Բաժիններ՝

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ միջազգային օլիմպիադայում հաղթել է սերբ Միլոշ Սրպսկոն

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում «Սինոփսիսի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում տեղի կունեցավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի մասնակիցների թվում են եղել 38 մասնակից` 18 երկրներից:

«Չեմ ուզում կրկնվել և խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորության մասին: Կարծում եմ` տեղեկատվական տեխնոլոգիաները վաղուց արդեն դադարել են գիտության, բիզնեսի առանձին ճյուղ լինելուց և դարձել են մի ընդհանուր միջավայր, որտեղ այդ ամենը գործում է միասին: Դժվար է հիմա գտնել մի որևէ ոլորտ, որն ինքնին կարող է զարգանալ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Ներկան արդեն այդպիսին է, և ապագան ևս այդպիսինն է լինելու: Բոլոր մրցանակակիրները ապահովելու են մեր արժանի տեղն ապագայում»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Սինոփսիս Արմենիա»-ն օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադային այս տարի մասնակցում էին երիտասարդներ Սերբիայից, Հորդանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելառուսից, Արգենտինայից, Բրազիլիայից, Սաուդյան Արաբիայից, Վիետնամից, Ուրուգվայից և այլ երկրներից:

Առաջին մրցանակակիրն է դարձել Սերբիայից Միլոշ Սրպսկոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայից Յե Դինգը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Ուրուգվայից Ֆաբիան Տորրեսը:

Այս տարի օլիմպիադայի մրցութային ծրագրում ընդգրկվել են հետևյալ թեմաները` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Միկրոէլեկտրոնիկայի առաջին օլիմպիադան անցկացվել է 2006 թվականին: ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել և ոգևորել երիտասարդներին, որոնք կարող են ներդրում ունենալ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում: Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, որոնցից 88-ը ներկայացրել են Հայաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս