Մատչելիության հղումներ

Երիտասարդ մայրը պնդում է՝ անչափ սպասված երեխայից հրաժարվելու համաձայնությունն իրենից կորզել են


4 տարի առաջ զույգ աղջիկներ ունեցած այս ընտանիքը քննիչից ստացած տեղեկությունից ուշքի չի գալիս։ 7 տարի երազանքով երեխայի սպասած կինը Հանրապետական ծննդատանն էր թողել իր երկվորյակ աղջիկներից մեկին, որը, ըստ բժիշկների, ուներ մահացու հիվանդություն։ Իրավապահները սակայն բացահայտել են, որ երկարատև սպասումից հետո վերջապես մայրացած կնոջ՝ ծննդատնից հեռանալուց հետո երեխային ապօրինի որդեգրել են ու, նախնական տվյալներով, տարել են արտերկիր։

Կինը, որի անունը չենք հայտնում նախաքննությանը չվնասելու համար, դժվար հղիություն է տարել։ Անընդհատ եղել է բժիշկների հսկողության տակ։ Վաղաժամ ծննդաբերելուց հետո երկու ամիս երեխաները ևս մնացել են ծննդատանը, հատուկ պայմաններում։ Կինն ասում է, որ բժիշկները միշտ նշել են, որ երեխաների վիճակը կայուն է։ Ընդ որում, երեխան, որ այժմ իր հետ չէ, ավելի մեծ քաշով էր ծնվել. – «Որ պետք ա արդեն դուրս գրեին, մեկ էլ էկան, որ քու էրեխեն խնդիր ունի: Էրեխեքի ռեանիմացիայի բժշկուհին կանչեց, թե վարիչն ուզում ա քո հետ անձամբ խոսա: Մտա վարիչի սենյակ, լրիվ ըտեղ էին բժիշկները: Ասավ` դու գիտե՞ս, քո էրեխեն լուրջ խնդիր ունի: Ես էդ պահին շոկի ենթարկվեցի: Ասի` մինչև հըմի դուք չեք ասել, որ խնդիր ունի… ասի` ի՞նչ խնդիր, ասավ` գլխի հետ… Ինքը տեսքից նորմալ էրեխա ա, ինքը ոչ մի կասկածելի բան չի ունեցել, պրոստը իրանք ասին` ինքը չի ապրի երկար, թթվածինով ա ապրում…»

Ծանր կացության մեջ հայտնված երիտասարդ մայրը պնդում է՝ անչափ սպասված երեխայից հրաժարվելու համաձայնությունն իրենից կորզել են։ Ձեռքի տակ նրա առողջական խնդիրների մասին որևէ տեղեկանք չունի: Բժիշկներն այդպես էլ չեն տրամադրել։ Մինչև այսօր էլ ականջներում հնչում են ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կոպիտ խոսքերը. – «Ինձ ասավ` չես կարում էրեխա պահես, չբերեիր: Ասի` ես չեմ եկել ասեմ էրեխից հրաժարվում եմ, ես պահանջում եմ իմ էրեխի փաստաթղթերը, դուք ինձ դիագնոզ տվեք: Ասավ` դուրս էկեք, սենյակս ազատեք: Եթե չեք ուզում ուժ գործադրեն, սենյակը ազատեք»:

Այս տարեսկզբին ապօրինի որդեգրումների դեպքերով քրեական գործ է հարուցվել։ Մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան երկարամյա տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին։ Նա մեղադրվում է երեխային ծնողից ապօրինի բաժանելու կամ փոխելու համար։

Ավելի ուշ իրավապահ մարմինները հայտարարեցին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից հայաստանցի երեխաների առք ու վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծված է եղել հանցավոր խումբ: Ծննդատան աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից։ Իսկ հանցավոր խմբում ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով ու համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ։

Քննչական մարմնի երկու ամիս առաջ հրապարակած հաղորդագրության համաձայն, 2005-19 թվականներին Հայաստանի քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում արտերկրից փոխանցվել է ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 դոլար ապօրինի որդեգրված երեխաների դիմաց։ Բանկային փոխանցման նպատակ դաշտում նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները։

Հայաստանի մարզերից մեկում ապրող այս ընտանիքը ապօրինի որդեգրումների զոհերից մեկն է։ Զույգ աղջիկներ ծննդաբերած կինն ասում է. – «Ես մինչև վերջ գնալու եմ... ես պետք ա գոնե մի անգամ տենամ իմ էրեխին»:

XS
SM
MD
LG