տարբեր կատեգորիաներում: Մասնակցել են «Գործիքային երաժշտություն», «Վոկալ», «Խորեոգրաֆիա», «Կերպարվեստ» անվանակարգերում»,-տեղեկացրեց Կիրակոսյանն ու հավելեց, որ մրցույթ-փառատոնում հանդես է եկել ավելի քան 600 մասնակից ԱՊՀ, եվրոպական մի շարք երկրներից և ԱՄՆ-ից:

«Գործիքային երաժշտություն» անվանակարգում առաջին պատվավոր մրցանակի է արժանացել քոլեջի նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Խաչիկ Սահակյանն է: Ուսանողներ Արա Հովհաննիսյանը (հարվածային գործիքներ) և Էրիկ Հարությունյանը (կիթառ)՝ 2-րդ կարգի  դափնեկիրներ են դարձել:

«Վոկալ» անվանակարգում քոլեջի ուսանողներ Վահագն Կարապետյանը, Գարիկ Սիմոնյանը և Մարիա Խանդանյանն արժանացել են երկրորդ մրցանակին։

«Խորեոգրաֆիա» անվանակարգում Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պարային համույթը դարձել է 3-րդ աստիճանի դափնեկիր:

«Կերպարվեստ» անվանակարգում քոլեջի շրջանավարտ Մարիամ Նիկոլյանն արժանացել է 1-ին պատվավոր մրցանակին, իսկ ուսանողներ Ազատ Շափաղաթյանը և Անուշ Մայիլյանը՝ «3-րդ աստիճանի դափնեկիր» մրցանակին: 

«Քանի որ «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի տնօրինությունը հավանել է մեր նվագախումբն ու նրա ելույթները, հնարավոր է՝ մեր բենդը «Սլավյանսկի բազարի» շրջանակներում հանդես գա «Հայաստանի մշակույթի օրեր» համերգային միջոցառմանը: Այդ ուղղությամբ հիմա պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Նախատեսում ենք ներկայացնել Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, քանի որ այս տարի լրանում է նրա 100-ամյակը»,-եզրափակեց Վրեժ Կիրակոսյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]