1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՄԱՍ 1

 100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում 4-րդ անգամ հրապարակել է «100 փաստ Նոր Հայաստանի մասին»: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված հաղորդագրությունը մի քանի մասով:

1. Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, որից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այսօրվա դրությամբ բաշխվել է է 84.4 մլրդ դրամ, որից օգտվել է 48400 իրավաբանական և շուրջ 1.1 մլն ֆիզիկական անձ:

Հակաճգնաժամային 1-ին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարող սուբյեկտների ձեռք բերած 31,7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները՝ աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը ամբողջությամբ, վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը՝ 6-10 տոկոսով, վարկը հասանելի է 2-6 տոկոսով: Վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

2. Հակաճգնաժամային 2-րդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.3 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0 տոկոսով: Բացի դա, կառավարությունը 6 մլրդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:

3. Հակաճգնաժամային 3-րդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-ից 500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարող սուբյեկտների 8.3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում՝ 0 տոկոս, երկրորդ տարում՝ 0 տոկոս, երրորդ տարում՝ 12 տոկոս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում:

4. Հակաճգնաժամային 4-րդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողներն ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2093 քաղաքացի, բաշխվել է 209 մլն դրամ:

5. Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ 2-ից 50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ծրագրից օգտվել է 13934 տնտեսվարող, որտեղ աշխատում են 78412 աշխատակիցներ: Միջոցառման շրջանակում արդեն իսկ բաշխվել է 2.2 մլրդ դրամ:

6. Հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, ովքեր չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68.000-ական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 7925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 մլն դրամ:

7. Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100.000-ական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 9475 կին, բաշխվել է 921 մլն դրամ:

8. Հակաճգնաժամային 8-րդ միջոցառմամբ կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերն ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120828 քաղաքացի, բաշխվել է 8 մլրդ 240 մլն դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:

9. Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 166122 երեխա, բաշխվել է 4.4 մլրդ դրամ:

10. Հակաճգնաժամային 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներն ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն՝ 317 մլն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։

11. Հակաճգնաժամային 11-րդ, 12-րդ և 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝

- բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ, - էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25.000 դրամ - խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3000 դրամ:

Ծրագրից օգտվել է 486434 ընտանիք, բաշխվել է 4.7 մլրդ դրամ:

12. Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքներն ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84810 ընտանիք, բաշխվել է 1.2 մլրդ դրամ:

13. Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողներ, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) բարձր է 90-ից, ստացել են 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները՝ 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 մլրդ դրամ:

14. Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչև 10000 դրամ: Ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։

15. Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 մլն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներ։

16. Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-ից 100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել, իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել են ոչ ավելի, քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ՝ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով:

17. Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50000 սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13000 դրամ արժողությամբ։

18. Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:

19. Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100000 թեստեր, և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես, Հայաստանին կմատակարարվեն լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ։ Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է նաև ալկոգելերի արտադրությանը:

20. Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի, որովհետև մեծ հավանակություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս կունենանք։

21. Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները, արտակարգ դրությամբ պայմանավորված, վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485000 ֆիզիկական անձանց և ավելի քան 15000 իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768150 վարկ և իրավաբանական անձանց 16875 վարկ:

22. Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբերը ներառյալ։

23. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500.000 դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 մլն 500.000 դրամ:

24. Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23000 ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան՝ այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը:

25. Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0․5-0.6 տոկոս թանկացումները չեզոքացվել են։

26. Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն։

27. 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1 տոկոս կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

28. 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով։ Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7 տոկոս աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41 տոկոսով։

29. 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 մլն գործարք, ինչը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2.5 մլն գործարքով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 48 տոկոսով կամ 1.6 մլն գործարքով: Օտարերկրյա քարտերից 2019 թվականին ստացվել է 178 մլրդ դրամի գործարք, ինչը 2017 թվականի նկատմամբ ավելի է 44 տոկոսով կամ 54 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 28 տոկոսով կամ 38 մլրդ դրամով:

30. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3 տոկոսով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4 տոկոս), մրգային գինիների (70.8 տոկոս), խաղողի գինու (25.3 տոկոս) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3 տոկոս) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5 տոկոսով:

31. 2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը, 2018 թվականի համեմատությամբ, աճել է 30 տոկոսով: Ըստ տեխնոլոգիական վարչական ռեգիստրի տվյալների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը 2020 թվականի առաջին եռամսյակում, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 26 տոկոսով։ 2020 թվականի մայիսի սկզբի դրությամբ՝ ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն: Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020 թվականներին կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել է հայրենադարձների կողմից:

32. 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3 տոկոս՝ նախորդ տարվա ցուցանիշի՝ 20.95 տոկոսի համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը այլ հավասար պայմաններում համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 1 տրլն 61 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ ավելի է շուրջ 254 մլրդ դրամով կամ 31 տոկոսով։

33. 2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48 տոկոսով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը, մի կողմից, համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, մյուս կողմից, վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը: Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3 տոկոսով կամ 7 մլրդ դրամով և կազմել 245 մլրդ դրամ։

34. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի նվազում է արձանագրվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020 թվականի հունվար-մարտին կազմել է 171 անգամ՝ նախորդ տարվա 179 և 2018 թվականի 181 անգամի փոխարեն:

35. 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում է 49.5 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով, իսկ 2018 թվականի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։

ՄԱՍ 2

ՄԱՍ 3


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]