«Երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի». Մոդեստ Կոլերով

Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

– Պարոն Կոլերով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հայտարարություններից հետո, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գործընթացի շրջանակում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծավալուն հայտարարություն տարածեցին` անդրադառնալով պաշտոնական Երևանի այս պահանջներին, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև կարգավորման սկզբունքներին ու տարրերին՝ Մադրիդյան սկզբունքներին։ Այս հայտարարությունը Երևանում և Արցախում բավականին լուրջ անհանգստությունների առիթ դարձավ։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

– ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում. խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև։ Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես աառաջարկում են կողմերին, և այդ պաշտոնական փաստաթուղթը երկար ժամանակ թաքցվել էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հետ, այդ թվում՝ ներկայիս, նրանց ևս հայտնի էր։

Այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց այս մասին, պարզ է, որ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն։ Դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի ազգային շահերին։ Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման։ Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել։ Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին։ Ղարաբաղը պարզապես կվերանա։

– Բանակցությունների դադարեցումն էլ կնշանակի՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր վտանգ։

– Ոչ, չի նշանակի։ Հիշեք 2016 թվականը։ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման։ Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում։ Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան։

– Ձեր կարծիքով՝ հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ։

– Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի։ Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե՝ կարգավորման համար, այլ՝ բանակցություններ կապիտուլյացիայի համար։ Այդ դեպքում պետք է անկեղծ ասել՝ մենք բանակություններ ենք վարում կապիտուլիացիայի համար։ Ես կարծում եմ՝ դրան ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ղարաբաղը պատրաստ չեն։ Այս սկզբունքների հրապարակայնացումից հետո Ալիևի հետ բանակցություններն անիմաստ են, քանի որ հայտարարված սկզբունքներն արդեն իսկ Ալիևին դարձնում են հաղթանակած։ Ինչի՞ շուրջ բանակցել։ Պետք է իրականությունն ասել, որքա՞ն կարելի է փախչել այդ ճշմարտությունից, կրկնում եմ՝ դրանք վաղուց հայտնի Մադրիդյան սկզբունքներն են, մարդկանցից դա թաքցնում էին, հույսեր էին ներշնչում, թե ինչ-ինչ նրբություններ կան դրանցում։ Չկան նրբերանգներ, դա կապիտուլյացիա է, չի կարելի շարունակել բանակցությունները կապիտուլյացիոն սկզբունքներով, եթե չես ցանկանում կապիտուլյացիա Արցախի համար։ Եթե ուզում ես դա, հայտարարիր այդ մասին, քանի որ այդ սկզբունքները հանգեցնելու են ԼՂ ոչնչացմանը, քանի որ այդ սահմաններով ԼՂ-ն չի կարողանա գոյատևել, մարդիկ կհեռանան, տարածքը կլինի կրակի տակ և դատարկ։

– ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր վերջին համապարփակ հարցազրույցում գնահատելով ՄԽ հայտարարությունը՝ կարևոր ուղերձով էր հանդես եկել՝ նշելով, որ կարևոր է նոր իրատեսական մոտեցումներով հանդես գալ, և Արցախը միջնորդներից ակնկալում է նման մոտեցումներ, որովհետև հնացած մոտեցումների հիման վրա չի կարելի սպասել որևէ առաջընթաց: Ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախի ԱԳ նախարարի այս նկատառումը։

– Ես վաղուց եմ ճանաչում Մասիս Մայիլյանին։ Կարծում եմ՝ ես հասկանում եմ, թե ինչի մասին է նա խոսում։ Եթե ձեզ ձեռնտու չեն հայտարարված սկզբունքները, ապա դուք ունեք երկու տարբերակ դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնելու համար։ Դուք կարող եք դրանք որակել՝ որպես անընդունելի, կամ ասել՝ պատրաստեք նոր առաջարկներ։ Մայիլյանի խոսքերը փոխադրելով սովորական բառապաշարի, նշանակում է՝ այդ սկզբունքների անընդունելիություն։ Խորապես աջակցում եմ Մասիս Սամվելովիչին։

– Հենց այդ պատճառով ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց՝ որոշելու իր ճակատագիրը։ Դուք դե՞մ եք այս դիրքորոշմանը։

– Հարցն այն է, որ դա ճիշտ է, բայց բավարար չէ, քանի որ Արցախին թույլ չեն տալիս որոշել սեփական ճակատագիրը։ Հայտարարված սկզբունքները բացառում են հնարավորությունն Արցախի համար՝ որոշել սեփական ճակատագիրը։ Դա բավարար պատասխան չէ։ Հիմա արդեն հայտարարվել են սկզբունքները, պետք է առաջ անցնել։ Պետք է արձագանքել հայտարարվածին և ասել՝ կա՛մ ես ընդունում եմ սկզբունքները և դրանց մի մասն ընդունելի են ինձ համար, կա՛մ ձեռնտու չեն, չեմ ընդունում։ Մասիսն այդ մասին ուղիղ հայտարարեց, հիմա Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ կա՛մ ձեռնտու են այդ սկզբունքները, ինչը նշանակում է՝ կապիտուլյացիա, կա՛մ ձեռնտու չեն, եկեք սկսենք սկզբից։

– Ստեփանակերտում Հայաստանի և ԼՂ Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիկստի ընթացքում, ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հստակեցնել այդ սկզբունքների ընկալումները՝ հակամարտող կողմերի միջև լեզվակռիվներից խուսափելու համար։

– Հարցն այն է, որ ինձ համար հայտարարված սկզբունքներն այն մեկնաբանելու ոչ մի տարբերակ չունեն։ Դրանք շատ պարզ են, և իմ մոտեցումը պարզ է՝ կապիտուլյացիա, և այդ կապիտուլյացիան եղել է նաև նախորդների հետ, բայց Նիկոլն իմացել է այդ մասին վաղուց և կարող էր հայտարարել այդ մասին, բայց չարեց։ Իսկ հիմա նրան ստիպում են կողմնորոշվել, Մասիսը կողմնորոշվել է, կեցցե, հիմա դա պետք է անի Երևանը։

– Ո՞ր պարագայում Ձեզ համար առանց Արցախի մասնակցության՝ բարձրաստիճան բանակցություններն ընդունելի կլինեն։

– Եթե պետք է բանակցի այս սկզբունքները, ապա դրանք վնասակար հանդիպումներ են, եթե շփման գիծը խաղաղ պահելու համար պետք է հանդիպեն, ապա կարող են հանդիպել։ Դա կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրվելու։

Տեսանյութեր

Լրահոս