211652_close_icon
views-count3884 դիտում article-date 21:45 20-02-2019

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ տեղի է ունենում համալսարանական գիտամշակութային կարևոր իրադարձություն՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի և ԵՊՀ-ի կողմից հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը: «Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հետ: Այս ընթացքում հասցրել ենք համատեղ շատ միջոցառումներ անցկացնել»,- ասաց Մ. Սողոմոնյանը: Մենուա Սողոմոնյանը պատմեց Արցախում սեպտեմբերին տեղի ունեցած առաջին միջոցառման՝ երիտասարդական գիտաժողովի մասին, որը նվիրված էր Հայոց պետականության հիմնախնդիրներին: «ԵՊՀ դասախոսներն ու ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան այդ գիտաժողովին, և ուրախալի է, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում հրատարակության երաշխավորեց «Գիտական Արցախ» պարբերականը, որն իր մեջ ներառում է այդ գիտաժողովի լավագույն հոդվածները», - հավելեց պարոն Սողոմոնյանը: Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱԵԳՄՄ-ի նախագահ Ավետիք Հարությունյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության և համատեղ իրականացված աշխատանքների համար, ապա հակիրճ ներկայացրեց ԱԵԳՄՄ-ի գործունեությունը, կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև «Գիտական Արցախ» հանդեսի բովանդակությունն ու խմբագրական կազմը, որի մեջ ներառված են և՛ արցախցի, և՛ օտարերկրացի գիտնականներ: ««Գիտական Արցախ» պարբերականի խմբագրությամբ զբաղված օտարերկրացի գիտնականները, որոնց հոդվածները նույնպես տպագրվել են այս պարբերականում, հնարավորություն են ունեցել այդ ընթացքում Արցախը ճանաչելու նաև իր ակադեմիական ներուժով»,- նշեց Ավետիք Հարությունյանը: Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան նաև խմբագրական խորհրդի մի քանի անդամներ և հոդվածագիրներ: Քաղ. գիտ. դոկտոր, դոցենտ Խաչիկ Գալստյանի խոսքով, «Գիտական Արցախ» պարբերականի հրատարակումը ստեղծագործ գիտնականի համար նման է զավակ ունենալուն. «Այս պարբերականը ստեղծագործ, հոգևոր ժառանգություն է, և դեռևս անցած տարի՝ Արցախում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, ես նշեցի, որ Արցախը մեր նորագույն պատմության լուսավոր, ինքնաոգեշնչման և ինքնանվիրաբերման կետն է»: Ըստ բանախոսի՝ «Գիտական Արցախ»-ը պետք է դառնա գիտական դիվանագիտության առանձին ճյուղ, որն անհրաժեշտ է միասնականորեն զարգացնել: Պարբերականի խմբագրական կազմի անդամ, ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հավաստմամբ, պարբերականը շատ կարևոր հարթակ է, որտեղ ինչպես դասախոսները, այնպես էլ ուսանողները կարող են իրենց հոդվածները տպագրել: «Ամեն մի քայլ, որն արվում է Արցախի գիտական, մշակութային կյանքում, կարևոր ներդրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացի մեջ»,- շեշտեց պարոն Քեռյանը: Գարիկ Քեռյանը խորհուրդ տվեց նաև տարվա վերջում լավագույն հոդվածներն անգլերեն թարգմանել: Ելույթով հանդես եկավ նաև խմբագրական կազմի անդամ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը. «Արցախն այսօր որակական բոլորովին նոր հարթության վրա է, որտեղ կարևոր նշանակություն ունի նաև երկրի գիտական կյանքը: Գրախոսելով լրագրության բաժինը՝ պետք է փաստեմ ներկայացված աշխատանքների բարձր որակի մասին»: Ավետիք Հարությունյանը, մեկնաբանելով «Գիտական Արցախ» անվան ընտրությունը, նշեց, որ այն նպատակ ունի առաջին հերթին օտարերկրացիներին ցույց տալու, որ Արցախը միայն կոնֆլիկտային գոտի չէ: «Արցախ ասելով՝ շատ հաճախ օտարերկրացիները պատկերացնում են միայն պատերազմական գոտի, չլուծված հիմնախնդիր, Ադրբեջանի հետ տարաձայնություններ,-մանրամասնեց պարոն Հարությունյանը,- մեր նպատակն է Արցախին ներկայացնել գիտական և ակադեմիական տեսանկյունից, քանի որ այն հարուստ է նաև գիտական կյանքով ապրող մարդկանցով»: Մեզ հետ ունեցած հարցազրույցում պարոն Հարությունյանը նշեց, որ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայ և օտարերկրյա հայտնի գիտնականներն իրենց աշխատանքներով կարող են հարստացնել ինչպես Արցախին վերաբերող հետազոտությունները, այնպես էլ նպաստել Արցախի ճանաչելիությանն ամբողջ աշխարհում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր