Բաժիններ՝

«Զվարթնոց»-ում վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:

Հայաստան է վերադարձել 132 մարդ;

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը Հուրգադայում հանգստանալու նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիներին ավելի վաղ հորդորել է ընդհատել հանգիստը և հայրենիք վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03:00-ին։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,- նշվել է հաղորդագրությունում:

ՀՀ կառավարությունը քննարկում է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:

Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:

Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:

Ըստ նախագծի, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվությանվարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս