211652_close_icon
views-count29431 դիտում article-date 16:25 31-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Մ. Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցն այսուհետ ունի արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած իր սաների հիշատակը հավերժացնող հուշաքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մայիսի 30-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի բակում մեծարման ու հիշատակի միջոցառում է տեղի ունեցել։

Արցախյան 44-օրյա պատերազմում, ցավոք, զոհվեցին նաև Մ. Գալշոյանի անվան թիվ 18 դպրոցի շրջանավարտներ Արթուր Բալասանյանը, Վահե Գրիգորյանը, Հայկ Մելիքյանն ու Ռոբերտ Պետրոսյանը, ու հիմա արդեն դպրոցի բակում տեղադրվել է լեգենդ դարձած այս հերոս տղաների հիշատակը հավերժացնող հուշաքար։ 

Բացմանը ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ դասընկերներն ու զինակից, հերոսածին մայրեր, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ներկայացուցիչներ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Մինչ հուշաքարի բացումը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, ապա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա. Ազատյանն ու դպրոցի տնօրեն Ե. Դավթյանը իջեցրեցին սպիտակ սավանը, ապա այն օծվեց հոգևոր հովվի կողմից։ 

Օծումից հետո հերոսների հարազատներն ու ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա կենդանի կատարմամբ հանդես եկան դպրոցի սաները։ 

Ֆոտոլրագողի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Այս հուշաքարը դառնալու է հպարտության խորհրդանիշ, ու ամեն անգամ, երբ այցելենք դպրոց, այս տարածքը, որ ամբողջությամբ բարեկարգվել և վերածվել է ծաղկապատ պուրակի, կահավորվել նոր նստանարաններով ու կանաչապատվել, մեզ զգոնություն է տալու, որ այս տղաները՝ հանուն Հայաստանի ու Արցախի, զոհաբերեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, ու իզուր չէ, որ թե նրանց, թե բոլոր առյուծ ու արծիվ տղաների համար է ասվում «Ձեր կյանքը տվեցիք՝ հանուն մեր կյանքի», ու հիմա մենք՝ ի լուր աշխարհի, ասում ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 378+
378+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր