«Եթե մենք այդպես ենք գնում, ուրեմն տանուլ ենք տվել մեր հեղափոխությունը». Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, ով Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության պատգամավորի թեկնածուներից է, ասում է՝ եթե իրենք հայտնվեն ԱԺ-ում, ապա կներկայացնեն առաջարկ՝ կապված արցախյան բանակցային խնդրի հետ:

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը բանակցային կողմ է, մեկ բառ անգամ չի ասում, թե արդյո՞ք Արցախը պետք է գնա Մինսկի խմբի համանախագահների մոտ ու քննարկում իրականացնի Մադրիդյան հայատյաց, պատերազմ խթանող սկզբունքների շուրջ: Եթե մենք այդպես ենք գնում, ուրեմն տանուլ ենք տվել մեր հեղափոխությունը:

Եթե Փաշինյանը տիրություն է անելու հեղափոխությանը, Արցախին պետք է ուղարկի ոչ թե մարդրիդյան սկզբունքների, այլ այլընտրանքային փաթեթների  շուրջ բանակցելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ավագյանը:

Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 29-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տանիքի ներքո միջազգային համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են Ավստրիայից, Բեյրութից, ՌԴ-ից, Բելգիայից, Արցախից, Հայաստանից ու այլ երկրներից: Թեման եղել է «Կասպից Արևմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» և  նվիրվել է Գանձակի 1988-1989 թթ. ինքնապաշտպանությանը, Գարդմանքի և Գանձակի հայաթափման 30-րդ տարելիցին, Գարդմանքում, Գանձակում, Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում 1987-1992 թթ. ցեղասպանության զոհերի, անհայտ կորածների հիշատակին:

«Առաջարկվեցին այլընտրանքային լուծումներ, որոնք կենսունակ են, կարող են դրվել միջազգային բանակցային քննարկման սեղանին՝ Մադրիդյան փաթեթը շպրտելով մի կողմ: Պետք է նշվի, որ 130 տարուց ավելի տարվում է հայության ցեղասպանություն և հիմա էլ շարունակվում է:

Ցեղասպանության վտանգի տակ ապրող երկիրն  այսօր շրջապատված է թշնամական երկու պետություններով: Ավելին՝ որպես ցեղասպանված ժողովուրդ, մենք առաքելություն ունենք պաշտպանելու տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների շահերը, օրինակ՝ թալիշների: Հետևելով թալիշական լրատվությանը՝ կտեսնեք, որ այնտեղ ինչ-որ խուճապ կա, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ, եթե ադրբեջանցիները արցախյան բանակցային գործընթացն ի շահ իրենց օգտագործեցին՝ հերթն իրենց է հասնելու: Թալիշներին մինչև հիմա չեն ոչնչացրել, ուծացման ճանապարհով են տանում, հիմա կգնան նաև ֆիզիկական ոչնչացման:

Մեսրոպ Մաշտոցը ժամանակին փափուկ, մշակութային ուժ  է կիրառել: Նա կարողացել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին  գիր ու գրականություն մատուցել, նրանց համար գրեր է ստեղծել: Մենք պետք է ակտիվ լինենք, տարածաշրջանի վերակազմավորման հարցը բարձրացնենք»,- նշեց Մարիամ Ավագյանը:

Նա հայտնեց նաև, որ  կառավարությանը հարցի վերաբերյալ ուղարկելու են մի շարք մշակված մոտեցումներ:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս