Միրզոյան․ Եթե Բաքվի հայտարարությունները խաղաղությանը պատրաստ լինելու մասին ճիշտ են, ինչու ենք դեռ պայքարում գերիների համար

Միրզոյան․ Եթե Բաքվի հայտարարությունները խաղաղությանը պատրաստ լինելու մասին ճիշտ են, ինչու ենք դեռ պայքարում գերիների համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իտալիայի Թուրին քաղաքում Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանում ունեցած ելույթում, անդրադառնալով Ադրբեջանի՝ խաղաղությանը պատրաստ լինելու հայտարարություններին, ասել է, որ եթե դա ճիշտ է, ինչու ենք դեռ պայքարում գերիների վերադարձի, մարդկանց մշակութային իրավունքների համար։

«Ականատես ենք լինում անվտանգության ճարտարապետության վերահաս անկմանը, որը, իհարկե, վերջերս՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում չէ, որ սկսվել է:

Մենք երկու տարի առաջ զգացինք բազմակողմանիության խափանումը և միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ:

Երկու տարի է անցել այս սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության:

Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է:

Կարող եմ շարունակել նոր օրինակներ բերել, բայց հակիրճ կլինեմ. ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել»,-ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ:

«Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն, մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում, Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, պատասխանել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության Երևանի ներկայացրած տեսլականի մասին հարցին։ Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմի համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---