Այվազովսկու ժառանգները Ղրիմ են այցելել

Այվազովսկու ժառանգները Ղրիմ են այցելել

PanARMENIAN.Net - Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում նշում են մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Այվազովսկու կտավների ամենամեծ հավաքածուն պահվում է Պետերբուրգի Ռուսական թանգարանում, մեծ հավաքածու կա նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Առաջին ծովանկարները Այվազովսկին վրձնել է դեռ Պետերգուրգի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին: 1838-ին Այվազովսկին մեկնել է Ղրիմ, որտեղ ծանոթացել է Ռուսաստանի ապագա հերոսների՝ Նախիմովի, Լազարևի, Կոռնիլովի հետ, ինչն իր ազդեցությունն է թողել նկարչի վրա՝ ծովային էտյուդներից ծնվել են ծովամարտեր պատկերող կտավները:

Ղրիմի Թեոդոսիա քաղաքի համար Այվազովսկին ոչ միայն խորհրդանիշ էր, այլ իսկական հայր. Նրա ակտիվ աջակցությամբ են կառուցվել նավահանգիստը, երկաթուղին, լուծվել է ջրամատակարարման հարցը: Այվազովսկին վախճանվել է 1900-ին՝ շրջապատված մերձավորներով և հարազատներով:

Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։

Մահից առաջ նկարիչն ասել է, որ մոտ 6000 կտավ է հեղինակել, սակայն, այժմ արվեստագետները մոտ 15.000 այդպիսի նկար են հաշվում՝ մեծ ծովանկարչին հաճախ են կեղծում և պատճենում: Այվազովսկին Հայաստանում և Ռուսաստանում ամենասիրվված նկարիչների թվին է պատկանում:

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ է այցելել:

Այվազովսկու ժառանգները

Մեծ ծովանկարչի ավստրալաբնակ ժառանգները ժամանել են Ղրիմ, որտեղ հուլիսի 29-ին հանդիսություններ են անցնում՝ նվիրված մեծ ծովանկարչի 200-ամյակին: Նրանց թվում են Ալեքսիս Անդրեյ Միլլերն ու Լուիզա Սելեստա Ռոսետոն, ինչպես նաև Ամանդա Մարի Թերեզա Ռոջերսը, որը Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրա Լապսիի գծով ազգական է: Նրանց հետ են նաև նրանց 6 երեխաները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սիմֆերոպոլում նկարչի ժառանգները ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների հուշարձանին՝ ավագ Գաբրիելի, որը Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր, և կրտսեր Հովհաննեսի:

«Մենք առաջին անգամ ենք հայրենիքում, որտեղ ծնվել, ապրել և ստեղծագործել է մեր մեծ նախնին: Երբ այստեղ ժամանեցինք, հասկացանք, որ այստեղ պահպանում են նրա հիշատակը ու հպարտանում են նրանով: Տանը մենք նրան պապիկ էինք անվանում: Իսկ Ղրիմ ժամանելով հասկացանք, թե որքան մեծ է նա»,-ասել է Ալեքսիս Միլլերը:

Նա հավելել է, որ ընտանիքում չկան Այվազովսկու կտավներ, նրանցից ոչ ոք մասնագիտորեն չի զբաղվում նկարչությամբ: Միլլերը բժիշկ-ուռուցքաբան է Սիդնեյի արվարձանում, նրա քույրը՝ Լուիզան՝ դասավանդում է համալսարանում, իսկ Ամանդան իրավաբան է: Ընդհանուր առմամբ Ավստրալիայում Այվազովսկու տոհմի 27 ժառանգ է ապրում:

Այվազովսկու ժառանգները հանդիպել են նաև Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք նրանց նկարչի 200-ամյակին նվիրված գրքեր և օրացույցներ են նվիրել, հյուրասիրել են հայկական ուտեստներով:

«Մեծ մարդիկ երկրներ ու մայրցամաքներ են միավորում, որի հաստատումն է մեծ ծովանկարչի ժառանգների ժամանումը Ղրիմ, որտեղ ծնվել է նրանց նախնին»,-ասել է հայկական «Լույս» բարեգործական հիմնադրամի նախագահը:

Այվազովսկու ժառանգները Ղրիմում կլինեն մինչև հուլիսի 31-ը, մասնավորապես, Թեոդոսիայում նրանք ծաղիկներ կդնեն Այվազովսկու գերեզմանին, կլինեն այն եկեղեցում, որտեղ նկարիչը մկրտվել է, և պատկերասրահում, որտեղ պահվում է նրա գործերի ամենամեծ հավաքածուներից մեկը:

Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը.«Մահկանացու ծվեց` թողնելով անմահ հիշատակ»:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---