×


Նարինե Գրիգորյանը «Պարոն Ազնավուր» ֆիլմում կմարմնավորի մեծն շանսոնյեի մորը

Մայիսի 30-ին Ֆրանսիայում մեկնարկել են հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմի դերասանական կազմում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:

Այդ մասին BRAVO.am-ին հայտնել է նրա ամուսինը՝ դերասան Սերգեյ Թովմասյանն՝ իր փայտե աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Խոսելով իր մուսայի եւ ոգեշնչման աղբյուրի մասին՝ նա ցավով է նշել, որ կինը կողքին չէ:

«Նա Փարիզում նկարահանվում է Ազնավուրին նվիրված ֆիլմում. մարմնավորում է շանսոնյեի մորը: Նարինեն քասթինգի է մասնակցել ու հաստատվել դերի համար»,- ասել է Թովմասյանը:

Թատրոնում իր տարբերվող ու յուրահատուկ դերերով ու բեմադրություններով հայտնի Գրիգորյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում`«Կյանք ու կռիվ. 25 տարի անց», «Եվա», «Ամերիկացին», «Սողոմոնի երգերը», «Երբ որ քամին հանդարտվի»:

«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումները Փարիզում ավարտվելուց հետո սեպտեմբերին շարունակվելու են Սոֆիայում: Աշխատանքը մեծ էկրաններին հայտնվելու է 2024 թվականի գարնանը, հայտնում է Variety-ն:

Դեռ փետրվարին հայտնի էր դարձել, որ Շառլ Ազնավուրի դերում նկարահանվելու է 41-ամյա Թահար Ռահիմը: Ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասանը «Սեզար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների է արժանացել «Մարգարե» եւ «Մավրիտանացին» ֆիլմերի համար: Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում մարմնավորել է Նազարեթ Մանուկյանին:

Կենսագրական «Պարոն Ազնավուր» ֆիլմը նկարահանելու են Մեհդի Իդիրը եւ Ֆաբիեն Մարսոն (Grand Corps Malade): Ֆիլմի համապրոդյուսերն է Ազնավուրի կրտսեր դստեր՝ Կատյայի ամուսին Ժան-Ռաշիդ Կալուշը: Ազնավուրի գաղափարն է եղել, որ ֆիլմում հիմնականում տեղ գտնեն նրա կարիերայի սկզբնական շրջանի իրադարձությունները՝ զրոյից դեպի փառք:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին